Կառավարությունը մերժում է ԲՀԿ-ին, որ 18 տարեկանները անմիջապես չտարվեն առաջնագիծ

Կառավարությունը մերժում է ԲՀԿ-ին, որ 18 տարեկանները անմիջապես չտարվեն առաջնագիծ

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում  ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Էդուարդ Բաբայանի և Գևորգ Պետրոսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որի էությունն այն է, որ հետայսու 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: ԲՀԿ-ականները առաջարկում են, որպեսզի առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն՝ ի՞նչ է առաջնագիծը և միայն 1 տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության:

Կառավարության եզրակացությունում, որը կցված է կառավարության վաղվա նիստում ընդգրկված   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավ­ի­ճակի մասին» օրենքի նախագծին, նշվում է, թե ՀՀ զինված ուժերում զինծառայողների պատրաստվա­ծու­թյան գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մար­տա­կան պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթա­պահությունում ընդգրկվելու համար:
Ըստ ՊՆ-ի՝ որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապա­հու­թյան մեջ: Նույն սկզբունքը գործում է նաև  «Ես եմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման գործընթացում:

«Ներկայացված նախագծի համաձայն՝ վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:

Բացի դրանից, նախագծում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է բացառություն, համաձայն որի համապատասխան զինծառոյողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել»,-գրել է կառավարությունը