Սերժ Սարգսյանի հարցազրույցի անհամոզիչ «մեսիջները»

Սերժ Սարգսյանի հարցազրույցի անհամոզիչ «մեսիջները»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ծավալուն հարցազրույց տվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Արցախյան երկրորդ պատերազմից հետո հետաքրքիր էր լսել նրա կարծիքը, քանի որ թե՛ իր նախագահության օրոք, թե՛ պատերազմից հետո նրան հաճախ մեղադրում են «հողերը տալու» մեջ…

Սերժ Սարգսյանը՝ պետական գործիչ 

Վերջին 2․5 տարում մենք ունենք երկրի այնպիսի ղեկավար, որի յուրաքանչյուր հարցազրույցից, հայտարարությունից կամ «լայվից» հետո հասարակության գիտակից մասը հայտնվում է գրեթե սթրեսային վիճակում: Նրա յուրաքանչյուր խոսքից հետո հասկանում ենք, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը: 2․5 տարի հակասական ու հիստերիկ ելույթներ լսելուց հետո, Սերժ Սարգսյանի խոսքից հասկացվեց նրա` պետական գործիչ լինելը: Անկախ իր պաշտոնավարման տարիներին թույլ տված մեծ ու փոքր սխալներից ու բացթողումներից, պարզվեց՝ Սերժ Սարգսյանը ե՛ւ պետական գործիչ է, ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագետ: Երբ նա խոսում է արցախյան հակամարտության դիվանագիտության նրբություններից, ակամա նրա խոսքը համեմատում ես բանակցությունները սեփական կետից սկսած Փաշինյանի խոսքի հետ… Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը ժամանակին այնպիսի սխալներ է թույլ տվել, ինչը հանգեցրեց 2018-ի իրադարձություններին: Թեեւ, եթե հասարակությունն իմանար, թե ինչի մեջ է հայտնվելու երկիրը` Նիկոլին իշխանության բերելով, դուրս չէր գա «Սերժին մերժելու»…

Այո, բանակը «սանատորիա» չէ, բայց նաեւ` կերակրատաշտ չէ 

Սերժ Սարգսյանը պատերազմի բովով անցած, Հայոց բանակի կայացմանը մասնակցած փորձառու ռազմական գործիչ է, ով գիտի սպառազինության կարեւորությունը, տիրապետում է մարտական ռազմավարության արվեստին, ինչը չի կարելի ասել բանակում չծառայած, բայց պատերազմում իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակածի մասին: Չանդրադառնանք Փաշինյանի պոպուլիստական հայտարարություններին, բանակը ելակով եւ «Արտ լանչով» կերակրելու ցուցադրական քաղաքականությանը:

Բայց հիշենք, թե նա ինչպիսի սուր քննադատությունների էր ենթարկում բանակում տիրող սոված-ծարավ, առանց «մայկա-տռուսիկ» իրավիճակները: Սերժ Սարգսյանը, անդրադառնալով դրանց, ասաց, որ «բանակը սանատորիա չէ», որ յուրաքանչյուր զինվորի ախորժակով սնունդ մատուցվի: Նա հերքեց, թե զինվորը ներքնաշորեր չի ունեցել, վատ է սնվել: Այստեղ Սերժ Սարգսյանն անկեղծ չէր. նա պարզապես պետք է խոստովաներ, որ բանակն այնպիսի հսկայական համակարգ է, որ դժվար է վերահսկել, թե պետության գրպանից դուրս եկած գումարը, որը պետք է հասներ զինվորին, քանի հոգու ձեռքով է անցնում, քանի հոգի է զինվորի «հացից» պոկում-տանում, եւ այդ ամենը ժամանակին անհրաժեշտ խստությամբ չի վերահսկվել: Չի վերահսկվել, թե զինվորի ու բանակի հասանելիքը որ նախարարի, գեներալի կամ հրամանատարի կնոջ զարդատուփի ու զգեստապահարանի մեջ է հայտնվել: Իսկ դրա փոխարեն զինվորին տավարի մսի փոխարեն հասել է, ասենք, գոմեշի միս… Այդ խնդիրները, տարբեր չափերով, եղել են բոլոր ղեկավարների օրոք, կա նաեւ այսօր, եւ ասել, թե հիմա ծնողներն իրենց զինվոր երեխաների համար սնունդ ու «մայկա-տռուսիկ» չեն ուղարկում, սուտ կլինի։

Փաշինյանին գցեց Կարեն Կարապետյանի «գրպանը»

Լրագրողի հարցին, թե երկրի համար ծանր իրավիճակում ինչպես իշխանությունը հանձնեց Փաշինյանին, երրորդ նախագահն ասաց, որ ինքն իշխանությունը հանձնել է ոչ թե «սրանց», այլ` Կարեն Կարապետյանին: Այստեղ նույնպես նա անկեղծ չէ. նա վարչապետի պաշտոնն արդեն վերցրել էր Կարապետյանի ձեռքից եւ այն փորձեց հետ հանձնել այն ժամանակ, երբ արդեն իրավիճակն անվերահսկելի էր, եւ հասարակությունը վարչապետի պաշտոնում ուզում էր տեսնել միայն Փաշինյանին: Հեղափոխական հրապարակը հավանություն էր տվել «Կա՛մ ես կլինեմ երկրի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» Փաշինյանի բազմանշանակ հայտարարությանը: Սարգսյանը պարզապես իշխանությունը Փաշինյանին հանձնելու մեղքն ուզում է բարդել Կարեն Կարապետյանի վրա: 

2018-ին հակաղարաբաղյան շարժում չէր, այլ՝ սոցիալական

Սերժ Սարգսյանը 2018-ի գարնան իրադարձությունները բնորոշեց որպես հակաղարաբաղյան շարժում: Դա ամենեւին էլ այդպես չէ. 2018-ին հասարակությունը դուրս էր եկել քրեաօլիգարխիկ կլանները, համակարգը, կուսակցական ու քաղաքական մենաշնորհը մերժելու, իր կյանքը բարեկեցիկ դարձնելու համար: Դա քաղաքական ու սոցիալական շարժում էր, բայց, ցավալիորեն, դրա հետեւանքները եղան հակաղարաբաղյան: 

Բա 10 տարի ինչո՞վ էիք զբաղված

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադարձավ այն իրողությանը, որը հանգեցրեց համաժողովրդական ցասման. դա իր վարչապետ ընտրվելն էր նախագահության պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո: «Ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից եւ այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար, հենց այդ պատճառով համաձայնեցի ընտրվել վարչապետ»: Ավելի ազնիվ կլիներ, եթե ոչ թե ասեր. «Ես համաձայնեցի ընտրվել վարչապետ», այլ` «Ես շատ էի ուզում մնալ վարչապետ»: Բացի այդ, բանակցային այդ գործընթացը կարելի էր ավարտին հասցնել պաշտոնավարման 10 տարիների ընթացքում: Հո վերջին պահին չիմացա՞վ, որ հրաժեշտ է տալու երկրի ղեկավարի պաշտոնին: Երկրորդ․ այդ բանակցային գործընթացը կարող էր շարունակել նաեւ Կարեն Կարապետյանը, ով նույն քաղաքական թիմի անդամ էր եւ թիմի արտաքին քաղաքական ծրագրից դուրս քայլեր չէր անի:

Սահմանադրական «կոստյումը» մոռացա՞ք

Սերժ Սարգսյանը, նկատի ունենալով Փաշինյանին, ասաց. «Ինքն իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը երկրի նախագահն է»: Սարգսյանը, հավանաբար, մոռացել է, որ ինքը Սահմանադրություն փոխեց, երկրի ղեկավարման իրավունքներն ու պարտականությունները դրվեցին վարչապետի վրա՝ նախագահին զրկելով լիազորություններից, ինչից էլ առաջացավ «Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում» հայտնի արտահայտությունը: Հավանաբար, Սարգսյանն այդ ժամանակ չէր կարող պատկերացնել, որ իր համար «կարված կոստյումը» հագնելու ու վայելելու է Նիկոլ Փաշինյանը: 

Բա «կռազի շոֆերին» որտեղի՞ց 30 մլն դոլար

Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով հերքել է, թե իր ընտանիքը կոռուպցիայի հետ որեւէ կապ ունի, ասել է, որ իր ընտանիքի անդամների նկատմամբ անհարկի քրեական գործեր են հարուցվում: Մինչդեռ օրերս իր փեսան՝ Միքայել Մինասյանը, եթերում հրապարակավ ասաց, որ Սաշիկի 30 մլն դոլարը Աննա Հակոբյանի հաշիվներում է: Խոսքը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մասին էր, ով, ասում են, իր «նախորդ կյանքում» եղել է «կռազի շոֆեր»: Մինասյանը չի գաղտնազերծել, թե երբեմնի «կռազի շոֆերն» ինչպես է այդքան գումար «վաստակել»: Իսկ թե ինչու են այդ գումարները Աննա Հակոբյանի հաշվի վրա հայտնվել, դա այլ պատմություն է, որը, հավանաբար, կբացահայտվի իշխանափոխությունից հետո: