Դավաճանություն, թե, այնուամենայնիվ, անմեղսունակություն

Դավաճանություն, թե, այնուամենայնիվ, անմեղսունակություն

Ի վերջո, Փաշինյան Նիկոլը անմեղսունակ է, թե դավաճան: Եվ այդ խնդիրը պետք է քննարկվի և լուծում ստանա՝ քանի դեռ նիկոլական 80-քանի ուսապարկերը չեն ընդունել այնպիսի օրենք, որը նման քննարկումը կդարձնի քրեական օրենսգրքով պատժելի հանցագործություն կամ առնվազն մի քանի հազար դոլարի տուգանքի հիմք: Այս խնդրի լուծումը հնարավորություն կտա նաև Նիկոլին հեռացնելուց հետո նրա նկատմամբ աշխարհի ամենաարդար դատաստանի կայացմանը: Դատաստանի, քանի որ բացարձակ չեմ կասկածում նրա՝ թիվ մեկ մեղավոր լինելու մեջ, ինչպիսին էլ լինի մեղավորության հիմքը՝ անմեղսունակությունը, թե դավաճանությունը:

Այսպիսով, եթե ենթադրենք, որ ինքը պետական դավաճան է և Արցախը վաճառել է Իլհամին 5 միլիարդ կամ թեկուզ 48 միլիոն դոլարով, ապա անհասկանալի են Արցախի պետական ինստիտուտներից (եթե չեմ սխալվում) խորհրդարանը Շուշի տեղափոխելու մտադրությունը, որի մասին բարձրաձայնվել էր նախքան պատերազմը, «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, Ղարաբաղյան կարգավորման սեփական՝ 6 թե 7 կետանոց սկզբունքները, իսկ դրանից առաջ Արցախի ներկայացուցիչներին բանակցությունների կողմ դարձնելու թեզը, պատերազմից մեկ թե երկու օր առաջ Իլհամի դեմ կոմպրոմատային պատերազմ վարելու սպառնալիքը, սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ԶՈՒ մոբիլիզացիոն պլանը (մոբը) կամավորականներով փոխարինելու որոշումը և համապատասխան կոչը (դրա մասին առանձին հոդված եմ գրել «Հրապարակում»), պատերազմի սկզբում Լելեթեփե բարձունքը, որը թշնամուն էր հանձնվել 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում, գրավելու անհաջող փորձը և այլն: Կարծում եմ, որ այս բոլոր գործոնները բավարար հիմնավոր են, որպեսզի կասկածի տակ առնվի դավաճանության վարկածը:

Ի դեպ, վերը նշված գործոնների մեծ մասը ինքնաբերաբար վկայում է անմեղսունակության վարկածի օգտին, ինչին կարող ենք ավելացնել նաև դավաճանության շուրջ նրա «զեղումները»՝ ռազմաճակատում դավաճաններ փնտրելու հրահանգները և պատերազմն ավելի վաղ ավարտելու առաջարկներ մերժելը՝ այնուհետև «հիմնավորված» ինքն իրեն դավաճանի խարանից փրկելու արդարացումներով: Կարևոր գործոն է նաև 44 օր ողջ ժողովրդին հաղթանակի վերաբերյալ ապատեղեկատվություն մատուցելը, ինչը կարող է վկայել անմեղսունակության օգտին:

Այժմ ենթադրենք դավաճանության տարբերակը և դրա լույսի ներքո քննարկենք առկա իրողությունները: Առաջինը, որ մտաբերում ենք, Ազգային Ժողովում նրա՝ «մեզ պարտված չենք զգալու՝ ինչպիսին էլ լինի պատերազմի ելքը» ելույթն է, ինչը նորմալ ղեկավարի ելույթ հաստատ չի կարելի բնորոշել. թշնամու հարձակման դեպքում խոսում են շատ բաների մասին, բայց ոչ երբեք պարտվելու: Երկրորդ գործոնը օգնության հարցով ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին դիմել-չդիմելու՝ նրա տարընկալումներն են, այնուհետև սպառազինության հարցում ֆրանսիական օգնությունից հրաժարվելը, պատերազմը դադարեցնելու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, իսկ այնուհետև ռուսական առաջարկները մերժելը, նավթագազային խողովակները և Ադրբեջանի տարածքում ռազմական օբյեկտները չհրթիռակոծելը (թեև այդ գործոնի առումով կարող է ասվել, որ վախեցել է պատասխան հարվածից Հայաստանի ուղղությամբ), հենց վերը՝ անմեղսունակության առումով հիշատակված մոբը չգործարկելը (փաստորեն նույն երևույթը կարող է վկայել թե՛ անմեղսունակության և թե՛ դավաճանության օգտին), կնոջը և Ա. Քյարամյանին բունկեր գործուղելը, որպեսզի վերահսկվեր նախօրոք որոշված սցենարի կատարումը, պատերազմի փորձ ունեցող զորահրամանատարներին մեկուսացնելը և Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին Մոսկվա գործուղելուն չաջակցելը (այս երկուսը ևս կարող են վկայել թե՛ անմեղսունակության և թե՛ դավաճանության օգտին), Շուշին հանձնելու ողջ պատմությունը, 44 օր ողջ ժողովրդին հաղթանակի վերաբերյալ ապատեղեկատվություն մատուցելը (այս մեկը ևս, ինչպես երևում է, ունի երկակի նշանակություն):  

Այսպիսով, այստեղ ներկայացված են այն հիմնական իրողությունները (եթե առկա են բացթողումներ, ապա երախտապարտ կլինենք, եթե դրանք լրացվեն), որոնք մի կողմից հիմնավորում են Փաշինյան Նիկոլ անունով անձի անմեղսունակությունը, իսկ մյուսները՝ դավաճանությունը անցյալ տարվա պատերազմում: Եվ, ինչպես երևում է, առկա են իրողություններ կամ գործոններ, որոնք կարող են վկայել թե՛ առաջին և թե՛ երկրորդ վարկածի օգտին: Ինչպիսին էլ լինի հետագայում մարդկային դատաստանը՝ կդատապարտվի նա որպես անմեղսունակ թե դավաճան և կամ երկուսը միասին, ակնհայտ է մի բան. Ժողովրդի կողմից իշխանության բերված Փաշինյան Նիկոլ անունով անձը, որպես գերագույն հրամանատար, մեզ «առաջնորդեց» դեպի պարտություն, ինչը ծանր գին ունեցավ նույն ժողովրդի և պետության վրա:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ