Եթե հրաշք չլինի, Հովհաննիսյանը ռեկտոր չի դառնա

Եթե հրաշք չլինի, Հովհաննիսյանը ռեկտոր չի դառնա

Փետրվարի 5-ին տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Մենք արդեն գրել ենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտորի՝ մարտին տեղի ունենալիք ընտրությունների համար իշխանությունների նախընտրելի թեկնածուն է, հենց դրանով էլ բացատրվում է դոկտորականի հապճեպ պաշտպանությունը, քանի որ ռեկտոր ընտրվել կարող է միայն դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը։ 

Չնայած որ Հովհաննես Հովհաննիսյանի ատենախոսության պաշտպանությանը դեռ ժամանակ կա, բայց գործընթացներն արդեն իսկ խախտումներով, այնուամենայնիվ, սկսվել են։ Բանն այն է, որ գիտական աստիճանը շնորհվում է ԵՊՀ պատմության մասնագիտական խորհրդի կողմից, սակայն խորհրդի կազմը մինչ այժմ չի հրապարակվել, ըստ ԵՊՀ պաշտոնական կայքի՝ գործող խորհուրդը «068» շիֆրով խորհուրդն է, որի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է։ Խորհուրդը բաղկացած է 9 անդամից՝ Ռաֆիկ Վարդանյան, Արշակ Բալյան, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սամվել Մկրտչյան, Էռնա Շիրինյան, Արծրունի Սահակյան, Հակոբ Քյոսեյան, Գոհար Սարգսյան։ 

Այս խորհրդին թույլատրված էր գիտական աստիճաններ շնորհել Կրոնի տեսություն եւ պատմություն-պատմական գիտությունների ոլորտում, սակայն խորհրդի գործունեությունը թույլատրված է եղել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ շուրջ մեկ տարի է, խորհուրդը չի գործում, իսկ նոր խորհրդի կազմը հրապարակված չէ։

Սակայն սա դեռ ամենը չէ․ Հովհաննիսյանը դոկտորի գիտական աստիճան ստանալու պարագայում էլ չի կարող հավակնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, քանի որ, ըստ ԵՊՀ կանոնադրության 57-րդ հոդվածի,  ԵՊՀ ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան, մինչդեռ Հովհաննիսյանն ամենեւին էլ պրոֆեսոր չէ, նա աստվածաբանության դոցենտ է եւ եթե ինչ-որ հրաշքով մինչ ռեկտորի ընտրությունը պրոֆեսորի կոչում չստանա, ապա պարզապես չի կարող ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Իսկ պրոֆեսորի գիտական կոչում ունենալու համար դոցենտը, եթե ունի դոկտորի գիտական աստիճան, պետք է ունենա գիտական կոչում շնորհող բուհում առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, վերջին 5 տարվա ընթացքում այդ բուհում իրականացրած լինի մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն եւ դոկտորական ատենախոսություն պաշտպանելուց հետո հրապարակած լինի տվյալ բնագավառում 5-ից ավելի գիտական (գիտամեթոդական) եւ ուսումնամեթոդական աշխատություն։ Ղեկավարած լինի արդեն պաշտպանած ատենախոսություն կամ նախարարության կողմից երաշխավորված դասագրքի համահեղինակ ու հեղինակ լինի, առնվազն վերջին մեկ տարին աշխատած լինի գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում եւ 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար լինի, այդ թվում` առնվազն 3-ինը` միանձնյա։

Իսկ Հովհաննիսյանի կենսագրության մեջ նշված է, որ 2002-2003 թվականներին ԵՊՀ, Կրոնի պատմության եւ տեսության ամբիոնում ավագ լաբորանտ է եղել, 2003-2007 թվականներին՝ ԵՊՀ, Կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս, 2007-ից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնում։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի մյուս թեկնածուն Վահե Հովհաննիսյանն է՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ։ Ըստ ԵՊՀ մեր աղբյուրների՝ Հովհաննիսյանը վայելում է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համակրանքը եւ նրանց համար ցանկալի թեկնածու է։ ԵՊՀ-ում շրջանառվող լուրերի համաձայն, ռեկտորի պաշտոնի համար իր թեկնածությունը կառաջադրի նաեւ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որին պաշտպանում է «Ռեստարտ» նախաձեռնությունը։