Ինչո՞վ եք տարբերվում Արարատ Միրզոյանի կնոջից՝ պարոն ԱԽՔ

Ինչո՞վ եք տարբերվում Արարատ Միրզոյանի կնոջից՝ պարոն ԱԽՔ

Արմեն Գրիգորյանը 2018 թվականի մայիսից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

 հրամանով նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բավականին լուրջ պաշտոն։ Պատասխանատվություն, որը դրվել է մի մարդու ուսերի վրա, որի կենսագրության մեջ պետական, քաղաքական  փորձառության տարր չկարողացա գտնել։ Արձանագրենք, որ  2012 թվականի մարտից մինչև 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ Իսկ 2015  թվականի ապրիլից 2018 թվականի մայիսը՝ աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում։ Այդքանը։  Վիքիպեդիայում չկար, թե 2013թ․ սեպտեմբերից մինչև 2015 թվականի ապրիլը ինչ գործի է եղել։ Բայց համադրելով թվերը, որ 2013 թվականի փետրվարին Արմեն Գրիգորյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետը, պարզ է, որ նա ակտիվորեն մասնակցել է Անդրիաս Ղուկասյանի հացադուլի և մնացած քաղաքական գործողություններին։ Ընդհատումներով աշխատելու պատճառը ոնց որ թե դա էր։

Թռիչքաձև՝ 2018 թվականի մայիսից՝  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Պատկերացրեք գործի լրջությունը։ Անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Պետական կառույցների, անվտանգության ուժերի հետ աշխատելու ինչպիսի փորձառություն է պահանջում Անվտանգության խորհրդի քարտուղարից, մինչդեռ նա  ֆեյսբուքյան մի գրառմամբ ցույց է տալիս, որ անգամ գաղափար չունի, թե ինչ է նշանակում պետական կառույց, նախագահի ինստիտուտ, ինչ է նշանակում Անվտանգության խորհրդի նախագահից առաջ ընկնել  ու լուրջ, առանց հիմքերի հայտարարություն անել Հանրապետության Երրորդ նախագահի վերաբերյալ։ Պաշտպանության կամ անվտանգության ոլորտում ամենասովորական աշխատողին անգամ արգելված է համացանցի միջոցով պետական հայտարարություններ անել։ Ուզում եմ հասկանալ՝ Արմեն Գրիգորյանը նման հայտարարություն անելուց խորհրդակցե՞լ է  Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եղե՞լ է  հրահանգ, թե նրան թվում է, թե շարունակում է քաղաքացիական ակտիվիստի հեղափոխական գործունեությունը,  և երկիրը դնում է անհնազանդության, անհանդուրժողականության, անպատասխանատվության ռելսերի վրա։

Արմեն Գրիգորյանն ի պաշտոնե նման բան թույլ տալու իրավունք չուներ և ժամանակն է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել փորձադաշտային  տարածքից և պոստերում նշանակել իրենց գործը հասկացող կադրերի։

Նման դեպքերում մնում է ՀՀ անվտանգության խորդրի քարտուղարին ասել՝ կամ դուք, կամ Գոհար Աբաջյանը․ երկուսդ էլ  նույն խելքին եք։ Երկուսդ էլ մտքներովդ ինչ անցնում, գրում եք։ Ինչո՞վ եք,  տարբերվում Արարատ Միրզոյանի կնոջից, պարոն ԱԽՔ։

Հիշեցնենք , որ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնին նվիրված շնորհավորական ուղերձից հետո ֆեյսբուքյան գրառումներ են արել։ Իրենց քաշից « մեծ- մեծ բաներ են թույլ տվել»։ Նման հակահիգիենիկ գրառումների մեջբերումը հակասանիտարական է։