Եթե այս ամենը հումանիտար աղետ չի, ապա ի՞նչ է

Եթե այս ամենը հումանիտար աղետ չի, ապա ի՞նչ է

ԱԺ նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաստեր, փաստեր։
1. Թուրք բարձրաստիճան սպաներ, հատուկջոկատայիններ, կարգադրիչներ, հրամանատարներ, աթս-ներ ու դրանք կառավարողներ, F-16 ինքնաթիռներ՝ անմիջականորեն ներգրավված ռազմական գործողություններում։ 
2. Թուրքական դե ֆակտո բազա Նախիջևանում, պատերազմից հետո բուն Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրի դե յուրե բազայի հավանականություն։ Անձամբ Էրդողանի, նրա ԱԳ և ՊՆ նախարարների բարձր մակարդակի քաղաքական աջակցություն Ադրբեջանի ագրեսիային, թուրք և ադրբեջանցի ժողովուրդների աննախադեպ միասնություն և էյֆորիկ ատելություն ընդդեմ հայերի։
3. Թուրքիայի կողմից սիրիացի ջիհադիստ վարձկանների ներգրավում պարերազմում, որոնց ներկայությունը պաշտոնապես ամենաբարձր մակարդակով հաստատվել է Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավարության կողմից, տասնյակ հրապարակումներ են եղել աշխարհի առաջատար զլմ-ներում։ Երեկ էլ հայկական կողմը ներկայացրել է առաջին գերեվարված ահաբեկչին, այնուհետև խոստացել ավելի լուրջ փաստեր։
4. Պատերազմի առաջին իսկ օրերից Արցախի ու ՀՀ քաղաքների, գյուղերի տարածքներում քաղաքացիական ենթակառուցվածքների ու օբյեկտների թիրախավորում։ Այդ թվում՝ եկեղեցի, հիվանդանոցներ, ծննդատուն, մշակույթի տուն, շուկա, բնակելի շենքեր և այլն։ Որոշ բնակավայրերում՝ տոտալ ավերածություններ։
5. Գերի ընկած քաղաքացիական անձանց հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք, տեսագրված գնդակահարության դեպքեր (Հադրութ)։
6. Գերեվարված զինվորների գնդակահարության փաստագրված դեպքեր (Կովսական)։ 
7. Դիակապտության, կենդանի գերիների գլխատման փաստագրված դեպքեր։
8. Քաղաքացիական բնակչության դեմ կասետային հրթիռների կիրառման բազմակի դեպքեր։
9. Արգելված զինատեսակների՝ քիմիական բաղադրությամբ ֆոսֆորային արկերի կիրառություն անտառներում, որտեղ կարող են պատսպարված քաղաքացիական անձինք կամ աշխարհազորայիններ լինել։
10. Չափազանց մահաբեր (թեկուզ և կոնվենցիոնալ) զենքերի կիրառություն բուն ռազմի դաշտում, ինչի արդյունքում կան հազարավոր զոհեր զինվորականների շրջանում, մեծ մասը՝ 18-21 տարեկան երեխեք։
Եթե այս ամենը հումանիտար աղետ չի, ապա ի՞նչ է։ Եթե ինչ-որ մեկին աշխարհում թվում է, որ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունները 21-րդ դարում էլ միայն յաթաղանով են իրագործվում, ապա նրանք չարաչար սխալվում են (չնայած Փարիզում ու Նիցցայում դեռևս այդ մեթոդն են օգտագործում)։ Հիշատակված փաստերի մեծ մասը իրական հիմք է գերտերությունների համար՝ կտրուկ, ուժային ինտերվենցիայի և հետագա ողբերգությունը կանխելու համար։ Միայն թե կամք լինի, հիմքերը լիուլի կան»։