«Հրապարակ»․ Թշնամին նույնիսկ մեր խորհրդանիշներից է վախենում

«Հրապարակ»․ Թշնամին նույնիսկ մեր խորհրդանիշներից է վախենում

Անհասցե ու անանուն մարդիկ դեռ չեն զանգել արցախցի Անահիտ Աթայանին՝ իր պատրաստած զարդերի վրայից Արցախի խորհրդանիշները հանելու պահանջով։ Բռնի տեղահանվելու օրվանից Արմավիրում բնակություն հաստատած Անահիտը հուշանվերներ ու պերճանքի առարկաներ է պատրաստում՝ Արցախի դրոշի, զինանշանի, տատիկ-պապիկի խորհրդանիշներով, ու վաճառում։ 
«Ոչ այնքան գումար եմ վաստակում դրանց վաճառքից, որքան երջանկանում եմ՝ տարածելով։ Դա էլ պայքարի մի ձեւ է, որով ձգտում եմ պահպանել հայրենիքիս մասին հիշողություններն ու դրան հաղորդակից դարձնել շատերին։ Ստեղծագործություններիս առանցքն Արցախի խորհրդանիշներն են, որոնցից ոչ մի գնով չեմ հրաժարվի։ Եվ չկա որեւէ մեկը, որ զանգի ու պահանջի՝ ջնջեմ սերս ու հիշողություններս զարդերիս վրայից»,- ասաց Անահիտը՝ անդրադառնալով «Խաղալով» խաղի հետ կապված սկանդալին։ Հիշեցնենք․ օրերս «Խաղալով» խանութից զանգել են խաղալիքների մեծ պատվերներ անող արցախցի մի կնոջ եւ խնդրել՝ հետ ուղարկել Արցախով պատկերված Հայաստանի փազլ քարտեզները, որովհետեւ Արցախի քարտեզը ջնջելու նման հրահանգ են ստացել։ «Հետ ենք հավաքում՝ նոր պարտիա թողարկելու համար»,- ասել էին խանութից։

«Որոշներն ասում են՝ Արցախն ադրբեջանական է, Արցախին վերաբերող բաներ մի օգտագործեք, նույնիսկ այդ անունը մի արտասանեք։ Էդ ասողները գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ են պահանջում մեզնից, գիտակցո՞ւմ են, որ հայրենազրկելուց հետո ինչ դաժան հրահանգ են իջեցնում։ Նույնն է, թե ասեն՝ մոռացիր մորդ, նրա անունը, դեմքը… Ամեն ինչ անում են՝ թշնամուն հաճոյանալու համար։ Լավ, ե՞րբ հասցրին էսքան ստրկանալ»,- ասաց Անահիտը։

Նրա կարծիքով՝ միասնական քարտեզ-փազլը վերացնում են, խաղալիքների վրայից խորհրդանիշները ջնջել են տալիս, որ երեխաներն Արցախի մասին երբեք չիմանան։ «Փոքրուց անգիտություն են սերմանում»,- ասում է արցախցի կինը։ Անահիտն ավելի շուտ կդադարեցնի իր գործունեությունը, քան կհամաձայնի ստեղծագործել առանց Արցախի խորհրդանիշների։ «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են խորհրդանիշներից այդքան վախենում։ Անին ձեռքներիցս տարան, բայց Անիի եկեղեցիների պատկերներով հագուստներ, զարդեր ունենք, մեր երեխաներին Անի ենք կոչում։ Կիլիկիան կորցրել ենք, բայց այդ անունով նավ ունենք, Կիլիկիայի դրոշով հագուստներ, ռեստորաններ, սպասարկման այլ օբյեկտներ ունենք, էլ չեմ խոսում Արարատի մասին»։

Արցախցի կինը համոզված է՝ թուրքը փորձում է հայի ձեռքով ջնջել մեր հիշողությունը, որովհետեւ վախենում է ռեւանշից։ «Ճիշտ էլ անում է, որովհետեւ Արցախը ժամանակավոր է բաժանված մեզնից։ 18 տարեկան զինվորն իր կյանքն իզուր չզոհեց այդ հողի համար։ Իմ եղբայրը, մյուսի հայրը, ամուսինը հենց այնպես չհավերժացան։ Ճիշտ է, ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց թողած պատգամ ունեն, որից էլ վախենում է թշնամին։ Եվ բավական է մեզ բաժանեն արցախցիների, հայաստանցիների, սյունեցիների ու արեւմտահայերի։ Տեղանունը կապ չունի՝ Մեծ Հայք, ու վերջ»,- հայրենասիրության փայլուն դաս տվեց մերօրյա մանկուրտներին՝ տունուտեղից զրկված, բայց հույսը չկորցրած արցախցի կինը։

Արեգ Մարգարյան