40 րոպե կարկուտ է տեղացել ու հողին հավասարեցրել Լուսաղբյուր գյուղի ցորենի, գարու, կորնգանի արտերը (տեսանյութ)

40 րոպե կարկուտ է տեղացել ու հողին հավասարեցրել Լուսաղբյուր գյուղի ցորենի, գարու, կորնգանի արտերը (տեսանյութ)

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում մոտ 40 րոպե կարկուտ է տեղացել ու հողին հավասարեցրել ցորենի, գարու, կորնգանի արտերը։

«Հրապարակ»-ին ահազանգած Արմենը տեսանյութ է նկարահանել արտերում, պատմում է, որ գյուղի արտերի 80 տոկոսը կարկոտի հարվածներից ավիրվել է։

«Ամբողջ դաշտը գետնին է հավասարվել, ու միայն իմը չի, ամբողջ գյուղինը, մոտ 150 հեկտար։ Կարկուտը իմ ցորենի 8 հեկտարը տարավ։ Տոկոսով գումար էի վերցրել , որ կորնգան ցանեմ, տեսեք թե ոնց ա դաշտն ավիրվել։ Ցավոք, ոչ մի լումա, եկամուտ չեմ ստացել։ 550 հազար դրամ գումար եմ ծախսել էս հողի վրա, 55 լումա եկամուտ չի մնացել, հողին հավասարվեց։ Գոնե կարկուտը չգար, գարին քաղեինք։ Կորնգանի համար էինք սուբսիդիա գրվել, ասացին՝ ոչ մեկիդ էլ չի հասնում։ Կարկուտը մի կողմից, առնետները՝ մյուս։ Գյուղացիների ցուրենի արտերում առնետները վխտում են»,-պատմում է զրուցակիցս։

Լուսաղբյուրի վարչական ղեկավար Վոլոդիա Պոլոյանը «Հրապարակ»-ին ասաց, որ գյուղագրել են գյուղացիներին պատճառված վնասի չափը, դիմել են մարզպետարան, դեռ պատասխան չկա։

«Մոտավորապես 100 հեկտարի չափով վնաս է պատճառել։ Գույքագրում ենք կատարել, դիմել ենք մարզպետարան, սպասում ենք արձագանքին։ Խնդիր կա նաեւ առնետների հետ կապված, բերքը գողանում են, վնաս են տալին։ Գյուղացիներ կան, որ հետեւողական չեն, մկնդեղ չեն ցանում արտերում»,-նշեց նա։

Պոլոյանն ասաց, որ տարածքում հակակարկտային կայաններ կան, սակայն օգուտ չեն տալիս, երբ կարկուտը տեղում է քամու ուղեկցությամբ։ «Հակակարկտային կայաններ կան, բայց եթե քամու հետ է գալիս կարկուտը, այդ ժամանակ ոչ մի բանն էլ օգուտ չի տալիս։ Տարերային աղետ։ Ամեն տարի էլ լինում է Շիրակի մարզում։ Վնասի չափը մեծ է, 1 հեկտարի չափով գյուղացին ծախսում է մոտ 180 հազար դրամ»,-հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում