Հայաստանում ամեն ինչ այլանդակ ձևով աղավաղում են
Սոցիալական ցանցերը եւ ժամանակակից տեխնոլոգիաները սկսել են մարդկանց կառավարել: Հայաստանում ամենից մեծ տարածում ունեցող սոցիալական հարթակը` ֆեյսբուքը, տրանսֆորմացվել եւ վերածվել է մարդկանց կառավարելու, քաղաքական պրոցեսներ ուղղորդելու, ստվերային ու հակաժողովրդավարական խնդիրներ լուծելու գործիքի: Անգամ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են ու զբաղվում են քաղաքականությամբ, բողոքում են, որ հասարակական-քաղաքական կոնտենտը խիստ նվազել է, հակաիշխանական կոնտենտի դիտելությունը փոքրացրել են եւ ֆեյսբուքի ադմինիստրացիան հստակորեն պրոիշխանական քարոզչություն է իրականացնում` տարբեր միջոցներով: Այժմ Ֆեյսբուքը հիմնականում ժամանցային բնույթի նյութեր է առաջարկում` ֆուդբլոգերներ, մեյքափբլոգերներ, հումոր, նորաձևություն, տարբեր ընկերությունների գովազդ և այլն: Ի՞նչու է Ֆեյսբուքն ամեն ինչ անում, որ Հայաստանում մարդիկ տեղեկացված չլինեն քաղաքական իրավիճակի մասին, չտարածեն ու չկարդան իշխանություններին քննադատող նյուեր:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, Հայկական փիար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի և մեդիափորձագետ Հայկ Դերզյանի հետ:
Աստղիկ Ավետիսյանը թեմային անդրադառնալով ասաց. «Ֆեյսբուքը հաճախ փոփոխություններ է անում իր ալգորիթմներում՝ քաղաքական լուրերի տարածումը չեզոքացնելու նպատակով, քանի որ ցանկանում է նվազեցնել սոցցանցում տարածվող բևեռացումն ու ապատեղեկատվությունը: Նշենք մի քանի պատճառներ.
Առաջինը ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածման կանխումն է։ Քաղաքական լուրերի տարածումը կարող է արագորեն հանգեցնել ապատեղեկատվության, ինչի արդյունքում օգտատերերը հաճախ ընկնում են կեղծ տեղեկատվության ազդեցության տակ: Երկրորդը բևեռացման նվազեցումն է: Քաղաքական թեմաները հաճախ առաջացնում են բևեռացում ու կոնֆլիկտ սոցիալական ցանցերում։ Ֆեյսբուքը ձգտում է նվազեցնել այս վեճերը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ օգտատերերի փորձի վրա: Երրորդը գովազդատուների և կարգավորող մարմինների հետ կապված մտահոգություններ են։ Քաղաքական թեմաների շուրջ առաջացած բողոքները կարող են վնասել ընկերության հեղինակությունը, հատկապես գովազդատուների շրջանում, ովքեր չեն ցանկանում հայտնվել հակասական կամ բախումների առիթ դարձած հարթակում: Չորրորդը օգտատերերի կողմից ստեղծված բովանդակության բարելավումն է: Ֆեյսբուքը հաճախ պահանջում և խրախուսում է ավելի «պարզ և դրական» բովանդակություն՝ օգտատերերին ավելի հաճելի դառնալու համար, ինչը կարող է նվազեցնել քաղաքական բովանդակության քանակը: Այսպիսով, ալգորիթմների նպատակն է ավելի նուրբ և ոչ բևեռացնող բովանդակություն ներկայացնել՝ կանխելով քաղաքական լուրերի գերիշխումը»:
Հայկ Դերզյանը փաստում է. «Երբ ասում ենք սովորական դիկտատուրա, հասկանում ենք` 20-րդ դարի դիկտատորներին, միապետերին, օրինակ, եթե դիկտատորների մոտ ինչ-որ միտք արտահայտեիր իրենց գաղափարներին դեմ, կարող էին սպանել, գնդակահարել, վնասել և այլն: 21-րդ դարում ձևավորվել է տեղեկատվական միապետություն, շատ տարածված է այն, դրան անվանում են պայմանական դիկտատուրա: Դու կարող ես ինչ-որ տեղ քաղաքական միտք արտահայտել, իսկ իշխանությունները տարբեր խմբերի, աղանդավորական և ոչ աղանդավորական խմբերի հետ, որոնք համացանցում ունեն ակտիվ խմբեր, կարող են քո միտքը, կարծիքը, դարձնել թիրախ: Այստեղ կա նաև մեկ շատ կարևոր գործոն, որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջեր հարձակման են ենթարկվում, անգամ այն դեպքում, երբ տվյալ էջերը որևէ խախտում թույլ չեն տալիս: Նման իրադարձությունների ականատես ենք լինում հատկապես ակտիվ փողոցային ակցիաներից առաջ: Նման դեպքեր շատ են լինում նաև ընտրություններից առաջ և ոչ միայն: Ֆեյսբուքն ունի իր հատուկ ալգորիթմները և բնական է, որ կա աջակցություն: Եթե նայենք քաղաքականությանն, ապա կա որոշակի վակուում: Ֆեյսբուքը հիմնականում առնչվում է քաղաքականության հետ, երիտասարդների մի հատվածը Ինսթագրամում է, մի հատվածը` Տիկտոկում, այս հարթակներում քաղաքական նյութերը քիչ են, քաղաքական նյութերը երբեմն նույնիսկ հումորի տեսքով հայտնվում են այս հարթակներում և մեծ տարածում գտնում: Տեղեկատվական առումով մենք խայտառակ վիճակում ենք գտնվում: Օգոստոսին ես գտնվում էի Չինաստանում, խնդրեցի ինձ ցույց տան իրենց Տիկտոկյան էջերը, որպեսզի տեսնեմ, թե ինչ կոնտենտի են հետևում: Հիմնականում կրթական էջեր էին, չկար ոչ մի ատելություն, հիմարություն, չարություն: Հայաստանում ամեն ինչ այլանդակ ձևով աղավաղում են: Տեսնում ենք, թե ինչպես են հայաստանցու-արցախցու միջև ատելություն քարոզում, ի դեպ, նրանցից մեկը ԲԴԽ անդամի թեկնածու է, իսկ իրավապահների կողմից չկա արձագանք: Տեղեկատվական անվտանգությունը ազգային անվտանգության բաղադրիչ մաս է և չի կարող լինել անջատ մեր կյանքից»:
Կարծիքներ