Գիտական ոլորտում հեղափոխությունը կառուցողական չէ

Գիտական ոլորտում հեղափոխությունը կառուցողական չէ

Գիտությունների ազգային ակադեմիայում նախօրեին տեղի է ունեցել հանդիպում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Ներկա են եղել ԳԱԱ մի շարք գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ։

Ինչպես արդեն գրել ենք, ԳԱԱ կազմում գտնվող մի շարք գիտահետազոտական ինստիտուտների ճակատագիրն անորոշ է: Դրված է մի շարք ինստիտուտների միավորման հարցը, ինչպես նաեւ որոշ ինստիտուտներ բուհերին միավորելու առաջարկներ, որի առիթով նախարարի հետ հանդիպման ժամանակ հնչել են մի շարք ելույթներ։ Օրինակ՝ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն անդրադարձել է ակադեմիական ինստիտուտների՝ բուհերի հետ հնարավոր միավորման հարցին: «Գիտնականի համար էական նշանակություն ունի ակադեմիական այն միջավայրը, որը տասնամյակների ընթացքում ձեւավորվել է ԳԱԱ-ում։ Այստեղ ստեղծվել է գիտական մթնոլորտ, որը նպաստում է գիտությամբ զբաղվելու համար: Կարծում ենք՝ նման պայմաններում, երբ Հայաստանը լուրջ խնդիր ունի բարձրագույն կրթության ոլորտում, ակադեմիական ինստիտուտների միավորումը բուհերի հետ չի կարող նպաստել ո՛չ կրթական, ո՛չ էլ գիտական գործի զարգացմանը»,- նշել է Ռոբերտ Ղազարյանը՝ շեշտելով, որ  ԳԱԱ-ն ազգային արժեք է եւ որոշակի բարեփոխումներից հետո կարող է էլ ավելի լավ գիտական արդյունքներ ցույց տալ։ «Բուհերին ԳԱԱ ինստիտուտների միավորելու միտումը դիտարկում ենք անհեռանկարային, անկանխատեսելի եւ չգնահատված ռիսկային գործընթաց, որի հետեւանքով կարող ենք զրկվել ե՛ւ ԳԱԱ-ից, ե՛ւ գիտության առաջընթացի հնարավորությունից»,- ընդգծել է նա:

Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն էլ նկատել է, որ երկրի տնտեսության զարգացման հիմքում նորարարություններն են, բարձրտեխնոլոգիական մշակումները: Դրանց հիմքում գիտությունն է՝ իր կիրառական մշակումներով․ «Մենք պետք է կարողանանք ճիշտ համադրել կրթությունն ու գիտությունը՝ առանց կորուստներ ունենալու։ Գիտական ոլորտում հեղափոխությունը կառուցողական չէ, պետք է էվոլյուցիոն զարգացում լինի, բայց կտրուկ մոտեցումներով, քայլերով եւ շատ լուրջ հիմնավորված»։ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է Վրաստանի գիտության ոլորտի բարեփոխումների ձախողված փորձը: «Հնագիտության եւ ազգագրության, ինչպես նաեւ պատմության հսկայական ինստիտուտներ ունեին՝ մոտ 300 գիտաշխատողով։ Երբ այն միավորեցին պետական համալսարանի հետ, մնաց 32 գիտաշխատող։ Ինչո՞ւ բուհը չի գալիս իր գիտական կառույցով դեպի ակադեմիա։ Խոսքը վերաբերում է ասպիրանտուրային եւ դոկտորանտուրային»։

Տեղեկացանք, որ ԳԱԱ-ի շուրջ քննարկումները վերաբերում են նախագահության կառուցվածքի, կառավարման համակարգի եւ համակարգի կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմների փոփոխություններին: Հայտարարում են, որ ակադեմիայի համակարգը երիտասարդացվելու է, կառավարման մոդելը՝ արդիականացվելու, հստակեցվելու է ակադեմիայի բաժանմունքների դերը՝ որպես ինստիտուտների գործունեությունը համակարգող, եւ այլ գեղեցիկ մտքեր: