Եթե կարծում էիք, որ հեղափոխությունը կփոխեր նաև իմ անուն ազգանունը, պիտի հիասթափեցնեմ

Եթե կարծում էիք, որ հեղափոխությունը կփոխեր նաև իմ անուն ազգանունը, պիտի հիասթափեցնեմ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր Հանքավանում լրագրողների հետ սեմինար-քննարկման ժամանակ մոտ մեկ ժամ իրեն հատուկ հանդարտ տոնով ներկայացրեց «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ․ ռազմավարությունը»։ Ջանջուղազյանի երկարաշունչ և, ինչպես նաև ինքը խոստովանեց, տեղ-տեղ ձանձրացնող խոսքից, սակայն, լավ չհասկացվեց՝ ինչ է փոխելու այս հնգամյա ռազմավարությունը ՀՀ հպարտ քաղաքացու կյանքում, եթե խուճուճ-մասնագիտական ձևակերպումների փոխարեն այս ամենը բացատրենք շարքային քաղաքացու համար ավելի պարզ ու մատչելի բառերով։

Hraparak.am-ը նկատեց, որ մենք տարիներ շարունակ լսում ենք նույն բառերն ու արտահայտությունները՝ ռազմավարություն, հայեցակարգ, քաղաքականություն, ազդեցության գնահատում և այլն։ Ուստի փորձեցինք հասկանալ՝ որտե՞ղ է հեղափոխությունը այս 2019-2023 թթ․ ռազմավարության մեջ, երբ տերմինները նույնն են, մոտեցումները նույնն են, գնահատումները նույնն են, Ատոմ Ջանջուղազյանն ու իր մտքերը նույնն են։

-Այդ դեպքում պիտի խնդրեմ, որ ձևակերպեք հեղափոխությունը,  հեղափոխության սահմանման Ձեր վարկածը ներկայացրեք, և ես կպատասխանեմ։

-Տարիուկես անց նո՞ր պետք է ձևակերպենք հեղափոխությունը։ Այսօր ամեն ինչի մեջ հեղափոխության գաղափարն է դրվում՝ քաղաքական հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, մշակութային հեղափոխություն։ Հիմա  այս ռազմավարության մեջ հեղափոխության կոնցեպտը որտե՞ղ է արտահայտվում, որ ՀՀ քաղաքացին 2023 թվականին այս հարցում հեղափոխական արդյունք արձանագրի։

-Ենթադրում եմ, որ մի քիչ պիտի ջանք գործադրեք, որպեսզի բացի նրանից, որ քննադատեք, որ հայոց լեզվի բառապաշարը շարունակում է մնալ նույնը, և մենք չունենք հեղափոխական զարգացումներ, որովհետև ենթադրվում է, որ առնվազն սահմանումներից մեկը հեղափոխության կարող է դիտարկվել այն, որ որևէ իրավիճակի կամ որևէ նկարագրության կտրուկ փոփոխությունը լինի նաև հեղափոխություն, ոչ թե սահուն, էվոլյուցիոն ճանապարհով փոփոխությունը։ Եվ եթե Դուք կարծում էիք, որ Ձեր սպասած հեղափոխությունը կփոխեր նաև իմ անուն ազգանունը, պիտի հիասթափեցնեմ, որովհետև չի փոխվելու, ես շարունակելու եմ մնալ այնպիսին, ինչպիսին ես կամ, հատկապես անուն ազգանունի իմաստով։ Հիմա ռազմավարության մեջ ես անդրադարձա ծրագրային դրույթների հիշատակմանը շատ երկար, այնքան, որ հասցրեցի ձեզ ձանձրացնել, որոնք, մեր կարծիքով, շատ երկար և մանրամասն տարբեր հարթակներում ներկայացրել եմ, թե որ մասն է հատկապես հեղափոխականը։ Հիմա Դուք ասում եք՝ 2023 թվին ինչ է զգալու հասարակությունը։

Իսկ մենք կարծում ենք, որ մենք չենք սպասում, որ մարդը, հասարակությունը 2023 թվին զգա։ Մարդը, հասարակությունը, յուրաքնաչյուրը այսօր էլ է զգում։ Եվ այսօր էլ յուրաքանչյուրն իր համար և իր պատկերացմանը համապատասխան իր նկարագրությունը պիտի կտրուկ փոխի, որպեսզի էդ հեղափոխության զգացողությունը՝ Ձեր պատկերացրած, գոնե էս իմ սահմանման վարկածի համատեքստում ընկալվի։