Անկարան Մոսկվային ու Կիեւին խաղաղության պայմանագրի իր տարբերակն է փոխանցել 

Անկարան Մոսկվային ու Կիեւին խաղաղության պայմանագրի իր տարբերակն է փոխանցել 

Թուրքիան առաջարկել է Ռուսաստանին եւ Ուկրաինային խաղաղության հնարավոր պայմանագրի իր տարբերակը, որը նախատեսում է պատերազմի սառեցում։ Այս մասին հայտնում է New Europe-ը։ Համաձայն հրապարակման, նախագիծը կազմվել է Ստամբուլում տեղի ունեցած առաջին բանակցությունների հիմքի վրա։ Ներառվել են նաեւ քսաներկու թվականի մայիսի նախագծի ձեւակերպումների մի մասը։ Նախագծին կարող են աջակցել մի շարք եվրոպական քաղաքական առաջնորդներ։ Այն կփոխանցվի նաեւ Գլոբալ Հարավը ներկայացնող երկրներին։

Համաձայն առաջարկի, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հանձնառություն պետք է ստանձնեն, որ ոչ մի դեպքում միջուկային զենք չեն կիրառելու, ինչպես նաեւ վերականգնելու են ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագրի գործողությունը։

Ընդ որում, այնպես, որ ապագայում կողմերից ոչ մեկը հնարավորություն չպետք է ունենա միակողմանի կերպով դուրս գալու դրանից։ Փաստաթղթում ասվում է, որ արգելվում է այլ երկրի ներքին գործերին միջամտությունը ցանկացած ձեւով, որը կարող է տվյալ երկրի կառավարության համար ապակայունացնող ազդեցություն ունենալ։ Նախատեսվում է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնել ներկայումս եղած առաջնագծով։ Ապա առաջարկվում է 2040 թվականին անցկացնել հանրաքվե ուկրաինական արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, ինչպես նաեւ հանրաքվե այն տարածքներում, որոնք գտնվում են ռուսական հսկողության ներքո՝ արդեն միջազգային հսկողությամբ։ Մինչեւ 2040 թվականը Ուկրաինան պետք է ունենա արտաբլոկային կարգավիճակ եւ նաեւ գերիների փոխանակություն պետք է լինի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Միաժամանակ՝ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի, որ Ուկրաինան դառնա ԵՄ անդամ։