ԱԳՆ-ն մշտապես պայքարել է դրսից դիվանագետներ բերելու դեմ 

ԱԳՆ-ն մշտապես պայքարել է դրսից դիվանագետներ բերելու դեմ 

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը նշանակվել է 2018 թ․ հոկտեմբերին եւ ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի՝ պետք է պաշտոնավարեր առնվազն մինչեւ 2022 թ․-ն, քանի որ օրենքը նախատեսում է պաշտոնավարման 4 տարի, սակայն հաճախ այդ ժամկետը նաեւ երկարացվում է։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրինք՝ եթե Մակունցը հիմա փոխարինելու է Վարուժան Ներսիսյանին, որին, ի դեպ, բնութագրում են որպես պատրաստված ու փորձառու դիվանագետ, նշանակում է նրանից դժգոհությո՞ւն կա։ Խոսնակն ասաց․ «Ինչպեսեւ նախկինում, դեսպանների նշանակման եւ հետկանչի վերաբերյալ մեկնաբանություններ չենք անում, քանի դեռ չկա նախագահի համապատասխան հրաման»։ 

Այժմ կենսագրականներով համեմատենք, թե ով ում է փոխարինում։ Վարուժան Ներսիսյանը 97-98թթ․ եղել է ԱԳՆ սպառազինությունների եւ միջազգային անվտանգության, 98-99թթ․ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ/ԵԱՀԿ բաժնի կցորդ, ապա՝ ՀՀ ԱԳՆ եվրոպական կառույցների վարչության երրորդ քարտուղար, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու, այնուհետեւ՝  Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմում՝ 2005-2006թթ․, ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի պետ, ավելի ուշ՝ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ, ապա՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական ու առաքելության ղեկավարի տեղակալ, 2012-2018թթ․՝ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի օգնական։ 
ԱՄՆ-ի նման առանցքային երկրում նախկինում նաեւ նախկին վարչապետի մակարդակով ենք դեսպան ունեցել (Տիգրան Սարգսյան), այժմ ուզում են նշանակել օրիորդ Լիլիթ Մակունցին, որը հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն է եւ 2018-ից հետո գլխապտույտ կարիերա է արել (մշակույթի նախարար, ԻՔ խմբակցության ղեկավար)։ Մակունցը 2014-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում (թեման՝ ««Ճշմարտություն» եւ «կեղծիք» հասկացությունները՝ լեզվաբանության դիտանկյունից»), 2015-ի ամռանը Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցում դասընթաց է անցել, 2005-ից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ 2018-ի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը։ 

Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ «քայլիստուհու»՝ ԱՄՆ գործուղվելը։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն առաջարկում է Մակունցին չվիրավորել կամ չծաղրել, այլ ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետեւյալն է․ Վաշինգտոնում մեր դեսպաններն ի սկզբանե եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ «բարձրագույն նշաձող»: Շուգարյան, Կիրակոսյան, Մարգարյան, Հովհաննիսյան եւ Ներսիսյան․ արհեստավարժ դիվանագետներ, որոնք տիրապետում էին ժամանակի ամերիկյան իրականությանը եւ կատարում էին իրենց առջեւ դրված խնդիրները։ 

ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը եւս Մակունցի նշանակումը սխալ է համարում։ Հատկապե՛ս այս փուլում եւ՝ ԱՄՆ-ում։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «ՀՀ արտգործնախարարության համակարգում միանշանակ պետք է ներգրավվեն պրոֆեսիոնալներ՝ հատկապես հիմա ու հատկապես ԱՄՆ-ում, պետք է լինեն շատ փորձառու, դիվանագիտական կյանք ու դպրոց անցած մարդիկ։ Ի վերջո, բոլորին է հայտնի, թե ներկայիս փուլում ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանը։ Երկրորդը․ ԱԳՆ-ն մշտապես պայքարել է, կարելի է ասել, դրսից դիվանագետներ բերելու դեմ, քանի որ անհրաժեշտ է, որպեսզի ներսում կադրերն աճեն, մեծանան, զարգանան ու մոտիվացիա ունենան՝ իմանալով, որ վաղը, մյուս օրը իրենք նույնպես կարող են նշանակվել դեսպաններ եւ կարող են ծառայել ՀՀ-ին իրենց բագաժով ու փորձառությամբ»։

Հիշեցրինք, որ «Սերժի ժամանակ» էլ դրսից օլիգարխ կամ տնտեսական բլոկի նախարարներ էին նշանակվում։ Ռոբերտ Հարությունյանը նկատեց, որ նախ նրանք առանցքային երկրներում չէին նշանակվում, եւ նշանակվելու դեպքում էլ նրանց առաջ դրված էին տնտեսական հարաբերությունների զարգացման, երկիր ներդրումներ բերելու խնդիրներ։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի կարծիքով՝ սա քաղաքական փախուստ է։

Ընդ որում՝ ՀՀ հարկատուների հաշվին։ Նա ասաց․ «Ավելի ազնիվ կլիներ, որ Մակունցը հրաժարվեր մանդատից, ասեր՝ ես արդեն Ամերիկայի քաղաքացի եմ եւ որոշել եմ փախնել, գնալ այնտեղ ապրել, որպեսզի խուսափեմ հետագա քաղաքական պատասխանատվությունից։ Նիկոլի, այսպես ասած, կամանդն արդեն փախուստի ճանապարհներ է փնտրում։ Բացի այդ, որպեսզի փախուստն ավելի էժան նստի եւ իրենց սեփական գրպանների վրա ազդեցություն չթողնի, որոշել են փախուստ կազմակերպել պետական խողովակներով՝ ՀՀ բյուջեի հաշվին»։ Զաքարյանը կարծում է, որ ոչ մի փախուստ չի օգնի ոչ մեկին։ «Պարզ է, չէ՞, հաջորդ իշխանությունն անմիջապես ու բոլորին ազատելու է այդ լիազորություններից եւ պատասխանատվության է կանչելու։ Այս դեպքում ավելի հեշտ է էնտեղից չվերադառնալը։ Դրա համար էլ այդ ճանապարհներն են ընտրել։ Թե չէ, պարզ է, որ Մակունցը ո՛չ դիվանագետ է, ո՛չ էլ ընդհանրապես կարող է հայ-ամերիկյան հարաբերությունների համար որեւէ բան անել։ 3 տարի է՝ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարն է, թող կես տոկոսանոց արդյունք ցույց տար։ Զրո։ Հետեւաբար, զրո են լինելու նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններն իր պարագայում։ Բայց միամիտ կլինենք, եթե ելնենք նրանից, թե սրանք զուտ դիվանագիտական նշանակումներ են։ Սա քաղաքական փախուստ է»։ Զաքարյանը Մակունցի նշանակումը համարում է ողբերգություն։ 

Սուրեն Սարգսյանն էլ նկատել է, որ մեր վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարել են 2,5 տարուց ոչ ավելի։ Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում սա հասկանալի էր, քանի որ նա նշանակվեց միջազգային կազմակերպության ղեկավար, ապա Հովհաննիսյանի ու Ներսիսյանի ափալ-թափալ փոփոխությունն անլուրջ տպավորություն կարող է թողնել ԱՄՆ-ում։ Մանավանդ՝ «որ օրը Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից: Այդ օրը հեռու չէ, իսկ դա կրկին որպես անլրջություն է ընկալվելու»։

Ողբերգություն է, երբ իրավաբանն առողջապահության նախարար է նշանակվում, հարկային նախկին տեսուչները՝ առողջապահության փոխնախարարներ, տաքսիստը՝ փոխքաղաքապետ, բժիշկը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար, ԱԱԾ նախկին պետը սկսում է ղեկավարել ռազմավարական նշանակության օբյեկտ՝ ատոմակայանը։ Տպավորություն է, թե բզկտված Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ձեռքի գրչով վերջին խորտակիչ հարվածներն է հասցնում երկրին։ 
Ի դեպ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն էլ գրել էր, թե Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ է․ «Մակունցի քաղաքական կարիերիայի առաջին ու վերջին բացառիկ ձեռքբերումն այն է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն Ազգային ժողովում, այդ իմաստով զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման ռազմավարական կարեւորության երկրում դեսպան»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացակարգով ու ժամկետում է դիվանագիտական դպրոց չանցած անձին տրվում դիվանագիտական կոչում։ Պարզվեց՝ սա քաղաքական պաշտոն է, եւ նշանակվող դեսպանին կոչումներ, ըստ Սահմանադրության, շնորհվում է ՀՀ նախագահի հրամանագրով, ըստ էության, յուրաքանչյուր բարձրագույնավարտ անձի։ Սակայն եթե մարդուն «փողոցից» դեսպան նշանակելը նորմալ էր վաղ 90-ականներին, երբ նոր-նոր էր ձեւավորվում դիվանագիտական կորպուսը, ապա այսօր դա անթույլատրելի է, քանի որ ե՛ւ դիվանագիտական դպրոց կա, ե՛ւ կադրերի բազա։