Բաքուն ԵՄ հետ նոր համաձայնագիր է քննարկում

Բաքուն ԵՄ հետ նոր համաձայնագիր է քննարկում

Բրյուսել կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Ֆիլ Հոգանի հետ։ Այս մասին հայտնում է Report-ը։ Հանդիպման ընթացքում, երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկվել է նաեւ Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցը։

Այս համաձայնագիրը, ըստ Բաքվի հաղորդման, կդառնա Բաքու-Բրյուսել հետագա համաձայնագրերի համար իրավական բազա։ Դատելով Բաքվի տարածած հայտարարությունից, կարելի է եզրակացնել, որ Բրյուսելում ողջունել են նոր համաձայնագրի հետ կապված քննարկումը եւ համարել, որ այն նոր թափ կհաղորդի կողմերի միջեւ համագործակցությանը եւ Բաքու-Բրյուսել հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի։ Բրյուսելում կարեւորել են առեւտրային հարցերով ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ինտենսիֆիկացումը։ Չի բացառվում, որ մինչեւ Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողով բանակցությունները ավարտված լինեն եւ նոր համաձայնագիրը դրվի վավերացման գագաթնաժողովի ընթացքում, այս տարվա հունիսին։