Ժողովրդավարությունը որպես միջուկային ահաբեկչության հովանավո՞ր

Ժողովրդավարությունը որպես միջուկային ահաբեկչության հովանավո՞ր

Ուկրաինայի զինուժի կողմից ռուսական ենթակայության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) շարունակական հրթիռակոծումն ու հրետանակոծումը մի ոչ գեղեցիկ օր կարող են հասցնել աղետի: Հիշեցնեմ՝ 1986 թվականի գարնանը Չեռնոբիլի ԱԷԿ-ում պայթել էր 1000 ՄՎտ հզորությամբ ընդամենը մեկ էներգաբլոկի ռեակտոր: Վթարի հետևանքով զոհվել էր 50 անձ, 164-ը ստացել էին սուր ճառագայթային հիվանդություն: ԱԷԿ-ի շրջակա տարածքի բնակչությունը (115 հազար մարդ) էվակուացվել էր: Աղետի ազդեցությունը զգացվել էր Հյուսիսային Եվրոպայի երկրներում: Հյուսիս-արևմտյան քամու շնորհիվ ռադիացիան հասել էր նաև այնտեղ: Իսկ ԶԱԷԿ-ն ունի հազարական հզորությամբ 6 էներգաբլոկ և ամենամեծն է Եվրոպայում: Միջուկային վթարի դեպքում հնարավոր բացառման գոտին, ռուս փորձագետների կարծիքով, կկազմի մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր, ինչը տասն անգամ կգերազանցի Չեռնոբիլի բացառման գոտին։ Դնեպր գետը տասնյակ տարիներով կաղտոտվի. աղտոտվածության ընդհանուր տարածքը կարող է հասնել երկու միլիոն քառակուսի կիլոմետրի: Այսինքն, Զապորոժիեի ատոմակայանում տեղի ունեցած աղետը անմարդաբնակ կդարձնի ողջ Հարավային Ուկրաինան: Որն, ի դեպ, Ուկրաինայի իշխանությունները փորձում են վերադարձնել: Ավելին, կախված քամու ուղղությունից՝ աղտոտվածության տակ կարող են հայտնվել ոչ միայն Ռուսաստանն ու Բելառուսը, այլև եվրոպական երկրները։

Ասել, թե դա չեն հասկանում եվրոպական երկրների ղեկավարները, խելքի մոտ բան չի լինի: Որքան էլ նրանց շարքերը լցված լինեն պոպուլիստական անձանցով: Այնուամենայնիվ, գիտությունը դեռևս հարգի է այդ երկրներում: Եվ մասնագետներն աղետի չափը կարող են հաշվարկել ու հաշվարկները ներկայացնել կառավարություններին: Ու այդ ֆոնին ուղղակի զարմանալի է եվրոպական երկրների ղեկավարության լռությունը: Հատկապես Ուկրաինայի հետ սահմանակից երկրների: Ոնց գցում-բռնում եմ, ժողովրդավարական համերշախությունը գերակա է սեփական երկրների բնակչությանն ու տարածքին սպառնացող վտանգին: Ցանկանում են նրանք, թե ոչ, սակայն իրենց պահվածքով վկայում են, որ արևմտյան ժողովրդավարությունը կարող է հանդես գալ որպես միջուկային ահաբեկչության հովանավոր: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի վարչակազմը: Որի թողտվությամբ է (հիմնականում ամերիկյան զենքով) Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից հռթիռակոծվում ԶԱԷԿ-ը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էլ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հասնել ուկրաինական միջուկային օբյեկտներում ռազմական գործողությունների դադարեցմանը և դրանց նկատմամբ վերահսկողությունը Կիևին վերադարձնելուն։ Փաստորեն, ռուսական վերահսկողության տակ անցած ատոմակայանն ուկրաինացիների կողմից հրթիռակոծելն ամերիկյան մտածողության տեսակետից նշանակում է ուկրաինական միջուկային օբյեկտում ռազմական գործողությունների իրականացում: 

Բարեբախտաբար, այդպես չեն մտածում ամերիկյան մտավորականության գոնե առանձին ներկայացուցիչները: Դրանցից մեկը փիլիսոփա, լեզվաբան («Ժամանակակից լեզվաբանության հայր» տիտղոսով), ճանաչողական գիտության համահիմնադիր, քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նոամ Չոմսկին է: Օրերս գերմանական «Die Welt» պարբերականին տված հարցազրույցում Չոմսկին հայտարարել է. «ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի լուծման երկու տարբերակ ունի՝ ոչ դիվանագիտական և դիվանագիտական։ Առաջին տարբերակը նշանակում է շարունակական էսկալացիա, որը վտանգավոր է Արևմուտքի և կործանարար ՆԱՏՕ-ի երկրների համար, որոնք ամբողջական պատասխանատվություն են կրում կատարվածի համար՝ միաժամանակ դրդելով Կիևին չմտածված քայլերի։ Արևմուտքի տրամաբանությամբ, քանի որ Ուկրաինան խնդրում է, ուրեմն նրան պետք է տրամադրվի իրեն անհրաժեշտ ողջ սպառազինությունը: Բայց նրանք, ովքեր նրան զենք են մատակարարում, պետք է մտածեն դրա մասին»:

Դիվանագիտական ուղին, Նոամ Չոմսկու կարծիքով, թույլ կտա լուծել հակամարտությունը՝ ապահովելով կայուն խաղաղություն հետագա տասնամյակների համար։ Որպես օրինակ բերելով 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը, որտեղ ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին ստիպել է գնալ զիջումների, փիլիսոփան ասել է, որ ուկրաինական ճգնաժամի դեպքում պետք է հետ կանգնի Վաշինգտոնը: