Տուն ես հրավիրում, հետո մեղադրու՞մ, որ եկել է․․․
Ազգովի քննարկում եք, թե ադրբեջանցիները ոնց են մտել Սիսիանի տարածք։ Բավական է հիշել 2022 թվականի օգոստոսի 24-ին կառավարության նիստում Փաշինյանի ճառը․
«Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ ճանապարհի անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում էլ մենք կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում էլ, Երասխի, Գորիսի հատվածներում։ Եվ այս ընթացքում Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել։ Չկա դեպք, որ իրենք գան, ասեն՝ ուզում ենք հատենք, մենք խոչընդոտենք, այդպիսի դեպք գոյություն չունի»։
Հետո էլ ավելացրել է՝ «Մնացած ուղղություններով էլ, կոմունիկացիաների բացման նաև՝ կրկին, պարոն Աբազյան, պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ ևս մեկ անգամ, այս հրապարակային հայտարարությունն անում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաև Իջեւանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում»:
Չեմ հասկանում, երկրի ղեկավարի մակարդակով հայտարարվում է, որ ադրբեջանցիները կարող են գալ, խոչընդոտ չկա, անվտանգությունն էլ կապահովվի, հիմա ինչու՞ եք զարմանում, որ ադրբեջանցին եկել է։ Դա նույնն է, երբ մարդուն հրավիրես քո տուն, ասես՝ երբ ուզում, որ ժամի ուզում կարող ես գալ, հետո էլ դժգոհես կամ զարմանաս, որ եկել է։ Սիսիանն էլ իր ընտրությամբ համաձայնություն է տվել, որ ադրբեջանցիներին մեր տարածք բերող Փաշինյանի իշխանությունն անսասան լինի։ Հրապարակը գրում է, որ ադրբեջանցիները մտել են այն տունը, որտեղ մի ամիս առաջ Աննա Հակոբյանն ու իր աղջիկն են եղել։ Դրա վրա՞ էլ եք զարմանում։ Պատահականությու՞ն եք համարում, ինչպես նմանատիպ տասնյակ պատահականությունները։ Հիշեցնեմ, որ պատահականությունը մի անգամ է լինում, անվերջ պատահականություններ չեն լինում։
Ի դեպ միայն Սիսիանում չեն վխտում ադրբեջանցիները։ Ինչպես Փաշինյանն էր խրախուսում, նրանք բոլոր ուղղություններով գալիս ու գալու են։ Ու եթե մեկի մտքով անցնում է, որ նրանց գերի են վերցնելու կամ էլ փոխանակելու են մեր գերիների հետ, հիասթափեցնեմ։ Դուք չեք էլ իմանա, թե այդ ադրբեջանցիների ճակատագիրն ինչ եղավ։ Անվտանգ, բարձր մակարդակով, «խաղաղության օրակարգով» նրանք հանձնվելու են Ադրբեջանին։
Կարծիքներ