Առաջին ալիքի դեմքը` Я ворона, ты ворона  

Առաջին ալիքի դեմքը` Я ворона, ты ворона  

44-օրյա պատերազմից հետո, 2-րդ տարին անընդմեջ, Ամանորի գիշերը հեռուստաալիքներից շատերը Եռաբլուրի ծխացող լռությունն ու տխրությունը հեռարձակեցին, Հանրային հեռուստաընկերությունը բացառություն կազմեց ոչ միայն այդ հարցում, այլեւ թե ինչ հեռարձակեց այդ գիշեր: Եթե տարիներ շարունակ Նոր տարվա գիշերը ժամացույցի 12 զարկերից անմիջապես հետո հնչում էր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» կամ ազգագրական որեւէ պարեղանակ, ընդհուպ` զուռնա-դհոլ, այս տարի ոչ ավել,ոչ պակաս եթեր գնաց կիսահարբած, մկկուն ձայնով, ծուռ բեղերով Մկոյի եւ Էրիկի «Մեր բակից» հայտնի «Հարսանիք» պոպուրի կատարումը` Я ворона, ты ворона կրկներգով:  

Ինչ խոսք, այս միջադեպը տեղ կգտնի Հանրային հեռուստաընկերության պատմության խայտառակ էջերում, որովհետեւ անհասկանալի է, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Առաջին ալիքը այդ կատարումը եթեր հեռարձակելով: Հանրության հարկերով սնվող Առաջին ալիքն այդպե՞ս էր որոշել բարձրացնել հանրության տրամադրությունը, շտկել նրա կոտրված ողնաշարը պատերազմից հետո, ո՞րն է քո արժեհամակարգը, ռազմավարությունն ու նշաձողը, եթե Նոր տարի ես մտնում Я ворона, ты ворона ռաբիզ ու անճաշակ երգով, ի՞նչ ես քարոզում եւ ի՞նչ մեսիջ ես հանրությանն ուղարկում Նոր տարվա գիշերը... Я ворона, ты ворона-ն է Արամ Խաչատրյանի քո համարժե՞քը....սրանք հարցեր են, որոնք որեւէ կերպ պաշտոնական մակարդակով դեռ չեն պարզաբանվել, իսկ դժգոհներ եղել են անգամ Հ1-ում: Մարդիկ ոչ միայն զարմացել են, թե ինչ է հեռարձակվում եթերով, այլեւ վիրավորանքից արտասվել են հեռուստացույցի առաջ, ահա թե ուր հասավ «Նոր Հայաստանի» նոր հեռուստատեսությունը հեղափոխությունից հետո: 

Պարզվում է` ներսում, շատերը չեն էլ իմացել, թե ով եւ ինչու է դա եթեր հեռարձակել, հատկապես, որ Մկոյի եւ Էրիկի մասնակցությամբ այդ կատարումը տեսագրված եւ տեղադրված է Առաջին ալիքի յութուբյան ալիքում 2021թ-ի մայիսի 31-ին` #ՄերՕրերիԵրգը հեշթեգի տակ: Դա էլ մեկ ուրիշ ծաղր` մեր օրերին ու մեր երգին...: Որոշ խոսակցությունների համաձայն, որոշումը կայացրել է  Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Վիրաբյանը` նախկինում Երևանի փոխքաղաքապետ: Վիրաբյանը ի դեպ հանդիսանում է նաեւ վերջերս նկարահանված «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրոդյուսերներից մեկը եւ շատերի կարծիքով այդ քայլով փորձել է բարձրացնել «Մեր բակի» ցածր ռեյտինգն ու լցնել կիսադատարկ կինոդահլիճները, այլ կերպ ասած` մեր ազգային արժանապատվության հաշվին որոշել է Նոր տարվա գիշերը փող աշխատել:   

Տիգրան Վիրաբյանին հարցրեցինք` ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը, ու՞մ որոշումն է եղել հենց այս կատարումով մտնել Նոր տարի եւ ի՞նչ մեսիջ էին ուզում դրանով փոխանցել հանրությանը, ինչին ի պատասխան նա հորդորեց մեզ դիմել Հանրայինի PR բաժին եւ այնտեղից ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, պնդեցինք` հասցեատերը ինքն է, եւ շատերի կարծիքով գումար աշխատելու շարժառիթներից դրդված է այդ կատարումը անմիջապես կեսգիշերից հետո եթեր տվել. «Ես չգիտեմ ինչ են ասում, խնդրում եմ զանգեք այն բաժին, որն իրավասու է դրա պատասխանը տալու....իրենք կորոշեն՝ ով է պատասխանելու այդ հարցին, կորոշեն ես եմ պատասխանելու` ես կպատասխանեմ...»: Այդուհանդերձ,խուսափու՞մ է պատասխանից. «Չեմ խուսափում, կա կանոնակարգ, խնդրում եմ պահեք կանոնակարգը...»:

Մենք ոչ միայն պահում ենք կանոնակարգը եւ բաց ու հրապարակային ձեւով ներկայացնում մեր հարցումը Հանրային հեռուստաընկերությանը, այլեւ որպես հարկատու պահանջում ենք հիմնավորել, թե ո՞վ եւ ինչու՞ է հանրայինի Նոր տարվա եթերը լցրել աղբով: