Ո՞վ է կանգնած նորաստեղծ ընկերության թիկունքում

Ո՞վ է կանգնած նորաստեղծ ընկերության թիկունքում

2022 թվականին, Արթիկ խոշորացված համայնքում ձյան մաքրման համար հայտարարված մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն։

2021-2022 թվականներին ձյան մաքրման ծառայություն իրականացրած ընկերությունը պարտվել է 2021 թվականին վերաբացված «Սեպ» ՍՊԸ-ին։

Առաջին հայացքից, որևէ տարօրինակ բան չկա։ 

Պետական գրանցումների ռեգիստրի e-register.am կայքից հայտնի է դառնում, որ վերոնշյալ ընկերության գործունեությունը դեռևս 1996 թվականին դադարեցվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «ՍԵՊ» ՍՊԸ (Այս ընկերության փաստաթղթերը չեն համապատասխանեցվել ՔՕ դրույթներին։

Ապա 1997 թվականին վերոնշյալ ընկերության գործունեությունը կրկին դադարեցվում է։

2021 թվականին «ՍԵՊ» ՍՊԸ-ն գրանցվել է պետռեգիստրում, որից մեկ տարի անց, 23.8 մլն ՀՀ դրամով հաղթել Արթիկ խոշորացված համայնքի ձյան մաքրման համար հայտարարված մրցույթում։

Հետաքրքիր է, թե ինչպես է Գյումրիում գրանցված ընկերությունը, շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում իրականացնելու ձյան մաքրման աշխատանքներ։

Եվ պարզվում է, որ 2023 թվականի հունվարի 28-ին տեղացած ձյան մաքրման աշխատանքները առաջին անգամ կատարող ընկերությունը, ոչ միայն իր աշխատանքը չի կատարել հավուր պատշաճի, այլ նաև այդ կազմակերպությանը «օգնության է հասել» Արթիկ խոշորացված համայնքի համայնքապետարանը և «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ը, նախ տրամադրել է ավազ շաղ տվող մեքենա, ապա նաև՝ մարդկային աշխատուժ։

Այս դեպքում, հարց է առաջանում, թե ինչպես կարող է այսպիսի ընկերությունը հաղթել համայնքային նման մրցույթներում, եթե անգամ չունի համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Բացի այդ, Արթիկում խոսակցություններ են պտտվում, որ «ՍԵՊ» ՍՊԸ-ն անմիջական կապ ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ։

«Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում, դժվարացավ ներկայացնել, թե ում է պատկանում «ՍԵՊ» ՍՊԸ-ն, փոխարենը մեզ հաղորդեց այդ ընկերության հեռախոսահամարը։

Մեր հեռախոսազանգին պատասխանող տղամարդը ներկայացավ Տիգրան անունով, ով վերոնշյալ ընկերության կոորդինատորն է, տեղեկացրեց, որ իրենք ունեն համապատասխան տեխնիկա, որը կանգնած է Արթիկում, սակայն և չհերքեց, որ «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ին պատկանող ավազ շաղ տվող մեքենայից են օգտվել։

Մեր այն հարցին, թե ՍՊԸ-ն կապ ունի՞ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, մեր զրուցակիցը հերքեց, նշելով, որ իրենց տնօրենի անունը Մեժլում Ներսիսյան է։

Տիգրանը մեր այն հարցին, արդյո՞ք «Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ձյան մաքրման աշխատանքներին, պատասխանեց.

«Դե գիտեք ինչ կա, ամեն դեպքում իրենք են աշխատանքները կոորդինացնում, ընդունում, չէին կարող անմասն չմնալ»։

Փորձեցինք հասկանալ, արդյո՞ք «ՍԵՊ» ընկերությունը, այլ պետական մրցույթներ ևս հաղթե՞լ է, կամ մասնակցել է, Տիգրանը նշեց.

«Ոչ, Արթիկի մրցույթը միակն է, մենք հիմնականում իրականացնում ենք մասնավոր, մանր շինարարական աշխատանքներ»։

Փաստորեն, մանր շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը հաղթում է համայնքային մրցույթում, այն դեպքում, երբ չունի պետական մրցույթների որևէ փորձ, ինչպես նաև ձյան մաքրման համապատասխան փորձ։

Պարզվում է, որ Պետբյուջեից 23.8 մլն ՀՀ դրամ հատկացվում է մի ընկերության, որը չունի համապատասխան գիտելիք և փորձ։

Փորձեցինք հասկանալ, վերոնշյալ ընկերության տնօրենը ով է և արդյո՞ք կապ ունի Կարեն Սարուխանյանի հետ, սակայն այդպես էլ Մեժլում Ներսիսյանի հետ կապ հաստատել չստացվեց։

Իդեպ, Մեժլում Ներսիսյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սեպասար գյուղից է, որը Կարեն Սարուխանյանի պապիկի գյուղն է։