Չտես ու անկիրթ մարդկանց դարաշրջանը

Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն, օրինակ, պաշտոնի ու դիրքի բերումով իրեն ուղղված հարգանքն ու ակնածանքը չի կարեւորում՝ հասկանում է, որ հանրային նման վերաբերմունքը այդ դիրքի ու պաշտոնի հետ եկել է, դիրքի ու պաշտոնի հետ էլ գնալու է։ Կիրթ, դաստիարակված մարդն իր հայրենիքն ու պետությունն ամեն ինչից վեր է դասում, հասկանալով, որ ինքն անցողիկ է, հայրենիքը՝ մնայուն։ Կիրթ ու դաստիարակված մարդը կոռուպցիայի մեջ էլ չի թաղվի, գոնե չափը կպահի՝ ագահ գազանի նման չի հարձակվի իր տնօրինությանը հանձնված միջոցների վրա՝ հասկանալով, որ «կերածը» կարող է «չմարսել»։ Կիրթ ու դաստիարակված մարդը միշտ հիշում է, որ իրենից կիրթ ու դաստիարակված մարդիկ էլ կան շուրջբոլորը եւ իր հանրային խոսքը ոչ միայն «տգետները», զոմբիները, կամ անկիրթներն են լսում, այլեւ գրագետ, խելացի, հայրենասեր ու հանրությանն օգտակար մարդիկ եւ խոսքը հարկավոր է կառուցել հենց այդ լսարանին հաշվի առնելով։
Մեր բախտը, ցավոք սրտի, կիրթ ու դաստիարակված իշխանություն ունենալու առումով, չի բերել։ Եւ դա վերաբերում է ոչ միայն ամենաբարձր աթոռներին նստածներին, որոնք կարող են ամբիոններից հայհոյել, թքել մարդկանց վրա, ատելություն ու պառակտում սերմանել, ստել եւ իրենց արդարացնելու համար բացահայտ կեղծիք տարածել, այլեւ միջին օղակներում հայտնված իշխանականներին՝ պատգամավորներ, նախարարներ, տարբեր կառույցների ղեկավարներ։ Այստեղ, իհարկե, նաեւ մեծ դեր է խաղում տարիքը՝ երբ մարդը հասուն չէ, կյանքի երկար ուղի չի անցել, կենսագրություն ու փորձ չունի, նրա համար դժվար է պաշտոնի ու դիրքի բերած գայթակղություններին դիմանալը, պաշտոնի անցողիկ լինելն ըմբռնելը։ Նման պաշտոնների հայտնվածների ոտքերն արագորեն կտրվում են գետնից, նրանք իրենց դիրքին ու պաշտոնին ուղղված ակնածանքը սկսում են վերագրել իրենց անձին եւ․․․կործանվում են։ Նայեք ձեր շուրջը՝ կտեսնեք, թե ինչքան նախկին պաշտոնյա է այս տարիներին հայտնվել լուսանցքում, հոգեբանական սթրես ապրել ու այդպես էլ ոտքի չի կանգնել՝ պաշտոնը կորցնելուց հետո։
Ստեփանավանցի տաքսիստը, որի մեքենան պատահաբար բախտ վիճակվեց նստել՝ գրագետ ու խելացի մի անձնավորություն, ցավով պատմում էր, թե ինչպես են իր հայրենակից Սուրեն Պապիկյանը, Պապիկյանի հայրը կարճ ժամանակում անճանաչելիորեն փոխվել։ Թե ինչպես է նրանց ընտանիքը վերածվել «Չախ չախ թագավորի», որի ունեցվածքն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով։ Ինչպես է Պապիկյանի հայրը, որ ժամանակին շփվող, մարզում սիրված մարդ էր, մեծամտացել է եւ հիմա անգամ բարեւ չի տալիս համաքաղաքացիներին։
Նման տրանսֆորմացիաների մեղավորն, իհարկե, նաեւ հանրությունն է, որն իր պաշտոնյային աստվածացնում է ու անխնա փչացնում։ Բայց տեսած, ապրած, կրթված ու դաստիարակված մարդը, որպես կանոն, չի փչանում։ Ցավոք սրտի, մենք չտես ու անկիրթ մարդկանց հետ գործ ունենք։
Կարծիքներ