Ասում էին՝ ստորագրում ենք, որ 25 հազար զինվորի կյանք փրկենք, քանի՞ զինվոր զոհվեց դրանից հետո, քանի՞ քաղաք հանձնվեց թուրքին
2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել։
Այն նաև անվանում են «Արցախում հրադադարի մասին հայտարարություն», բայց իրականում տեղի ունեցածը խայտառակ կապիտուլյացիա էր, ինչի արդյունքում հանձնվեց Արցախի Հանրապետությունը, մինչ օրս Բաքվում կան մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ: Արցախցի ակտիվիստ, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով չորս տարի առաջ տեղի ունեցածին, ասում է. «Ես նույնիսկ սարսափում եմ հիշել 2020 թվականի նոյեմբերի 9-ը: Չորս տարի առաջ այս օրը հետևանքն էր 2018 թվականի ապրիլի: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում հայ ժողովուրդը 2018 թվականին իր երկրի անվտանգության բանալիները հանձնեց Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: Ի օգուտ թշնամի պետության Հայաստանի կառավարումն անցել է այդ մարդու ձեռքը: Դեռ այդ ժամանակներից ամեն ինչ կանխատեսելի էր: 2020 թվականի նոյեմբերի 9-ը տեսնում ենք ամեն օր: Մեզ համար ամեն օր 2020 թվականի նոյեմբերի 9 է, այն երբեք չի ավարտվել: Նոյեմբերի 9-ով սկսվեց գործընթացների առավել ագրեսիվ փուլը և Հայաստանում չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը, Հայաստանից գյուղերի հանձնումը, սրանք այն բանի վկայությունն են, որ Հայաստանում ամեն օր նոյեմբերի 9 է: Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշին, Հադրութը, Բերձորը, Աղդամը և մնացյալը հանձնվեցին, ապա հիմա արդեն Հայաստանն է հանձնվում: Քանի մենք չենք ձերբազատվել Ադրբեջանի ներկայացուցիչներից, ոչինչ չի փոխվելու: Առանց պատերազմ ենք զիջում, ամեն օր զոհեր են լինում, Հայոց բանակի որակն այնքան է ընկել, որ զենքը ձեռքին տղերքին ազերիները գերի են վերցնում: Ասում էին՝ ստորագրում ենք, որ 25 հազար զինվորի կյանք փրկենք, քանի՞ զինվոր զոհվեց դրանից հետո, քանի քաղաք հանձնվեց թուրքին….»,- նշեց նա:
Կարծիքներ