Տավուշյան սրացման խարդավանքը

Տավուշյան սրացման խարդավանքը

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշյան հատվածում եռօրյա լարվածությունից հետո թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչությունը տեղեկատվական մի կաղապար շրջանառեց, որ ամեն ինչ կազմակերպվել է «Ռուսաստանի հովանավորությամբ, որպեսզի առիթ լինի հարվածելու Բաքու-Ջեյհան նավթամուղին եւ «Հարավային գազային միջանցքին» ու Բաքու-Կարս երկաթգծին՝ վտանգելու Եվրոպայի էներգետիկ անկախությունը եւ կասեցնելու ադրբեջանական գազի մատակարարումը Եվրամիության երկրներ»:

Ալիեւյան սահմանափակ քաղտեխնոլոգիան, սակայն, մյուս ձեռքով լայնորեն տարածում է հայ-ռուսական հարաբերություններում «ճգնաժամի» թեման՝ չհասկանալով, որ հերքում է իր իսկ վարկածը: Որովհետեւ «ճգնաժամային» հարաբերությունների մեջ գտնող երկրները պարզապես չէին կարող համատեղ «սադրանք կազմակերպել ադրբեջանական մեգա-ծրագրերի դեմ»:

Երկրորդ, այդ ենթակառուցվածքներին հարվածելու համար մի բարձունք գրավելու ռազմական գործողության հարկ չկա: Հայկական կողմն ունի ճշգրիտ խոցման զինատեսակներ եւ անհրաժեշտության դեպքում կարող է առանց դիրքային բախումների գնալու դրանք կիրառել ընստ նշանակության:  Դատելով արեւմտյան իրավապաշտպան կառույցների դեմ ալիեւյան քարոզչամեքենայի վայրենի հարձակումներից, թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիրը կառուցվել է մոտավորապես հետեւյալ սցենարով. հայ-ադրբեջանական սահմանի՝ Բաքու-Ջեյհան նավթամուղին եւ «Հարավային գազային միջանցքին» հարող հատվածում ստեղծվում է լարվածություն, բռնկվում են մարտական գործողություններ՝ ադրբեջանական ուժերի առավելությամբ, որին ի պատասխան՝ հայկական կողմը «հուսահատ քայլի է դիմում»՝ խոցելով կամ նավթամուղը, կամ գազատարը, կամ՝ երկուսը միասին, որից հետո Արեւմուտքը Հայաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում եւ պարտադրում ընդունել ԼՂ կարգավորման ադրբեջանական «առաջարկությունները»:

Ռազմական այդ սադրանքը տապալվել է: Այժմ Միացյալ Նահանգների Կոնգրեսում փորձում են հետախուզությունից տեղեկություններ ստանալ կատարվածի մասին: Ադրբեջանում, բնականաբար, նյարդայնանում են: ԱՄՆ հետախուզությունը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Նախերգանքն արդեն հնչեցվել է: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը բարձրացրել է ալիեւյան վարչախմբի կողմից քաղաքական հետապնդումների եւ բացահայտ բռնությունների հարցը: Եվրախորհրդարանում հնչել է ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկություն: Նախօրեին ադրբեջանական վտարանդիության աղբյուրները միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին են ներկայացրել Ադրբեջանում քաղբանտարկյալների նոր ցուցակ, որտեղ նախկին 190-ին ավելացել է խղճի կալանավորի եւս 120 անուն:

Այդ մարդիկ ձերբակալվել են հուլիսի 14-ի գիշերը Բաքվում անձամբ Իլհամ Ալիեւի հրահանգով կազմակերպված «հայրենասիրական» քայլերթին մասնակցելու համար: Նրանցից չորսին, որ ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության պատասխանատու դեմքեր են, ներկայացվել է ծանր մեղադրանք՝ իշխանության բռնազավթում, զանգվածային անկարգությունների կազմակերպում: Մյուսները մեղադրվում են հասարակական կարգը չարամտորեն խախտելու, ոստիկանության օրինական պահանջները չկատարելու եւ օրենքի պահապանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որպես կանոն, ընկալվում են իբրեւ Արեւմուտքի, ամենից առաջ՝ ԱՄՆ քաղաքական շահերի սպասարկում: Եւ եթե նրանք ամբողջ ճակատով հարձակման են անցել ալիեւյան վարչախմբի դեմ, ուրեմն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մեջ Վաշինգտոնը եւ Բրյուսելը չեն արձանագրել Եվրոպայի էներգետիկ անվտանգության դեմ ռուս-հայկական համատեղ «ահաբեկչության» հետագիծ՝ ինչպես իրականությունը փորձում էր նենգափոխել պաշտոնական Բաքուն: Դրա համար Արեւմուտքն ունի հիմնավոր պատճառ. հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հաստատվել է հուլիսի 17-ին:

Նույն օրը վաղ առավոտից Ադրբեջանն սկսել է անմշակ նավթի տարանցումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, որ պարապուրդի էր մատնված Իլհամ Ալիեւի անմիջական ցուցումով՝ այս տարվա հունվարի առաջին օրվանից: Ներկայումս ադրբեջանական մամուլը հպարտությամբ զեկուցում է, որ հուլիս ամսում Ռուսաստան է առաքվել 86 հազար տոննա անմշակ նավթ: Ամեն ինչ քաղաքականացված է: Չոր արդյունքն այն է, որ թուրք-ադրբեջանական խարդավանքը ձախողված է: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը Հայաստանի գործողությունները դատապարտող որեւէ հայտարարություն չեն արել: Տավուշյան եռօրյա մարտերն, ընդհակառակը, լեգիտիմացրել են Ադրբեջանին նույնիսկ կանխարգելիչ հարված հասցնելու Հայաստանի իրավունքը: Հայկական բանակի մարտունակությունը եւ տեխնոլոգիական բարձր մակարդակը ներկայումս գնահատվում է տարածաշրջանային անվտանգության համակարգի չափանիշներով: Դա, անկասկած, ուղղակիորեն պրոյեկտվում է ԼՂ կարգավորման գործընթացում եւ այդ խնդրով հետագա ծրագրավորումների վրա ունենալու է սկզբունքային ազդեցությունը: