Շնորհակալություն Օ'Բրայենին

Շնորհակալություն Օ'Բրայենին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը արդեն ուղիղ ու բացահայտ է խոսում տարածաշրջանում Հայաստանի հետ կապված իր ծրագրերի մասին ու փաստացի  հաստատում է վերլուծական-քաղաքական շրջանակաների այն պնդումը, թե այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ մեկ նպատակ ունի՝ հեռացնել Ռուսաստանին տարածաշրջանից։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հայտարարել է, որ Հայաստանի բնակչության զգալի մասը «Ղարաբաղի կորստից հետո հիասթափված Է Ռուսաստանի գործողություններից և ցանկանում է հեռանալ նրանից: Եվ, իհարկե, ԱՄՆ-ն ցանկանում է օգտվել այդ տրամադրություններից և պայմաններ է ստեղծում դա կյանքի կոչելու համար»։

Օ'Բրայենն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է բացել Ադրբեջանով և Հայաստանով անցնող ճանապարհ, որը կշրջանցի Ռուսաստանն ու Չինաստանը եւ դրանով երկու երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից կնվազի։ Ճանապարհը, որի մասին ամերիկացի պաշտոնյան խոսում է, Թուրքիան անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Միացյալ Նահանգները փաստացի խոստովանում է, որ հենց ինքն է այդ նախագծի շահառուն, այն դեպքում, երբ օրինակ, իշխանական տարբեր կալիբրի քարոզիչներ հակառուսականություն տարածելիս բազմիցս են շեշտադրել, թե Ռուսաստանն է Թուրքիայի հետ դաշնակցած ցանկանում Սյունիքով միջանցք բացել։

Ռուսաստանն, իհարկե, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ փորձել է իր շահերն ապահովել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետում ներառելով Ռուսաստանի վերահսկողական դերակատարությունը, բայց այս հայտարարությամբ Միացյալ Նահանգները ուղիղ խոստովանություն է անում։

«Նախ, պետք է շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛բրայենին անկեղծության համար։ Այն, որ իրենք գնահատում են, որ իրենց համար կարեւոր է այդ ճանապարհը եւ որ ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է  հեռանալ Ռուսաստանից, լավագույն ապացույցն է առ այն, որ ԱՄՆ-ը ոչ միայն խառնվում է Հայաստանի ներքին գործերին, այլ իրականացնում է արտաքին կառավարում։ Ի՞նչ է ասում Ջեյմս Օ՛Բրայենը, թե Ղարաբաղի կորստից հետո Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից եւ մենք պայմաններ ենք  ստեղծում, որ դա կյանքի կոչվի։ Սա նշանակում է՝ անուղղակի ասել, որ Արցախը Հայաստանից օտարելու եւ  մեր հայրենակիցներին այնտեղից դուրս մղելու թիվ մեկ շահառուն ԱՄՆ-ն է, որը այդ կերպ Հայաստանում կարող էր սնուցել հակառուսական տրամադրություններ»,-«Հրապարակ»-ին ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի, այս խոստովանությունը վկայում է, որ ԱՄՆ-ն իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի եւ վերջինիս ռազմավարական դաշնակից Ադրբեջանի միջոցով պայմաններ ստեղծեց, որ Հայաստանում հակառուսականություն սերմանվի մարդկանց ընկալումներում, որը հետագայում նախադրյալ կլինի Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը դուրս մղելու համար՝ թե՛ 102-րդ ռազմաբազան երկրից հանելու, թե Հայաստանի ու Իրանի եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ԱԴԾ սահմանապահ  զորքերի հեռացման ճանապարհով։

«Այսինքն, այդ օպերացիան տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելու համար էր եւ հիմա ԱՄՆ-ը դա խոստովանում է ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի խոսքերով։ Սա ի գիտություն նաեւ այն այսպես կոչված քաղաքական գործիչների ու փորձագետների, որոնք ասում էին, թե Արցախը հայաթափվել է Ռուսաստանի օգնությամբ։ Սա վերաբերում է նաեւ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, մինչդեռ, իրականում, ամեն ինչ տրամագծորեն հակառակն է՝ ԱՄՆ-ը  ամեն ինչ արեց, որ Արցախը հայաթափվի, իսկ որ ԱՄՆ-ը առանձնապես չի սեթեւեթում որեւէ երկրի ներքին կյանքին խառնվելու, ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու եւ իշխանափոխություն կատարելու ՝ ոչ միայն ընտրությունների, այլեւ սահմանադրական կարգի տապալմամաբ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ», -համոզմունք է հայտնում Նահապետյանը՝ Ջեյմս Օ՛բրայենի հայտարարությունը համարելով դրա հերթական դրսեւորումը։