Կարեն Պետրոսյանը՝ նախարարի հետ մտերմության եւ մորեղբորը ռեկտոր նշանակելու մասին

Կարեն Պետրոսյանը՝ նախարարի հետ մտերմության եւ մորեղբորը ռեկտոր նշանակելու մասին

Շուրջ մեկ տարի է՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը Սահակ Մինասյանի հրաժարականից հետո թափուր է: Ռեկտորի պաշտոնի համար երկու անգամ մրցույթ անցկացվեց, սակայն ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը երկու դեպքում էլ ռեկտոր չընտրեց: Իսկ ահա ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՇՊՀ-ի հնարավոր լուծարման կամ միավորման մասին վերջին հայտարարությունը տարատեսակ խոսակցությունների պատճառ է դարձել:

Ըստ պտտվող լուրերի՝ քաղակտիվիստ, «Նոր Հայաստան,նոր հայրապետ» շարժման առաջնորդ, ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը նախարարի մտերիմն է, եւ հենց նրա մորեղբայրը՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն էլ պետք է դառնա բուհի ռեկտոր: Մեկ այլ խոսակցության համաձայն՝ ՇՊՀ-ի միավորման արդյունքում խոշորացված բուհի ռեկտոր կնշանակվի նույն ինքը՝ նախարարի մտերիմ Կարեն Պետրոսյանը: Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում Կարեն Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, նշում է. «Խոսում են էն, ինչ մարդկանց հետաքրքիր է կամ մարդիկ ուզում են: Ես որեւէ անգամ իմ համար որեւէ ապագայի պաշտոնակռիվ չեմ արել, չեմ էլ պատրաստվում անել: Ինձ մեղադրել ռեկտորի պաշտոնակատարի զարմիկը լինելու համար, ծիծաղելի է: Ինձ համար մեծագույն պատիվ է Սերոբյան Երվանդի եգյանը կամ քրոջ որդին լինելու հանգամանքը, բայց չեմ կարծում, թե ինձ քաղաքում ճանաչում են որպես Սերոբյան Երվանդի զարմիկ, ինձ քաղաքում ճանաչում են որպես Պետրոսյան Կարեն, ով փորձել է տարիներ շարունակ իր լուման ունենալ իր երազանքի պետությունը, երկիրը կառուցելու գործում»:

Այնուհետև Կարեն Պետրոսյանն հիշեցնում է  այն ժամանակները,երբ Երվանդ Սերոբյանը բուհի պրոռեկտոր նշանակվեց, ինքը նույն բուհում ամբիոնի վարիչ էր,սակայն իր մոտեցումների համար իրեն այնտեղից հեռացրեցին:Ինչ վերաբերում է  նախարարի հետ մտերմությանը եւ նախնական պայմանավորվածություններին՝ ընդգծում է. «Ի ուրախություն մեզ՝ ՇՊՀ-ն ունի շատ գործունակ հոգաբարձուների խորհուրդ:Երբ որ դուք ասում եք պայմանավորվածություն, սա նսեմացնում է գործունակ հոգաբարձուների խորհուրդին:Նշանակում է,որ  ուսանողները ենթարկվում են ոչ թե իրենց սկզբունքներին, այլ՝ ինձ, պետության ներկայացուցիչները ենթարկվում են ինձ:

Հեղինակություններ են հոգաբարձուների խորհրդի կազմում՝ Լևոն Բարսեղյանը,գործող պատգամավորներ,որոնց վրա ես պետք է ազդեի՞: Դուք կարծում եք, որ ես նախարարի հետ պետք է պայմանավորվածություն ունենայի՞, եւ նա այդ պրոցեսների վրա ազդե՞ր:Եթե այդպես եք մտածում,չարաչար սխալվում  եք: Եթե հանրությունն ուզում է ինձ տեսնել էդ դերում, էդ ուրիշ խնդիր է,բայց եթե մարդիկ գեներացնում են պրոցեսը` ցույց տալով, որ ես շահագրգռված եմ այդ պրոցեսում, դա ընդամենը մարդկանց մոլորությունն է»: