«Իմ քայլում» որոշել են «արգելված» հրապարակումների համար ոչ թե տուգանել, այլ նստեցնել

«Իմ քայլում» որոշել են «արգելված» հրապարակումների համար ոչ թե տուգանել, այլ նստեցնել

Ազգային ժողովը երկուշաբթի օրը խորհրդի նիստ, ապա արտահերթ նիստ է պլանավորում: Մենք տեղեկացանք, որ իմքայլականների նախաձեռնությամբ մի նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով մամուլի և ընդդիմադիրների բերանը կփակեն արդեն ոչ թե վարչական տուգանքներով, այլ քրեական հետապնդման ենթարկելով: Այսինքն, եթե մինչ այս ռազմական դրության մասին օրենքով իրենց դուր չեկած կամ իրենց ձևակերպմամբ` պաշտոնական տեղեկատվությունից դուրս, խուճապ և ապատեղեկատվություն տարածոզ որևէ հրապարակման դեպքում նախատեսված էր 300 կամ 700 հազար և ավելի տուգանք, ապա հիմա այս հոդվածն ուզում են քրեականացնել, որ ավելի զսպեն մամուլին և ընդդիմությանը: 

Մեզ ասացին, որ «Իմ քայլում» այս հարցը բուռն քննարկվել է, որոշել են, որ պետք է ամեն գնով իրենց դեմ խոսողների դեմն առնեն, սակայն նաև բարձրացրել են այն հարցը, որ Եվրոպայի խորհուրդը մեր դեմ ժամանակին պահանջ էր դրել` ապաքրեականացնել զրպարտանքը և վիրավորանքը, որ նոր կարողանանք անդամակցել ԵԽ-ին: Ուստի, այս հոդվածի ընդունումից հետո հնարավոր է` ԵԽ-ի կողմից Հայաստանը կոշտ արձագանքի արժանանա, սակայն «Իմ քայլում» որոշել են, որ պատրաստ են անգամ դրան, միայն թե պատերազմի անվան տակ լռեցնեն իրենց դեմ խոսողներին:

Այս նախագծին արդեն իսկ դեմ են ընդդիմադիր խմբակցությունները: 

Մենք խոսեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, որը հաստատեց, որ նման նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ և հնարավոր է` քննարկվի այն երկուշաբթի օրվա արտահերթ նիստում:

Հարցին` ինչպե՞ս են իրենք վերաբերվում այս նախագծին, Սամսոնյանն ասաց. «Շատ վատ, ոնց կարելի է դրան լավ վերաբերվել»: