Մոսկվայում Հայաստանին առաջարկվելու է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Մոսկվայում Հայաստանին առաջարկվելու է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանն է:


- Պարոն Ղուկասյան, Հայաստան-Ռուսաստան միութենական պետության ստեղծումն իրատեսակա՞ն եք համարում:

- Այսօրվա Ռուսաստանի իրավիճակը և Ռուսաստանն, ըստ էության, գնում են քաղաքական և տնտեսական իզոլյացիայի ճանապարհով: Որևէ տրամաբանություն չկա ՌԴ-ի հետ ստեղծել միութենական պետություն: Եթե նման հարց էլ լինի, պետք է որոշի ժողովուրդը` հանրաքվեի միջոցով:

- ՌԴ նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը: Սա ըստ էության ի՞նչ է նշանակում:

- Սա Ուկրաինա ներխուժելու առաջին քայլն էր, ինչը Ռուսաստանին հնարավորություն տվեց իր ռազմական ինտերվենցիան ներկայացնել: Երկրորդ քայլը կլինի Ռուսաստան-Ուկրաինա ռազմական գործողությունների տեսքով: Այն էլ լայնամասշտաբ:

- ՌԴ-Ուկրաինա բախման արդյունքում Հայաստանն ի՞նչ կարգավիճակում կհայտնվի, Ձեր կարծիքով:

- Հայաստանը կկրի բոլոր բացասական հետևանքները, որոնք կառաջանան Ռուսաստանի քաղաքական և տնտեսական իզոլյացիայի հետևանքով: Հայաստանը կդասվի մարգինալ պետությունների շարքում: ՌԴ-ի գործողությունները միջազգային հանրությունը դիտարկում է որպես ագրեսիա: Ուստի ակնհայտ է, որ այդ գործողություններին աջակցելը որևէ լավ բան չի տալու Հայաստանին:

- Պուտինն ու Ալիևը ստորագրել են դաշնակցային հարաբերությունների հռչակագիր: Սա ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա:

- Հավանաբար վարչապետին Մոսկվա կանչելը կապված է սրա հետ: Մոսկվայում Հայաստանին առաջարկվելու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Այսինքն` Հայաստանն ու Ադրբեջանը դուրս են գալու Մինսկի խմբի գործընթացից: Հասկանալի է, որ այն քաղաքական պայմաններում, որում Ռուսաստանն է հայտնվել՝ Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելուց հետո, խոսել Մինսկի խմբի համանախագահների հետ եռակողմ ֆորմատի մասին լինելու է անհնար: Մեծ վտանգ կա, որ տապալվելու է Մինսկի խումբը: Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան առաջարկելու են նոր ձևաչափ: Սրա արդյունքում կնքվելու է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, այսպիսով ավարտելով հակամարտությունը: Հայաստանի համար սա արևմուտքի դեմ ևս մեկ քայլ է, որովհետև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո դեմ էին խաղաղության պայմանագրի կնքմանը: Այսինքն` պահանջում էին, որ ցանկացած խաղաղության պայմանագիր ստանա Մինսկի խմբի համանախագահների համաձայնությունը:

- Այսինքն` Հայաստանը հիմա բացարձակ ռուսամետ քաղաքականությո՞ւն է վարում:

- Այո, կարծում եմ դա նորություն չէ ոչ մեկի համար:

- Այսինքն` այս պայմաններում ՀԱՊԿ-ից դուրս գալն անհնա՞ր է:

- Նման տեսլական ունի միայն արտախորհրդարանական ընդդիմությունը: Այսօրվա ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությունը չունի նման տեսլական: