«Հրապարակ». Իրավական համակարգը 2018 թվականից այս կողմ ամբողջությամբ ոչնչացված է

«Հրապարակ». Իրավական համակարգը 2018 թվականից այս կողմ ամբողջությամբ ոչնչացված է

Երեկ հանրային շրջանակներում շարունակում էին քննարկել Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի հրապարակված զրույցի մանրամասները։ Նման սկանդալ մեկ էլ եղել է 2018 թվականի սեպտեմբերին, երբ հրապարակվեցին Արթուր Վանեցյան-Սասուն Խաչատրյան-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցների գաղտնալսված ձայնագրությունները։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ արդարադատությունը մեզանում իրականացվում է ՀՀ իշխանությունների հրահանգով, եւ դատարաններն անկախ չեն, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, թե զանգովի արդարադատությունը 2018-ի իշխանափոխությունից հետո վերացել է։ Այս անգամ սկանդալի կիզակետում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն է, որն օրենքի խախտմամբ է նշանակվել այդ պաշտոնին։

Հիշեցնենք, որ ընտրվելու պահին արդեն նրա 65 տարին լրացել էր, ինչն օրենքն արգելում է ե՛ւ դատավորների, ե՛ւ դատական բարձրագույն մարմնի՝ ԲԴԽ-ի դեպքում։ Հիմա պարզ դարձավ, թե ինչու էր իշխանությունն ամեն գնով ազատվում Ռուբեն Վարդազարյանից եւ օրենքը տրորելով՝ ԲԴԽ նախագահ դարձնում Ջհանգիրյանին։ Վերջինս կատարում է իրեն նշանակող Փաշինյանի հրահանգները եւ, դատելով ձայնագրությունից, կառավարում է ողջ դատական համակարգը։ Նա բաց տեքստով ասում է՝ եթե չես ուզում, որ ԲԴԽ-ն Սահմանադրական դատարանի նման քանդեն, մի պայքարի՝ հեռացիր։ Եթե չես ուզում, որ քո նկատմամբ քրեական գործեր հարուցվեն, ձեռք քաշիր։ Եվ այդ ամենը՝ հայհոյախառն լեքսիկոնով, քաղաքական ու ապաքաղաքական հայտարարություններով համեմված։ 

Երեկ մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին անում ԲԴԽ-ի շենքի մոտ։ Նրանք իրենց հետ Ջհանգիրյանի պատկերով նկարներ էին բերել ու միացրել էին հայտնի ձայնագրությունը։ Նկարներից մի քանիսում պատկերված էին Ջհանգիրյանն ու նրա առանձնատունը։ Ջհանգիրյանի առանձնատան վերեւում գրված էր՝ «գոմ»․ սա էլ է իր լեքսիկոնից, ինքն իր տունը հարցազրույցներից մեկում անվանել էր գոմ։ 

Իրավաբանները կարծում են, որ Ջհանգիրյանը պետք է հեռացվի պաշտոնից, պատասխանատվության ենթարկվի, եւ անգամ քրեական գործ պետք է հարուցվի՝ արդարադատությանը միջամտելու համար։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, օրինակ, գրել էր. «Իրավական տեսանկյունից կան մի քանի անհերքելի ելակետեր՝ ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ՝ սահմանափակվենք օբյեկտիվով.

1) Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ։
2) Գագիկ Ջհանգիրյանը չի կարող մասնակցել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը, այդ թվում՝ որոշում ընդունելու մասով: Հաշվի առնելով առաջին հանգամանքը՝ Ջհանգիրյանի լիազորություններն անխուսափելիորեն պետք է կասեցվեն, եւ դա տարածվելու է բոլոր վարույթների վրա։
3) Դատական համակարգի, հատկապես ԲԴԽ-ի հեղինակությանն ու 2021 թ․ ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս»:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ձայնագրության մեջ արտացոլված խոսակցությունը, կարծում եմ, որեւէ նորություն չպետք է բացահայտեր։ Բոլորս գիտենք, որ իրականում միշտ էլ այդպես է եղել։ Ուղղակի  հիմա բառացի լսեցինք այն, ինչ օբյեկտիվ իրականության մեջ միշտ եղել Է։ Ինձ այդ ձայնագրությունը որեւէ կերպ  չզարմացրեց, ես միշտ էլ իմացել եմ՝ մեր դատաիրավական համակարգում նման խայտառակ իրավիճակ է տիրում։ Ես նման բառամթերքով խոսակցությունը մեկնաբանելու առումով կդժվարանամ ե՛ւ իրավական տեսանկյունից, ե՛ւ նորմալ մակարդակում։ Ավելին ասեմ՝ այն հայտարարությունները, ձեւակերպումները, որոնք տրված են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ընդամենը մի բան կասեմ՝ հիմա այդ դատական համակարգը տվյալ քրեական գործի շրջանակներում ուղղակի ունակ չէ օբյեկտիվ, անկախ եւ անաչառ լինել։ Իսկ քանի որ Գագիկ Ջհանգիրյանը ղեկավարում է դատական իշխանությունը, ամբողջ դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործով ուղղակի ունակ չէ անկախ լինել։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում չկա դատական համակարգ, որը կարող է այդ գործը քննել եւ ճանաչվել որպես անկողմնակալ, անաչառ դատարան»։

Թե ինչ ազդեցություն կունենա իրավական համակարգի վրա ձայնագրության հրապարակումը, փաստաբանն ասաց․ «Իրավական համակարգը Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից այս կողմ, կարելի է ասել, ամբողջությամբ ոչնչացված վիճակում է գտնվում։ Սրանից վատ իրավիճակ ես էլ չեմ պատկերացնում։ Հետեւաբար, այս ձայնագրությունն իր դերը կունենա այս ամեն ինչի մեջ, թե ոչ, ես չեմ կարող ասել․․․ Մենք՝ փաստաբաններս, ամեն ինչ անում ենք, որպեսզի այս ոլորտն ամբողջությամբ չոչնչանա։ Դրա միակ երաշխավորը, միակ գործիքը՝ դատական համակարգի, դատական իշխանության անկախ լինելն է։ Բայց մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը երբեք անկախ չի եղել, իսկ այժմ էլ ավելի ոչ անկախ վիճակում է գտնվում։ Հետեւաբար՝ այս իրավիճակից դուրս գալու ինչ-որ հնարավորություն, ես կդժվարանամ ասել՝ կա՞, թե՞ ոչ»,- ասաց փաստաբանը։