Ինչի՞ վրա են ուրախանում և ինչի՞ համար, գուցե որովհետև տգետ են
«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
- Մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եռակողմ բանակցություններ ընթացան, որոնց ժամանակ Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործվում է որպես վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար»։ Ալիեւն էլ արձագանքել է, որ իր երկիրը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ չունի եւ նման բան ասելու համար «պետք է բուռն երեւակայություն ունենալ»: Միջանցքը, նրա խոսքով, «միջազգային եզրույթ է»: Այս ամենն իշխանական շրջանակները համարում են մեծագույն ձեռքբերում, հաղթանակ: Դուք ինչպես եք գնահատում կատարվածը։
- Հիշեցի «Մենք ենք մերը սարերը» ֆիլմից մի դրվագ, որ ասում է` էդ դո՞ւ էիր արտասանում, էդ ի՞նչ էիր արտասանում, դու տգե՞տ ես։ Հիշեցի այդ դրվագը: Ինչի՞ վրա են ուրախանում և ինչի՞ համար, չես հասկանում, գուցե որովհետև տգետ են: Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի նախագահը Հայաստանի ղեկավարի ներկայությամբ արցախահայությանն անվանեց Ադրբեջանի քաղաքացիներ: Բաց տեքստով ասում է` ճանապարհը փակել եմ, որովհետև դու Արցախն Ադրբեջանի մաս ես ճանաչել, ուստի ինչ ուզեմ, կանեմ, դա իմ տարածքն է: Միջանցքի մասով խոսելիս էլ բացահայտ ծաղրում է Հայաստանին: Այդքանից հետո ինչի՞ վրա են իշխանություններն ուրախանում, չեմ կարողանում պատկերացնել: Այդքան ստորանալուց հետո, Արցախի շահը վաճառելուց հետո, մի՞թե կա ուրախանալու առիթ: Այսօր դիվանագիտական հաջողությունների մասին խոսելու համար պետք է առանձնահատուկ ցինիզմ:
- Հանդիպումը տևեց 20 րոպե։ Խոսվում էր այն մասին, որ պետք է երկու փաստաթուղթ ստորագրվեր հանդիպման ժամանակ: Ի՞նչ հանդիպում էր դա:
- Կարծում եմ, որ հիմնական բանակցությունները վարվել են առանձնազրույցների ժամանակ, ընդ որում` Պուտինի ու Ալիևի կողմից: Նիկոլ Փաշինյանի հետ այդ մակարդակում որևէ պայմանավորվածության խնդիր չկա: Ոչ մեկը նրա հետ խոսելու բան չունի: Այդ մարդն արդեն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, այնպես որ նրա հետ խոսելու ոչ մի հարց չկա: Ադրբեջանն ու Ռուսաստանը խնդրի լուծումն այլ հարթություններում են պատկերացնում, այնպես որ այդտեղ Նիկոլ Փաշինյանի կարծիքը կարևոր չէ: Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևն ու Պուտինը խոսելու ոչինչ չունեն, ուղղակի հասարակություններին պետք էր ցույց տալ, որ բանակցում են և որ Ռուսաստանի Դաշնությունն իր ազդեցությունն է ունենում, այսինքն` ինչ-որ ցուցադրական հանդիպում է տեղի ունեցել: Ալիևի և Փաշինյանի բեմադրությունը տևեց ընդամենը 15- 20 րոպե, որևէ հարց չքննարկվեց:
- Խոսվում է այն մասին, որ առաջիկայում ինչ-որ փաստաթղթեր, այնուամենայնիվ, պետք է ստորագրվեն:
- Իմ խորին համոզմամբ` առաջիկա անելիքների ժամանակացույցն արդեն պատրաստ է, սակայն այդ մասով ոչ մի հարց այլևս Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկվում:
- Այնուամենայնիվ ստորագրվելիք փաստաթղթերն ինչի՞ մասին են լինելու:
- Որքան հասկանում են դրան ենք մոտենում: Շուտով երկու նոր հանդիպում է լինելու: Չեմ բացառում, որ այդ հանդիպումներից մեկի ժամանակ փաստաթղթեր ստորագրվեն: Նախապատրաստական բոլոր աշխատանքներն այդ առումով ավարտված են: Հայտարարությունների մակարդակով էլ ոչինչ չկա ասելու: Նիկոլ Փաշինյանն իր պատրաստակամությունը հայտնել է, կողմերը ոչ մի խնդիր չեն տեսնում: Տեխնիկական մի քանի հարց է մնացել, կարևոր հարցերը լուծված են: Մնում է հասկանալ հայկական էլիտաների արձագանքը, ինչպես նաև Արցախի դիրքորոշումը: Անկախ նրանից, թե ինչ կլինի, պետք է հասկանալ, որ հակամարտության էությունը փոխվելու է: Արցախն ու Հայաստանը հետագայում պետք է նոր մարտավարություն որդեգրեն, եթե, իհարկե, օրվա իշխանություններից ազատվենք:
- Այս բարդ ու վճռորոշ շրջանում ընդդիմությունը լուռ է, ոչինչ չի անում: Դուք նշում եք, որ եթե հաջողվի այս իշխանություններից ազատվել, պետք է մարտավարություն փոխվի: Ինչպե՞ս պետք է այս իշխանությունները հեռանան, եթե չկա նրանց դեմ ոչ մի տեսակի պայքար:
- Բարդ հարց է, դժվար է պատասխանել այս հարցին: Իմ կարծիքով` ընդդիմությունը հասկանում է, որ ամեն անգամ փողոց դուրս գալով և անհաջող պատկեր ստանալով ուժ է մաշեցնում և մտել է այն տրամաբանության մեջ, որ պետք է մեկ անգամ պայքարել, սակայն վերջնական: Ըստ երևույթին վերջնականի համար սպասում են հիմնավոր փաստի, մի զարգացման, որն իսկապես հասարկությանը կհանի հունից, անկախ նրանից, թե ով է հարթակում կանգնած: Չեմ բացառում, որ սպասում են նոր փաստաթղթերի ստորագրմանը, որպեսզի կարողանան կանխել դրանց վավերացումը:
Կարծիքներ