Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ՍԴ վարույթի ժամկետը խախտված է

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ՍԴ վարույթի ժամկետը խախտված է

Սահմանադրական դատարանը չի շտապում վերսկսել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վարույթը։ Դեռեւս 2022-ին ստանալով ԱԺ ընդդիմության հայցը` դատարանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով, ստացել պատասխան, իսկ 2023-ի ամռանը Գլխավոր դատախազություն էր հարցեր ուղարկել: Այդ ընթացքում կասեցրել էր վարույթը։ Դատախազությունը դեռեւս սեպտեմբերին պատասխանել է ՍԴ-ին: Մենք ՍԴ-ից եւ հայցը ներկայացնող «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանից չկարողացանք մեկնաբանություն ստանալ։ ՍԴ մեր աղբյուրը հայտնեց, որ վարույթը դեռ կասեցված է։

Հիշեցնենք․ այս օրենքը հեղափոխությունից հետո կիրառվող հակակոռուպցիոն գործիքներից էր։ Այն ընդունվել է 2020 թ․ ապրիլին եւ բխում էր «նախկինների թալանածը ժողովրդին վերադարձնելու հանրային պահանջից»։ Բայց, շատերի կարծիքով, նոր օրենքը հակասում էր գույքից խաղաղ օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական չափանիշներին, խստացնող դրույթի հետադարձ կիրառում կար եւ այլ վիճահարույց հարցեր` վարույթներով ապացուցման բեռի բաշխման, գույքի ծագումը ստուգելու ժամկետների որոշման լիազորության հետ եւ այլն։ Օրենքի ընդունումից անմիջապես հետո մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ դիմեցին ՍԴ՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու խնդրանքով։ ՍԴ-ում հարցի քննությունը երկար ժամանակ ձգձգվում է։
2022-ի հուլիսին ՍԴ-ն դիմեց Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար։ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը, սակայն, որը հրապարակվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, ո՛չ դրական էր, ո՛չ բացասական։ Մի կողմից՝ հանձնաժողովն ընդունում էր, որ գույքի բռնագանձումը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում եւ ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով, մյուս կողմից էլ նշում էր, որ, միջազգային եւ եվրոպական ստանդարտներին համապատասխան, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կիրառումը կարող է արդարացվել հանրային շահով։

Գլխավոր դատախազության պատասխանը ստանալուց հետո անցել է 6 ամիս, բայց ՍԴ-ն վարույթը ոչ մի կերպ չի վերսկսում, արդյո՞ք սա օրինաչափ է։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այս հարցին պատասխանելով նշեց, որ եթե ՍԴ-ն վարույթը կասեցնում է տեղեկություններ, բացատրություններ ստանալու հիմքով, ապա պարտավոր է վարույթը վերսկսել դրանք ստանալուց անմիջապես հետո։ «Կասեցման հիմքը հանդիսացող հանգամանքները վերանալուց անմիջապես հետո դատարանը պարտավոր է սկսել գործի քննությունը։ Դա արվում է աշխատակարգային որոշումներով, որովհետեւ Սահմանադրական դատարանը որոշումների կայացման ՍԴ մասին օրենքով սահմանված ժամկետներ ունի ու պետք է այդ ժամկետներում կայացնի որոշումներ։ Սա նաեւ սահմանադրական արդարադատության որոշումներից է բխում՝ խելամիտ ժամկետներում որոշումներ կայացնելը»։ Էդգար Ղազարյանն աննախադեպ արագ կայացված որոշում հիշեցրեց։ «ՍԴ-ն փետրվարի 16-ին ստացել է կառավարության հայցը՝ կապված ԵՄ դիտորդական առաքելության միջազգային պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ հարցի քննության հետ, եւ 4 օր հետո կայացրել է որոշում՝ փետրվարի 20-ին։ Սա ռեկորդ է։ Եվ այդ նույն Սահմանադրական դատարանը 4 տարի որոշում չի կայացնում մի հարցի վերաբերյալ, որն իշխանությունների քաղաքական գործունեության հետ է կապված։ Պարզ է, չէ՞, որ ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ որոշումն էլ է քաղաքական մոտիվներով կայացրել»։ 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի եզրակացությունն այն է, որ ՍԴ-ն արդարադատության մարմին չեն կարող համարել։ «Դա ՔՊ-ի իրավախորհրդական գրասենյակ է։ Երբ որ Փաշինյանն այցելում է ՍԴ, դատավորները ոտքի են կանգնում, մինչդեռ պետք է լինի հակառակը»։ Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում որոշում ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ։ «Որովհետեւ այն ակնհայտորեն հակասահմանադրական է։ Որպեսզի ակնհայտ հակասահմանադրական որոշում չկայացնեն, գտել են այլ ձեւ՝ որոշում չկայացնել, ու այդ ընթացքում դատախազությունն իրականացնի իր ապօրինի որոշումները, որոնք խիստ թիրախավորված են»։