Առևտրի համար պատասխանատուներին «բարեփոխում» են

Առևտրի համար պատասխանատուներին «բարեփոխում» են

«Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան բավականին բարձր է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու երկրների չիրացված տնտեսական ներուժը՝ կարելի է փաստել, որ կան առեւտրատնտեսական ցուցանիշների ծավալները մեծացնելու նախադրյալներ»․ այսպես է գնահատում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման ներկայիս աստիճանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ի՞նչն է պատճառը, որ ներդրումների բուռն աճ չի նկատվում։ «Հրապարակի» հարցերը նախարարին ուղղել էինք նրա խոսնակ Աննա Օհանյանի միջոցով։ 2019 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում, ըստ նախարարության տվյալների, ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի  ծավալը կազմել է 97.2 միլիոն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 30.2 մլն ԱՄՆ դոլարով:

Ըստ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի` ներդրումները հիմնականում կատարվել են Ռուսաստանից (67.5 մլն ԱՄՆ դոլար), Գերմանիայից (24.2 մլն ԱՄՆ դոլար), Իտալիայից (7.6 մլն ԱՄՆ դոլար), Լիբանանից (4.4 մլն ԱՄՆ դոլար) եւ Կիպրոսից (2.3 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերով Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ում ամենախոշոր ներդրող երկիրն է (ՌԴ-ին բաժին է ընկնում ներդրումների շուրջ 37 տոկոսը): Ապրանքների արտահանման ցածր տեմպը, ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի, պայմանավորված է սեզոնային հանգամանքներով։ «2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կազմել է 194,75 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,7 %-ով (2018թ.` 193,46 մլն ԱՄՆ դոլար): Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 2018 թվականին արտահանված առավելագույն մաքսային արժեք ունեցող ապրանքների մի մասը կազմել են գյուղմթերքները, որոնք, սեզոնային հանգամանքներով պայմանավորված, 2019թ. առաջին չորս ամիսների ընթացքում դեռեւս մասամբ են արտահանվել: Այժմ շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ համատեղ քննարկվում են ՀՀ առեւտրային ներկայացուցչությունների ինստիտուտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունները»,- ասվում է նախարարության պատասխանում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հրապարակն» անդրադարձել էր մեր կառավարությունից 2005 թվականին ՌԴ-ում առեւտրային  ներկայացուցչության լիազորություններ ստացած «Արմիմպորտ» ՍՊԸ-ի գործունեությանը։ Այն պատկանում է 2001 թվականից ՌԴ-ում ՀՀ «հավերժական» առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի կնոջը: Ամուսիններն իրենց հիմնական գործունեությունը կենտրոնացրել են ВДНХ-ի «Արմենիա» տաղավարի շրջանակներում, սակայն ՀՀ գործարարների մասնակցությունը Ռուսաստանի մարզերում (Սանկտ Պետերբուրգից մինչեւ Կրասնյորսկ) տեղի ունեցող բազմաթիվ տնտեսական համաժողովներին եւ այլ նախաձեռնություններին նրանք չեն ապահովում: Ամուսինները հնարավոր փոփոխությունները  թշնամաբար են ընկալում՝ իրենց համարելով ինտրիգների զոհ։