Կաթիլ-կաթիլ

Կաթիլ-կաթիլ

Ժողովուրդն ասում է` կաթիլ-կաթիլ ջուրը քար կծակի: Կաթիլ-կաթիլ, փոքրիկ չափաբաժիններով հանրությանը փոխանցված մեսիջներն իրոք իրենց սեւ գործն արեցին: Երբ առաջին անգամ իշխանության ներկայացուցիչները խոսեցին հող, տարածք հանձնելու մասին, հանրությունն անգամ լսել չէր ուզում այդ մասին: Ոչ միայն Արցախը, Սեւ լիճն ու Սոթքը, Հանդն ու Տեղը, Շուշին ու Հադրութը, այլեւ Զանգելանը, Կուբաթլուն եւ մյուս գրավյալ տարածքները հանձնելն էր դիտվում հայ ժողովրդի դեմ ուղղված դավաճանություն: Բայց երկրի կառավարման ասպարեզում բոկոտն ու անգետ իշխանավորները, պարզվեց, անընդունելին ընդունելի դարձնելու, դավաճանությունը հայրենասիրության տեղ անցկացնելու եզակի ունակություններ ունեն: Նրանք վիրտուոզ կերպով մի քանի տարում հանրությանը հաշտեցրին այն մտքի հետ, որ ոչ միայն Արցախի անվտանգության գոտին, այլեւ Արցախը հանձնման ենթակա է, եւ նույնիսկ Հայաստանից լիքը «տալիք» ունենք թշնամուն, ու մարդկանց մեծ մասը հաշտվեց այդ իրողության հետ:

Մի մասին համոզեցին, որ իրենք չեն տվել, այլ՝ «նախկինները», ընդ որում` տվել են տարբեր տարիներին. 1990-ականներին, 2000-ականներին, վերջին տվյալներով` 2016-ին: Տվել են տարբեր մարդիկ եւ միավորներ` անհատներից մինչեւ պետություններ: Մյուս մասին ներշնչեցին, որ ամբողջ աշխարհում են տալիս, եւ բոլորն են տալիս: Երրորդներին համոզեցին՝ պետք է տանք, որ փրկվենք, որ պատերազմ չլինի, որ իրենց որդիները չզոհվեն: Չորրորդներին բացատրեցին՝ թույլ ու աղքատ պետությունները միշտ տալիս են, եւ եթե թուրքն ու ադրբեջանցին ուզում են, մենք չենք կարող չտալ: Հինգերորդներին իրենց ազգային արժանապատվությունը ոտնահարողների համոզիչ թիրախներ հրամցրին` ռուսները, սորոսականները, Արեւմուտքը, Արցախի պաշտոնյաները: