Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել․ «Մեդիա պաշտպան»

Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի փետրվարի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (Arsen Torosyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 112 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 76-ը՝ չեզոք։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին մշտադիտարկվող ժամանակահատվածում դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Քաղաքացիական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հայտարարել է, որ իրեն են ահազանգել հեղափոխությանը մասնակից երիտասարդներ՝ և ասել են, որ որոշ պաշտոնյաներ խեղաթյուրում են հեղափոխության արժեքները։ Ըստ Ջիվան Աբրահամյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Մասիսում հանդիպում են ունեցել ՔՊ կուսակցության անդամների հետ, որի ընթացքում մարզպետը ներկաներից մի քանիսին հարցրել է՝ աշխատանք ստանալու դիմաց պատրա՞ստ են աշխատավարձի 3 տոկոսը նվիրաբերել ՔՊ-ին։
Հրապարակումների համաձայն, լրատվականի աղբյուրները փոխանցել են, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում զգալի լարվածություն է առաջացել աշխատակիցների և կառույցի ղեկավար Հակոբ Ավագյանի միջև: Բանն այն է, որ Ավագյանը մասնագիտությամբ մետալուրգ է և ֆինանսիստ, և կապ չունի առողջապահության հետ, և ոլորտից նրա անտեղյակությունը անձնակազմի հետ էական հակասությունների պատճառ է դարձել:

Ավագյանի տեղակալները, որոնցից մեկն, ի դեպ, ըստ տեսչական մարմնում շրջանառվող խոսակցությունների, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է, այլևս չեն կարողանում հանդուրժել իրենց ղեկավարի պահվածքը:

«Մենք մսավաճառների պես բաց դեմքով միտինգ անել չենք կարող», ասել է ՄԻԱՎ վարակակիր քաղաքացին։ «Մենք չգիտենք` ինչ կարող է կորցնենք, ինչ կարանք ձեռք բերենք, մեզ ոչ մի ինֆորմացիա չի տրվում»,- նշեց Արման Ավչյանը։ ՁԻԱՀ-ի կենտրոնում բուժում ստացողներից շուրջ 150-ը ստորագրել, նամակ են ուղարկել վարչապետին, նաև կենտրոնի անձնակազմն է պատասխանի սպասում: Հարցնում են՝ ինչո՞ւ է արդյունավետ գործող կառույցը միավորվում։
Դավիթ Սանասարյանն, արձագանքելով դիտարկմանը, որ ըստ մեղադրական եզրակացության, երբ Արսեն Թորոսյանը զանգահարել է իրեն, ասել է՝ դուք տեղյակ եք, որ դիալեզի սարքերի հարցով խնդիրներ կան, ինքն ասել է՝ այո, իմ աշխատողի ընկերությունն է. «Չի եղել նման բան։ Չգիտեմ՝ որտեղից է հորինում Արսեն Թորոսյանը, ընդհակառակը՝ Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ իմ մոտ իմ աշխատակցին, իմ աշխատակիցն ասել է, որ կապ չունի այդ ընկերության հետ, թե Արսեն Թորոսյանին ճնշել են, ինչ են արել, որ Արսեն Թորոսյանը իրականություն է փոխում»։