Սկսվու՞մ է

Սկսվու՞մ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահները Բաքվում են, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այլ մանրամասնություն հայտնի չէ, լռում են նաեւ ադրբեջանցի քաղաքագետները եւ փորձագետները:

Փոխարենը հակառակորդի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի վրա հետախուզական թռիչք իրականացնող հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկատվությունը՝ պարզ չէ: Արցախի Պաշտպանության բանակը դեռեւս չի արձագանքել Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությանը: Հատկանշական է, որ վերջին մի քանի ամիսներին սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական կողմը նման բովանդակության հաղորդագրություն է տարածում: Ընդ որում՝ նույն օրը եւ ժամերին, երբ միջնորդները Բաքվում են, հանդիպումներ են ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ: Միջնորդների այս այցի շուրջ տպավորություն կա, որ փորձ է արվում նախապատրաստվել Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Ադրբեջանական մամուլը, մինչդեռ, ընդգծված շեշտադրումներ է անում, որ «բանակցությունները տապալված են»: Ուշագրավ է, որ ալիեւյան քարոզչությունը խոսում է «Բոլթոնի պլանի» մասին, որի տապալմամբ, ինչպես ադրբեջանցի մեկնաբաններն են պնդում, շահագրգռված էր Մոսկվան: Արձանագրվում է, որ գործընթացից արդեն ակնկալիքներ չկան, մեծանում է «հարցի ռազմական ճանապարհով կարգավորման հավանականությունը»:

Արցախյան կողմը նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի եւ խորհրդական Տիգրան Աբրահամյանի մակարդակով ամիսներ առաջ էր զգուշացրել, որ բանակցություններին Ադրբեջանի «կառուցողական մասնակցությունը» կրում է իմիտացիոն բնույթ: Հայկական փորձագիտական, քաղաքագիտական եւ քաղաքական շրջանակները, կարծես, այլ տպավորություն ունեին: Վերջին շաբաթվա ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանը երկու անգամ այցելել է առաջնագիծ: Եւ ահա, կարծես, Ադրբեջանը բացահայտում է իրական մտադրությունները: Նախիջեւանում համազորային բանակը զորավարժություններ է անցկացնում, նախատեսվում են հրամանատարա-շտաբային վարժանքներ՝ ստուգելու զորքերի կառավարման արդյունավետությունը, իսկ առաջնագծից տեղեկություն է տարածվում հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը վերադառնում է շփման գծում լարվածությունը մեծացնելու քաղաքականությանը: Անցած մի քանի ամիսներին կողմերն ի՞նչ քայլեր են ձեռնարկել սեփական դիրքերը բարելավելու ուղղությամբ: Արցախյան կողմը պարբերաբար խոսում էր հակառակորդի նախաձեռնած ինժեներա-տեխնիկական աշխատանքների մասին: Մարտի առաջին կեսին սպասվոում է, որ Հայաստան եւ Ադրբեջան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լայչակը: Եթե դիվանագիտական ջանքերը չբերեն որոշակի պայմանավորվածությունների, ապա առաջնագծում պե՞տք է սպասել ադրբեջանական նոր սադրանքների: