Ave (տիս) Céline

Ave (տիս) Céline

Դուռը բացվեց, քամին շարժեց պահարաններին սիմետրիկորեն շարված գրքերը, շրջվեցի` չգիտեմ էլ ինչու: Ինչ-որ անսովոր ուժ ինձ պտտեց նրա կողմը: Դուռը արդեն փակ էր, բայց գրքերը դեռ թրթռում էին նրա քայլքի հետ զուգահեռ: Նա սահուն ու մեծ քայլերով անցավ մի քանի մետր, գրքերը մեխվեցին անխախտելի լռության մեջ: Սարսուռ իջավ վրաս, վերջինս թերթում էր Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» գիրքը:

- Ո՞վ է էս միստիկ տիպը,- մտածում էի ու զգուշավոր հայացքով զննում նրան:

Կլանված կարդում էր, տառերը ամոթխած կանանց պես շիկնում էին նրա սուր ու խայթող հայացքի տակ:

- Արամ,- կանչեց թավ ձայնով մեկը: Նա վեր կացավ:

- Լսում եմ,- հստակ ու շեշտակի պատասխանեց:

- Կարո՞ղ եմ ձեզ օգնել:

- Ինձ Միլլերի «Խեցգետնի արեւադարձն» է պետք, ունե՞ք:

- Իհարկե:

Դոմինո հիշեցնող գրադարակների անհաշվելի շարքերից ձեռքը մեկնում է գիրքը՝ հաշված վայրկյաններում: Միքելանջելոն պիտի սրա ձեռքը նկարեր, զարմանալիորեն գեղեցիկ է, նուրբ` սպիտակ ու միաժամանակ պիրկ: Մատների բարձիկները շարժվելիս ընդհատվող թեւաբախություն են հիշեցնում: Մտածում եմ` փորձում վերծանել վերջինիս խորհրդավոր լռությունը: Ինտուիտիվ տաղանդս հուշում է, որ վերջինս ինչ-որ բան է ուզում ասել, համարձակորեն մոտենում եմ.

- Բարեւ Ձեզ, ես ուզում էի գրքի վաճառքի հետ կապված մի բան ճշտել:

- Բարեւ Ձեզ, կասե՞ք գրքի անունը:

- Չարվեստ: 

Ճարպիկ, ձիգ մատներն արագորեն տեղաշարժում են պոեզիայի հատորները։

- Սա՞ է։

- Այո։ 

-Չի վաճառվել…

- Իսկ կասե՞ք՝ ինչո՞ւ եք օգտագործել Մագրիտտի սյուրռեալիստական էս գործը որպես շապիկ:    

- Դե, եթե կարդաք գիրքը, կհասկանաք:

- Լավ,- իրոնիկ ժպտում է, հեռանում, բայց նրա նվաստացնող լռությունը դեռ շարունակում է հանդիմանել ինձ ու սրահում բարձրաձայն խոսող մարդկանց:

Բացում եմ ապակեպատ դուռն ու դուրս եմ նետվում: Այ քեզ մեծամիտ ինքնահավան, դրան տես, հեգնանքը, խոսելու տոնը,- բարձր, ինքս ինձ հետ խոսելով՝ անցնում եմ մարդաշատ միջանցքը:

- Մի նեղվիր, տղա ջան,- ծիծաղելով՝ առաջ է գալիս գոգնոցով մի կին: 

- Ես հավաքարարն եմ, լավ գիտեմ իրեն, Արամը հրաշալի տղա է, ուղղակի չի սիրում, երբ ընդհատում են Սելինյան ժամը:

ՀԳ. Ֆրանսիայում չեն սիրում Սելինին, հրեաների մեծ մասը սելինաֆոբ է, Հայաստանում շատերն ատում են Արամին (բայց էս երկուսի հեչ տանձին էլ չի): Լավ գրականությունը ստեղծվում է ատելու, չընդունվելու, դատվելու համար: Որկրամոլ ու ձեռնաշարժող հասարակությունը դեռ փնտրում է իր մեռած ալտեր էգոն` լոզոտ, պաթետիկ ու գրոտեսկային տեքստերի, տափակ պերսոնաժների մեջ, մինչդեռ իրական գրականությունը չունի հավաքական կերպար եւ չի սահմանվում: Բոլոր իզմ-երը հաղթահարված են, սպառված եւ պարտված: Մեծ գրականությունը վաղուց մեր մասին չէ, այն շրջանցում է հասարակ ողբերգությունները, էթնոսը` խտրականության ծեծված լոզունգները եւ արդեն սրտխառնոց առաջացնող այլաբանական տուպիզմը: Հիմա Արամը հաստատ իր սենյակում քոքել է Ցոյին, բացել է Սելինի գիրքը, ու երկու մեծ`անտանելի, աններելի տաղանդավոր տպեր կարդում են իրար ժամանակի օվալի միջով:

Նստել եմ սելին` կարդում եմ Սելին:
Արամ Ավետիս:

Նվիրում եմ անհաշտ քննադատ բարեկամիս, կարգին գրողին` ով հայհոյելուց ու գրելուց միշտ ազնիվ է:
Քո անտակտ պոետ, բարեկամ` Սմբատյան

Վարդան ՍՄԲԱՏՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ