Մեր պատասխանը…

Մեր պատասխանը…

Հայկական երկրորդ ալիքի «Խոսքի իրավունք» հաղորդմանը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերքել է մամուլի հրապարակումները, թե ստորագրահավաքի ընթացքում իր կողմնակիցները մարդկանց ուղղորդում, ազդեցության տարբեր միջոցներ են կիրառում, շահագրգռում են՝ ներառյալ մեքենայով համայնքապետարան տանել-բերելը, եւ վստահեցրել, որ նախաձեռնող խումբը խստորեն պահպանում է ընթացակարգը եւ ոչ մի խախտում թույլ չի տալիս: Գուցե պարոն Բաբայանին այդպես են ներկայացնում, եւ նա տեղյակ չէ, թե իրականում ինչպես են գործում տեղերում իր համակիրները:

Գուցե նրան հայտնի չէ, որ իր նկարով եւ «Սամվել Բաբայանը՝ մեր նախագահ» մակագրությամբ մարզաշապիկներ են ինչ-որ տեղ կարվել եւ համայնքներում բաժանվել մարդկանց: Հնարավոր է՝ նախաձեռնող խումբը եւ համակիրները «պապից ավելի կաթոլիկություն» են ցուցաբերում: Բայց փաստը չես հերքի: Որպես ասվածի վկայություն՝ այս լուսանկարը, որ արվել է Արցախի գյուղական համայնքներից մեկում եւ տարածվել սոցիալական ցանցերում: Սա օրենքի խախտում չէ՞: