Ղարաբաղյան անոմալիա

Ղարաբաղյան անոմալիա

Իրադարձությու՞ն էր Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որ Ստեփանակերում գումարվեց դեկտեմբերի 17-ին: Սպասվում էր, որ հայ խորհրդարանականները լրջորեն կքննարկեն ԼՂ կարգավորման գործընթացի հետ կապված ստեփանակերտյան որոշակի մտահոգությունները, որ գեներացնում է նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Ի դեպ, այլ ուժեր եւս անհանգստացած են: Այս իրավիճակում Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականների համատեղ նիստը պետք է այն հարթակը դառնար, որտեղ կհնչեին հիմնավոր մեկնաբանություններ: Նախկինում խորհրդարանականներն իրենց հուզող հարցերի պատասխանն ստանալու համար այդ ձեւաչափի հանդիպումներին հրավիրում էին արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այս անգամ հայաստանյան պատվիրակության կազմում ԱԳՆ-ից որեւէ պաշտոնյա ընդգրկված չէր, քննարկումներին հրավիրված չէր նաեւ Արցախի արտգործնախարարը:

Սա արարողակարգային թերացու՞մ է: Հազիվ թե: Արցախյան կողմին, ըստ երեւույթին, ձեռնտու չէր թեմայով բարձր մակարդակի քննարկումը, որովհետեւ այդ դեպքում շահարկումների տեղ այլեւս չէր մնա: Իսկ ժամանակն Արցախում նախընտրական է, նախագահի որոշ թեկնածուների բոլորովին ձեռնտու չէ ԼՂ կարգավորման բանակցությունների մասին հավաստի տեղեկատվության շրջանառումը: Այլապես միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին գլխավոր զեկուցող չէին ընտրի Ալեքսանդր Մանասյանին, որը տասնամյակներ շարունակ միայն այն է ասում, թե ունի կարգավորման ամենահայանպաստ բանաձեւը, բայց իշխանություններն իրեն չեն լսում: Ի՞նչ կարող էր խորհրդարանականներին ասել մի մարդ, որ բանակցություններում արցախյան պատվիրակության խորհրդատուն է եղել արդեն շատ հեռավոր 1990-ականների առաջին կեսերին եւ բացարձակապես անտեղյակ է վերջին զարգացումներից: Իսկ ինչու՞ այդ քննարկմանը չի հրավիրել Արցախի արտաքին գործերի նախարարը, որ վերջերս է հանդիպել Հայաստանի իր պաշտոնակցի հետ: Այնուհետեւ նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը: Եւ դա՝ Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման նախօրյակին: Ի՞նչ են տվել Բրատիսլավայի բանակցությունները, ո՞ր հանգրվանում են դրանք:

Մի՞թե այս հարցերն Արցախի խորհրդարանի ղեկավարության համար հետաքրքրություն չեն ներկայացնում: Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ինը լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել բանակցային գործընթացի մանրամասնությունները՝ չհրապարակելու պայմանով: Ստացվում է, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները նույնիսկ հայաստանյան մամուլի ներկայացուցիչների չափո՞վ էլ չպետք է տեղեկացված լինեն կարգավորման նրբություններից: Եթե արցախյան կողմը հստակ խնդիր դներ, ապա արտգործնախարար Մնացականյանը կլիներ Ստեփանակերտում եւ հարկավոր մեկնաբանությունները կաներ:

Այս փուլում հենց դա պետք է լիներ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հիմնական անելիքը: Արցախի խորհրդարանում, երեւում է, սեփական հաշվարկներն ունեն՝ կապված ներքաղաքական իրավիճակի եւ հետագա հնարավոր զարգացումների հետ: Ակնհայտորեն երեւում է, որ Արցախի ԱԺ-ում չկա ցանկություն՝ ներքին դիսկուրս բերելու այն թեզը, որ կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմը սկզբունքներ փոխելու ուղեգիծ է որդեգրել: Այնտեղ գերադասել են հարցի վերաբերյալ լսել «Ա, պա ստի պեն կինի՞» ղարաբաղյան կոմիքսի հեղինակի պատկերացումները: