Համոզված եմ՝ ընտրություններն արդար են անցնելու, և միջամտություն չի լինի

Համոզված եմ՝ ընտրություններն արդար են անցնելու, և միջամտություն չի լինի

Մայիսի 14-ին նախատեսված է Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հոգի՝ գործող ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը եւ դաշնակահար, պրոֆեսոր, Կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը։ 

«Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավարը՝ Սոնա Հովհաննիսյանը, Կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում նշանակվեց 6 ամիս առաջ։ Մեզ հետ զրույցում նա ասել էր, որ 60 կետից բաղկացած հաշվետվություն է կազմել, որտեղ նշել է հստակ արված քայլերը։ Նա մասնավորապես նկատել էր, որ այս 6 ամիսների ընթացքում Կոնսերվատորիայում տեղի են ունեցել համակարգային փոփոխություններ, երկու նույնատիպ ամբիոններ են միավորվել, բաց դասեր եւ «մաստեր կլասներ» են կազմակերպվել։ Պարեկային կետը փոխվել է պահակակետի, բուհի ներքին ռեսուրսների հաշվին 30 տոկոսով աշխատավարձ է բարձրացել։ 

Նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը թեեւ մեկ օրում իր որոշումը չի կայացրել, բայց վերջին օրն է առաջադրման հայտը ներկայացրել։ «Այս որոշմանը գալն այդքան հեշտ չէր, որովհետեւ ես՝ ինքս, շուրջ 7 տարի եղել եմ Կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտորը, բավականին լավ պատկերացնում եմ ե՛ւ անելիքները, ե՛ւ բուհի կառուցվածքը, ե՛ւ բացթողումները»,- ասում է ու ընդգծում, որ ծածուկ քայլեր չի անում, ուստի առաջինն իր առաջադրման մասին տեղյակ է պահել հենց ռեկտորի ԺՊ-ին՝ Սոնա Հովհաննիսյանին, ինչը շատ լավ է ընդունվել նրա կողմից․ «Նման հնարավորություն դեռ չէր եղել, որովհետեւ նախկինում գիտեիր՝ եթե որոշված է ընտրության ելքը, ուրեմն այդպես էլ կլինի, հիմա կա այդ հնարավորությունը՝ ազատ, նորմալ ընտրություններ անելու։ Ամենեւին չթերագնահատելով ներկայիս ռեկտորի պաշտոնակատարին, որը բավականին լավ երաժիշտ է, խելացի մարդ, բայց ես ունեմ իմ պատկերացումները, որը միգուցե չի հակասում ներկայիս ռեկտորի պատկերացումներին, ուղղակի լուծման ձեւերն ու ստրատեգիան են տարբեր»։  

Նա ընդգծում է՝ բոլորի ծրագրերն էլ թղթի վրա լավն են, բայց յուրաքանչյուր խնդիր լուծելու համար, բացի բարի կամքից եւ պրոֆեսիոնալներին համախմբելուց, պետք է ֆինանս ունենալ, ինչը շատ կարեւոր է, քանի որ շենքի պահպանման, աշխատավարձերի խնդիր կա։

«Սա թիվ մեկ խնդիրն է՝ փորձել տարբեր ճանապարհներով ապահովել ֆինանսների հոսքը դեպի Կոնսերվատորիա»,- ասում է Հարությունյանն ու նկատում, որ իրենք նույնպես նախկին ռեկտորի օրոք բարձրացրել էին աշխատավարձերը, ուղղակի տարիներն անցնում են, ու մարդիկ մոռանում են դա․ «Դա 2013-ին էր, նույնիսկ վաստակավոր եւ ժողովրդական արտիստներինը 50 տոկոսով բարձրացավ, բայց գումարը, իհարկե, այնքան քիչ է, որ պրոֆեսորին տրվող 70-80 կամ 100 հազարը մեկ դրույքի համար կատաստրոֆիկ բան է։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ֆինանսական հարցերը լուծել, իսկ դրանից առաջ ստեղծել այնպիսի միջավայր, որ եթե նույնիսկ ակնհայտորեն մարդիկ շատ ջերմ չեն իրար հանդեպ, բայց լինի առողջ մթնոլորտ»։ Հիմա այդ առողջ մթնոլորտը չկա՞։ «Պետք է ավելին անել, ես կողմնակից եմ առաջ շարժվել՝ առանց նախկինին քննադատելու, կամ եթե քննադատում ես, առողջ քննադատություն լինի, եւ դա դրոշ չդարձնել, որովհետեւ յուրաքանչյուր կառավարությունում, բացի վատից, նաեւ դրական բաներ են լինում, մինչեւ չափը չեն անցնում»։

Հարությունյանի կարծիքով՝ ցանկացած կառույցի զարգացման համար առաջին նախապայմանը լավ մթնոլորտի ձեւավորումն է․ «Այսօր չտեսնված պայմաններ են ստեղծվել բոլորիս համար, եւ մեզանից է կախված, թե ինչպես կվարվենք այս պայմաններում»։ Չտեսնված պայմաններ՝ բուհո՞ւմ, թե՞ երկրում։ «Երկրում, այսինքն՝ հնարավորություն է տրված ազատ եւ անկաշկանդ մթնոլորտում ընտրվել կամ չընտրվել։ Ես համոզված եմ, որ ընտրություններն արդար են անցնելու, եւ որեւէ միջամտություն չի լինի։ Դրանից հետո ավելի պարզ կլինի, թե ինչ ճանապարհով պետք է զարգանա Կոնսերվատորիան»։  

Այդ ֆինանսական հոսքերն ի՞նչ միջոցներով ու ճանապարհներով է փորձելու ապահովել։ Հարությունյանն ասաց․ «Հովանավորներից սկսած մինչեւ տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Հիմնականում սա, պետք է շատ ակտիվ լինել։ Շատ լավ հասկանում եմ, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել այնպիսի աշխատավարձեր, որ բավարար լինի ապրելու համար, դրա համար դրամաշնորհային ծրագրերի միջոցով պետք է ակտիվություն ցուցաբերել։ 2-րդ․ մեր Կոնսերվատորիայի նախկին շրջանավարտներին կապել Կոնսերվատորիայի հետ, որովհետեւ ունենք համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ»։ 

Այն դիտարկմանը, որ ռեկտորի ԺՊ-ի առաջին քայլերից մեկն այն եղավ, որ ազատեց բոլոր պրոռեկտորներին, այդ թվում՝ իրեն, Հարությունյանը պատասխանեց․ «Սոնա Հովհաննիսյանն ինձ չի ազատել աշխատանքից, բայց քանի որ ես հասկացա, որ նա իր թիմով է ուզում աշխատել, ինքս դիմեցի՝ ընդառաջ գնալով իրեն, որի համար ինձ շնորհակալ եղավ»։ Ապա հավելեց, որ ինքը խնդիրների լուծումն այլ կերպ կաներ, ոչ թե տոտալ ազատումներով։ «Եթե այդ մարդը հանցագործ չէ, մարդկանց աշխատանքից ազատելը լավագույն ճանապարհը չէ, որովհետեւ այդ մարդիկ փորձ ունեն, խոսքն իմ մասին չէ, բայց միգուցե դա էլ իր ձեւն է աշխատելու։ Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ մի մասը կարող է ասել՝ նախագահական երկիրն է լավ, մի մասը՝ խորհրդարանական, բայց երկուսն էլ լավ են, եթե ճիշտ աշխատեն։ Շատ կարեւոր է փորձառությունը, նաեւ չփնտրել ամեն տեղ հակառակորդ․ սա իմ համոզմունքն է։

Մինչդեռ մեզանում մինչեւ հիմա այսպիսի ընկալում կար․ եթե կա 2 թեկնածու, ուրեմն իրար հակառակորդ են, բայց չկա եւ չպետք է լինի նման բան։ Ամեն դեպքում, այսօր ունենք հնարավորություն՝ ազատ ընտրություններ անցկացնելու։ Ես աշխատել եմ, մարդիկ տեսել են իմ աշխատանքը, միգուցե իսկապես չեն ուզում այլեւս իմ հետ աշխատել, թող ընտրության օրը որոշեն։ Երկուսս էլ աշխատում ենք Կոնսերվատորիայում, եւ շատ տարօրինակ կլինի, որ մեզնից մեկն ուզենա, որ Կոնսերվատորիայի վիճակը վատ լինի։ Որը բարին է, Աստված թող դա էլ կատարի»,- ասում է Վաղարշակ Հարությունյանն ու նկատում, որ եթե ընտրություններում հաղթի Սոնա Հովհաննիսյանը, կշնորհավորի նրան ու կառաջարկի իր համագործակցությունը, կընդունվի նրա կողմից, թե՝ ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է։