Երեւի պետք է դեղ բաժանել հայ մարդկանց, որ սկսեն մտածել
Դեկտեմբերի 2-3-ը ՄԱԿ-ի՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանն էր, որի ժամանակ ադրբեջանցիների հրճվանքն է հարուցել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի պահվածքը:
Զեկուցող Յենգ Սիկ Յուեն Յենք Կամ Ջոնն «անհանգստություն» է արտահայտել Հայաստանում ազգային պատկանելության հողի վրա կատարված հանցագործությունների մասով եւ «մեծ մտահոգությամբ» շեշտել է, որ ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ առանձնահատուկ ռասիստական դրսեւորումներ կան, իսկ կոմիտեի անդամ Չունգ Չինսունգը շեշտել է, որ չնայած Հայաստանի զեկույցում Ադրբեջանին մեծ տեղ է հատկացվել, սակայն Հայաստանում ադրբեջանցիներ կարծես թե չեն ապրում: Այս` իրականությունից կտրված ու անտրամաբանական հարցադրումներին ու զեկույցներին, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հակադրվել է` ներկայացնելով, թե որքան խնդիրների են իրենք բախվում, եւ ի վերջո հաստատել է, որ Հայաստանում ադրբեջանցիներ չեն ապրում:
Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակը հետեւանք է այն բանի, որ մենք չունենք կադրեր, մասնագետներ․ «Մենք ունենք բառացիորեն փողոցից եկած մարդիկ, որոնք չունեն կրթություն կամ փորձ: Դրա համար էլ մեր դիվանագիտությունն այս վիճակում է»: Նա կարծում է, որ հիմա մենք պետք է այլ հարցերով զբաղվեինք` հիշեցնելով Սիրիայում տիրող իրավիճակը: Թուրքիայի ուղիղ աջակցությունն ու հովանավորչությունը ստացող խմբերը մտել են Հալեպ եւ շարունակում են գրոհը Սիրիայի վրա: «Վաղուց ասել ենք, որ նույն բանը կարող է լինել Հայաստանի դեմ: Մենք պետք է հասկանանք, որ պետք է ինչ-որ ձեւով դրան պատրաստվենք: Բայց մեր ղեկավարությունը որեւէ ձեւով չի կարողանում նախապատրաստել ժողովրդին, չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը։ Դա՝ առաջինը: Երկրորդը․ շատ հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը խոսում է ադրբեջանցիների եւ թուրքերի նկատմամբ ատելության խոսքի մասին, որն իսկապես բացասական բան է եւ չպետք է տեղի ունենա, սակայն նա խոսում է դրա մասին եւ չի անդրադառնում այն փաստին, որ ամբողջ աշխարհի առջեւ, միջազգային կազմակերպությունների ու իրենց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների կողմից անտեսվեց էթնիկ զտման դեպքը, եւ որեւէ մեկը չարձագանքեց դրան, որ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան բռնագաղթել իրենց բնակավայրերից, եւ դրա մասին ինքն անհրաժեշտ չի գտնում խոսել: Եվ երրորդը․ հետաքրքիր կլիներ, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ տասնյակ, եթե ոչ հարյուր-միլիոնավոր դոլարներ են ծախսվում Հայաստանում, որ ատելություն առաջացնեն ռուսների եւ Ռուսաստանի դեմ: Ինչպես միշտ, մենք զբաղված ենք ինչ-որ անհասկանալի, հիմար խաղերով, փոխանակ զբաղվենք ռեալ քաղաքականությամբ»,- ասաց Խաչիկյանը:
Հանգամանքը, որ ԱԳ փոխնախարարը չի կարողացել ըստ արժանվույն հակադարձել զեկուցողների անհիմն մեղադրանքներին, քաղաքագետը բնական է համարում եւ զարմանում է, որ մենք զարմանում ենք: Անպատրաստ մարդն ինչպե՞ս կարող է հակադարձել՝ նրանք «փողոցից եկած բացարձակ անպատրաստ մարդիկ են»: «Սա անկոմպետենտության, անմեղսունակության դրսեւորում է, սա քաղաքականության բացակայության հետեւանք է՝ մենք քաղաքականություն չունենք, ես չգիտեմ՝ մեր քաղաքականությունն ինչ է: Մեր քաղաքականությունն այն է, որ մենք ամեն ձեւով ամեն կողմից պարտվեցինք՝ դա է մեր քաղաքականությունը: Հիմա էլ նրանք շարունակում են չգիտեմ ինչով զբաղվել՝ Ադրբեջանը զինվում է, Թուրքիան մտնում է Սիրիա, սպառնալիք կա, որ ուժ է գործադրվելու մեր դեմ… ինչո՞վ են զբաղված այս մարդիկ՝ Դուք հարցրեք իրենց»,- ասաց Խաչիկյանը: Գուցե հայերին պետք է դե՞ղ բաժանել, որ նրանք ի վերջո սկսեն մտածել, չէ՞ որ նույնկերպ, ինչպես թուրքերը մտան Հալեպ, ինչպես ադրբեջանցիները մտան Արցախ, նույն ձեւով մտնելու են Սյունիք եւ հետո Հայաստանի մյուս մասերը։ «Իսկ մեր մարդիկ թող զբաղվեն նախկինների մասին խոսելով, թալանի մասին խոսելով եւ ռուսներին ատելով։ Դա մեզ հաստատ շատ կօգնի»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը:
Կարծիքներ