Մեռնեմ՝ ավելի լավ չի՞․․․

Մեռնեմ՝ ավելի լավ չի՞․․․

Որ Նիկոլ Փաշինյանը  խաղեր է տալիս էգ ու որձ կովերի հետ՝ իբր չի ջոկում, թե նրանցից որն է էգը ու որը՝ որձը, իր նպատակն ունի։ Իջևանի «խոզ խանձողը» կարո՞ղ է չտարբերել կովի էգ ու որձին։ Այս մարդը ուզում է համոզել մի ողջ ազգի, որ իրեն հետաքրքիր չէ Արայիկ Հարությունյանի նստացույցը։ Որ իրեն ավելի շատ կովի բարեկեցությունն է հետաքրքիր։ Որ ինքը չի խառնվում Արցախի գործերին։ Գիտե՞ք ինչ խաղի է նման՝ էն որ տիկնիկային թատրոնում խաբում են երեխաներին, որ տիկնիկներն իրենք են խաղում, տիկնիկներն իրենք են խոսում ու շարժումներ անում։ Մոտավորապես այս վիճակում ենք։ Մի ողջ ազգի դրել է մանկամիտի տեղ ու իր տիկնիկային թատրոնն է տալիս։ Արայիկին ու պետնախարարին նստեցրել է վրանում՝ աթոռների վրա ու հրահանգել՝ կանեք, ինչ ասում եմ։ Ինքը իր տիկնիկային լարային համակարգով տիկնիկներին ինչպես ուզում, շարժում է։ Այսօր կարդում եմ արցախցի մի ոչ անհայտ կնոջ գրառումը, որը մեղա գալու աղոթք է անում և ասում, որ բոլորս էլ մեղավոր ենք և կարող ենք սխալվել ու մեղա գալ։  Իսկ ինչու՞ Արայիկը չէր կարող մեղք գործել ու նստացույցով մեղա գալ։ Արցախը փոխհամաձայնեցված հանձնելը մեղք  է համարում և այնպիսի մեղք, որ Արայիկը կարող է նստացույցով քավել։ Չգիտեմ՝ սույն տիկինը պատկերացնու՞մ է, որ Արայիկի այդ քայլը կարող է ավելի վտանգավոր լինել, քան Արցախը հանձնելը։ Ավելի պարզ պատկերացնելու համար մեջբերում եմ նրա գրածի հիմնական հատվածը․ 

«Երեկ ես եղա նախագահի մոտ` Օսիպյան Արթուրի հետ: Զրուցեցինք վրանի մեջ: Չտարածվեցի նրա մեղքերի վրա: Թեման` դեպի Հակարի կամուրջ գնալը և այնտեղ վրանավորվելն էր: Ի զարմանս ինձ` նա անմիջապես համաձայնվեց, ասելով` այո պետք է գնանք, բայց մի հույս էլ ունենք օգոստոսի մեկին: Դրան էլ սպասենք` եթե դրական չեղավ` նոր կգնանք: Ըստ իրեն` ՄԱԿ- ը կարող է գրասենյակ բացել այստեղ և դա շատ բան կփոխի տարածաշրջանում: Ներքուստ ուրախություն զգացի, ուրեմն դեռ չեն սպառվել դիվանագիտական խաղերը: Աստված բարին կատարի, բայց հարցրի իրեն.
-Ինչ է, դու՞ք էլ եք ուզում գաք։ 

Զարմացած պատասխանեց` եթե իմ ժողովուրդը գնում է, եթե Հաջյան Միքայելը գնում է ( երկու զոհված տղաների հայր) ես ինչ աստիճան սրիկա պետք է լինեմ, որ չգամ: Մեռնեմ` ավելի լավ չի՞
Քննախույզ նայեցի, ասացի` օրը կգա, կտեսնենք:Կազմակերպչական հարցերը վերցնու՞մ եք ձեր վրա
Նորից զարմացրեց, ասելով` ամեն ինչ:

Իսկ գնացողները պետք է լինեն հազարավորներ, մինչև Շուշի մեքենայով, այնտեղից` ոտքով, մինչև կամուրջ: Վառելիքի հարց կա, սննդի հարց կա, պրովոկացիաների հարց կա: Համոզված եմ, Հայաստանը ևս պատասխան հանդիպակաց երթը կանի` դեպի կամուրջ: Գուցե օրեր տևի աստեղ բանակելը: Բայց չպետք է շարժվենք, մինչև աշխարհը չարձագանքի և ճանապարհը չբացի` պարտադրելով Ադրբեջանին ու այնտեղ միջազգային գրասենյակ դնելով»:

Հիմա ասեք՝ Նիկոլը գործ անու՞մ է, թե՞ կով է կթում։ Արցախը Արայիկի միջոցով ,, ռուլիտ անու՞մ է,, , թե էգ ու որձ կով է ջոկում։ Փաստորեն այս երկրի ընդդիմադիրները Արայիկն ու Նիկո՞լն են։ Մի կողմից Արայիկը Հակարի կամրջի մոտ է տանում հայրենասիրական մղումներից դրդված արցախցիներին, հետն էլ ասում է, որ ինքը առաջին շարքում է լինելու։ Առաջին շարքում ես լինելու, թուրքը արդեն լսում է և դժվա՞ր է հասկանալ, որ քեզ ոչինչ չի լինելու, ինչ որ լինի վերջին շարքում լինողների կամ ցուցակում հայտնվածների հետ է լինելու։ Մյուս կողմից էլ Նիկոլը երևանցիներին անլեգալ, զարտուղի ճանապարհով կուղարկի Հակարի կամուրջ։ Այստեղ է, որ քաղաքագետները պիտի խոսեն․ ո՞րն է սրանց նպատակը։ Ի՞նչ են երկուսով նախապատրաստում հայ ազգի գլխին։ Գրառում անողը արցախցիներին խորհուրդ է տալիս՝ «Եկեք նրանից առաջ չընկնենք ու քար չնետենք իրար վրա: Թող քար նետի միայն անմեղը»: Այսինքն Արայիկի ասածը արեք՝ «Ով ուզում է քինա, ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա»։ 
Ձեններս կտրենք, նստենք։ Ու մենակ Արայիկին լսենք ու Նիկոլին։