Մրսո՞ւմ ես, պարոն նախարար

Մրսո՞ւմ ես, պարոն նախարար

Զինվորի հետ մի սովորական  ձեռքսեղման մեջ էլ կարելի է հասկանալ՝ պաշտպանության նախարարդ տեղու՞մ է կամ Հայաստանի անվտանգությունը ապահով ձեռքերու՞մ է։ Սա պաշտպանության նախարարի  առաջին նկարը չի զինվորի հետ, որն ինձ տարակուսանքի մեջ է գցում՝ այս մարդու մեջ ուժ, էներգետիկա չկա՞։ Դա ավելի խորն ես զգում, երբ նախկին պաշտպանության նախարարների շփումը զինվորների հետ տեսել ես։ Տեսել ու մտածել ես՝ եթե նման պաշտպանության նախարար ունենք, մեզ պարտվել չի լինի։ Մեր հաղթանակների պաշտպանության նախարարները։ Հաղթանա՞կն է նրանց ու՞ժ տվել, թե՞ անսահման սերը երկրի հանդեպ։ Գուցե երկուսը միասին։ 
Մի քանի օր է այս նկարից ուշքի չեմ գալիս։ Այնպիսի տպավորություն է թողնում, ասես  զինվորը պիտի հարցնի, մրսու՞մ ես, պարոն նախարար։ Կամ գուցե՝ հիվա՞նդ ես, պարոն նախարար։ 

Երբ զինվորներն աստվածացնում, գերբնական էին պատկերացնում Վազգեն Սարգսյանին՝ քաշվում  նրանից, Վազգենն  ասում էր․ 
«Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա`ո՞վ է ինքը…»:

«Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա`ո՞վ է ինքը»։ Գուցե այդ հարցն իրեն տալիս է նաև Պապիկյանը ու չի կարողանում պատկերացնել, թե ով է ինքը, ինչ գործ ունի պատերազմող երկրի պաշտպանության նախարարությունում։ Ինչու՞ են իրեն նշանակել այդ տեղում։ Ինչու՞ է հագուստն իրեն խեղդում։ Եվ վերջապես որպես ի՞նչ է սեղմում զինվորի ձեռքը, երբ կարող էր սառած ձեռքերը դնել գրպանում ու տաքանալ։