Նիկոլը շատ զգույշ էր, Արամ Զավենի Սարգսյանն էլ շատ քնքուշ

Նիկոլը շատ զգույշ էր, Արամ Զավենի Սարգսյանն էլ շատ քնքուշ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի արդեն նախկին թաղապետ Տիգրան տեր-Մարգարյանն այսօր հրաժարական տվեց: Վերջինս լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքն է քաղաքական որոշումները կայացնում: 

Հիշեցնենք, որ Տեր-Մարգարյանը թաղապետարանում հանրային քննարկման ժամանակ՝ մոտ տասը հոգով ծեծի էր ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ով ստացել էր վնասվածքներ, սակայն արդյունքում ձերբակալել էին հենց Չախոյանին:

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը փոխանակ կուսակցի արարքը դատապարտելու, հայտարարել էր, որ իրենք աջակցում են իրենց կուսակցին և եթե հանկարծ Տեր-Մարգարյանը պաշտոնանկ արվի, ապա իրենք էլ կհրաժարվեն Երևանի քաղաքապետարանում ավագանու մանդատներից ու պաշտոններից, իսկ դա կնշանակեր՝ Երևանում արտահերթ ընտրություններ:

Սակայն, քսան օր հետո Տեր-Մարգարյանն, այնուամենայնիվ, հրաժարական տվեց: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Տեր-Մարգարյանի հրաժարականին, ասաց, որ պետք է գիտակցել մի շատ կարևոր հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանի և Արամ Զավենի Սարգսյանի տերերը նույն կենտրոններից են և Արամ Զավենի Սարգսյանը չէ, որ պետք է որոշում ընդունի՝ դուրս է գալիս կոալիցիայից, թե ոչ:
«Հիշում եք, սկզբում այդ շանտաժի դրսևորումները, որ կիրառում էին, եթե չեմ սխալվում Մալաթիայի վարչական շրջանի ղեկավարն էր ասում, որ եթե հանկարծ իրենց Նոր Նորքի թաղապետը հեռացավ պաշտոնից, իրենք վայր կդնեն մանդատները: Դե երևի թե, ենթադրաբար, Արամ Զավենի Սարգսյանի ականջին կաթացրեցին, որ քեզ հանգիստ պահիր՝ դու չես որոշողը, ինքն էլ հայտարարեց, որ եթե նույնիսկ իրենք իրենց պաշտոններից էլ հրաժարվեն՝ Երևանը ռսահպատակներին չեն տա: Այնպես որ, այստեղ մենք տեսնում ենք ևս մեկ ապացույց այն փաստի, որ Նիկոլ Փաշինյանի և Արամ Զավենի Սարգսյանի տերերը նույն կենտրոններն են: Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ եթե ինքը շարունակի ավելի ագրեսիվ դիրքորոշում դրսևորել Արամ Զավենի Սարգսյանի և նրա թիմի նկատմամբ և գործը տանի դեպի արտահերթ ընտրություններ Երևանում, ինքը պարտվելու է՝ ավելի խայտառակ արդյունքներ է ունենալու՝ Երևանում նոր կամ արտահերթ ընտրությունների պարագայում, քան Գյումրիում իրենք արձանագրեցին: Սրանով է պայմանավորված, որ այս քսան-քսանհինգ օրը Փաշինյանը շատ զգույշ էր, իսկ Արամ Զավենի Սարգսյանն էլ իրեն շատ քնքուշ էր պահում»,-նկատեց քաղաքագետը:
Իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետն էլ հայտարարել էր, որ մանդատները վայր կդնեին, եթե Նոր-Նորքի «խուլիգան» թաղապետին ազատեին պաշտոնից, սակայն, պարզվում է, նրան չեն ազատել՝ նկատում է Համբարյանը: 

Դրանով փորձեցին մանևրել՝ իրենց խոստումին հավատարիմ չմնալը որևէ կերպ ներկայացնելու համար:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից լրատվամիջոցներին ու առանձին անհատներին թիրախավորելը՝ ոջիլ, տգետ, տխմար բառերով վիրավորելը: 
«Նպատակը՝ հանրության ուշադրությունը երկրի առաջ ծառացած խնդիրներից շեղելն է: Տարբեր տեխնոլոգիաներ և տարբեր մեթոդներ են կիրառվում, և գործը հասել է նրան, որ Հայաստանի վարչապետի կողակիցը սկսել է անձնական վիրավորանքներ տալ մարդկանց իր ֆեյսբուքյան էջով: Նախ նշենք, որ ոչ միայն Հայաստանի նախկին ղեկավարների կանայք նման վարքագիծ չեն դրսևորել, դուք միջազգային պրակտիկայում այսպիսի բան չեք տեսել ու չեք էլ տեսնի: Դուք երբեք չեք տեսնի, որ Մելանյա Թրամփը, Մեհրիբան Ալիևան, Իրանի նախագահի կինը, Չինաստանի նախագահի կինը իրենց թույլ տան սոցիալական ցանցերում առանձին անհատների անվանել տխմար, տգետ, ոջիլ: Խնդիրն այն է, որ նման բառամթերք է օգտագործում մի կին, որն իբրև թե վիրավորվում է իրենց և իր ընտանիքին ուղղված վիրավորանքներից ու մեղադրանքներից, ում ամուսինը գյուղացիների հետ հանդիպմանն ասում է՝ նախկիններին պիտի շինեմ, բառիս բուն իմաստով, Ազգային Ժողովի ամբիոնից ասում է՝ «ինչ ուզենամ, այն էլ թափ կտամ, վեր ընգի տեղդ, համբալ»: Այս պարագայում երկրի ղեկավարը պետք է սպասի, որ միգուցե ոչ առաջինը, բայց երկրորդը, կամ երրորդը մի օր կբարձրանա ու նույն բառամթերքով իրեն կարձագանքի: Տիկինը փորձում է իրեն երևակայել շատ գրագետ, տիկինը փորձում է իրեն երևակայել  շատ զարգացած, շատ դաստիարակված, հասկանո՞ւմ եք: Այդ ոճի մեջ է իրեն փորձում ներկայացնել, բայց իրականում այդ տիկնոջ ընտանիքի անդամը փողոցային բառապաշար է օգտագործում պետական հիմնարկների տարածքում, լրատվամիջոցների, քաղաքացիների հետ հանդիպմանը: Ցույց տվեք ինձ մի երկրի ղեկավարի, որը կարող է հանրության մի շերտի հետ հանդիպման ժամանակ ասի՝ նախկիններին տեսեք ոնց եմ շինելու, այնպես որ այս կինը որրևէ բարոյական իրավունք չունի մարդկանց դաս տալու կամ կշտամբելու: Էլ չեմ ասում այդ կնոջ բառամթերքը՝ անդաստիարակ, անմակարդակ և ցինիկ»,-ասում է Համբարյանը:

Ինչ վերաբերում է այն կնոջը, ում Աննա Հակոբյանը վիրավորել է, վերջինիս եղբայրը Նիկոլ Փաշինյանի կողմից միտումնավոր սանձազերծված պատերազմում է մահացել, երկրորդը` այդ կինը զրկվել է իր հայրենիքից՝ Արցախից, այդ կինն ինչ էլ ասի, ինչ էլ չասի, այդ կնոջ ցավերն ու դարդերն այնքան շատ են, որ մարդիկ պետք է որոշակի ըմբռնումով մոտենան: Առավել ևս այդ մարդկանց ավելի մեղմ պետք է վերաբերվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են այդ կնոջ դժբախտության մեջ: Բայց ընդհակառակը՝ մենք ի դեմս Աննա- Էրատոյի, տեսնում ենք, որ ավելի ագրեսիվ են հիմա դարձել»,- նկատեց քաղաքագետը:

Համբարյանը ենթադրում է, որ Աննա Հակոբյանի մոտ այս ագրեսիվ դրսևորումները երևի թե ճայթել են Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Եռաբլուր իր օգնականի որդու շիրիմին այցելության ժամանակ միջադեպ էր ունեցել զոհվածների ծնողների հետ, երբ նրան կշտամբել են ու մեղադրել:
«Այս կինը՝ Աննա -Էրատոն, որոշել է, որ ինքը ամեն մի քաղաքական գործչի, ամեն մի անհատի, իրենց և իր ընտանիքի անդամներին ուղղված վիրավորանքներին պետք է ավելի կոպիտ պատասխաններ տա»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը: