Բնության հետ «դու»-ով չի կարելի խոսել

Բնության հետ «դու»-ով չի կարելի խոսել

Հանրությունը տեւական ժամանակ է՝ քննարկում է Ամուլսարի հանքի շահագործման թեման։ Մի մասը կողմ է, որ հանքը շահագործվի, մյուս մասը դեմ է՝ պնդելով, որ սարը պետք է մնա սար ու հանք չդառնա, քանզի վնաս է բնությանը։ Թեպետ մասնագետներ կան, որոնց կարծիքով՝ այդ վնասները կառավարելի են։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ իսկ մյուս հանքերը, որոնք շահագործվում են, անվնա՞ս են։

Պարզվում է՝ Հայաստանում ոսկու հանքավայր կա՝ Թուխմանուկ հանքավայրը, որն ավելի վտանգավոր է, քան կարող է լինել Ամուլսարը, եթե բացվի։ Երկրաբան, հանքաբան, գիտությունների թեկնածու եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հանքերի եւ բնական պաշարների գործակալության նախկին ղեկավար Սամվել Գրիգորյանի հետ զրուցել ենք այս թեմայով։ Ի դեպ, թե որքան ոսկու պաշար կա Ամուլսարում, ժամանակին հենց Գրիգորյանն է տվել։

- Պարոն Գրիգորյան, Ամուլսարի հանքի շահագործման հարցում կառավարությունը կանգնել է բարդ երկընտրանքի առաջ՝ առաջնորդվել տնտեսական շահով եւ թո՞ւյլ տալ հանքի շահագործումը, թե՞ կարեւորել բնապահպանական շահն ու արգելել։ Դուք լուծում տեսնո՞ւմ եք։

- Կառավարության ընտրած մոդելը՝ քննարկում, թերեւս սխալ է՝  հասարակությանը հարցնել՝ կողմ է, դեմ է։ Սա նեղ մասնագիտական հարց է։ Եվ այսպիսի հարցի ժամանակին՝ մի 70 տարի առաջ, առնչվել են խորհրդային ղեկավարները Հայաստանի ամենահարուստ՝ Սոթքի հանքավայրի առումով։ Էն ժամանակ այնտեղ կառուցվեց մի գործարան, բայց մասնագետների ճնշման տակ իշխանություններն առճակատման գնացին Մոսկվայի հետ եւ էդ գործարանը քանդեցին։ Ավելին ասեմ՝ Մոսկվայից գումարներ պոկեցին եւ կառուցեցին մոտ 250 կմ երկաթգիծ՝ Սոթքի հանքաքարը բերելով Արարատ, որ էնտեղ վերամշակեն։ Այսինքն՝ 2000 մետրից իջեցրին ծովի մակերեւույթից 900-1000 մետր բարձրության վրա։ Եվ ժողովուրդը չիմացավ՝ ինչ եղավ, ոնց եղավ, այսինքն՝ մասնագիտական լուծում տվեցին։ Հիմա նույն հարցին առնչվել են մեր էսօրվա իշխանությունները։ Խորհրդային տարիներին կար ընդամենը 2-3 պոչամբար՝ Քաջարանինը եւ Սոթքինը։ Հիմա 2-3 տասնյակից ավելի են այդ պոչամբարները։ Ի՞նչ է պոչամբարը՝ հանքանյութի մշակումից հետո ստացված թունավոր նյութերով լեցուն մի ամբար։ Հիմա Քննչական կոմիտեի ղեկավարն ասում է՝ ռիսկերը կառավարելի են։ Թե ոնց են կառավարելի, անհասկանալի է։ Էդ շահագործողը մի 5-10 տարում կշահագործի, կթողնի կգնա, բայց էդ թունավոր նյութերով ամբարները դարերով կմնան մեր ժողովրդի ուսերին։

- Բայց ELARD-ի փորձաքննության արդյունքում ասվեց, որ պետք է նվազեցվեն այդ ռիսկերն ու վնասները, մի քանի շերտ հողի տակ են թաղելու պոչամբարը։

- Ինչի էդ հողը Հայաստանի հողը չէ՞։ Հողի տակ թաղելս ո՞րն է, նման բան գոյություն չունի։  Ամենաճիշտ պատասխանը տվեց մի 10-11 տարեկան տղա՝ Ջերմուկում, վարչապետի այցի ժամանակ։ Մոտավոր ասաց, որ «Լիդիանն» օտար կազմակերպություն է, կստանա իր շահը, կթողնի կգնա, մենք կմնանք մեր էդ թունավոր նյութերի հետ միասին։ Շատ պարզ եւ հստակ պատասխան։ Հիմա էդ ռիսկերը նվազեցնել՝ գոյություն չունի նման բան։ Բնության հետ ոչ ոք չի կարող քյալլա տալ՝ ռիսկերը նվազեցնի, չգիտեմ ինչ անի․․․ այսինքն՝ ինչ է, «Լիդիանն» ամբողջ պատմության ընթացքում պիտի նստի էստեղ եւ էդ ամբարը վերահսկի՞։

- Հիմա Դուք ինչպե՞ս եք տեսնում լուծումը, մի կողմից կա բնապահպանական խնդիր, մյուս կողմից՝ տնտեսական լուրջ խնդիր է՝ կարող ենք չունենալ օգուտներ, դրան գումարած՝ կկրենք ահռելի վնաս։

- Որեւէ տնտեսական հարց չկա։ Էդ հավանական օգուտները որեւէ կերպ չեն հավասարակշռվում վնասների հետ։ Էդ կառավարությունը հաշվե՞լ է՝ էդ մի քանի հարյուր միլիոնը, որ պիտի հարկերի ձեւով ստանա, քանի՞ հարյուր միլիոն կվճարի էն խոցերով ու ուռուցքով հիվանդներին, որ մարդկանց բուժեն։ Եվ, վերջապես, բնության հետ «դու»-ով չի կարելի խոսել։ Ամերիկայի նման հզոր պետությանն անգամ մի տորնադո կարող է գալ ու խեղճացնել։ Չի կարելի բնությանն ասել՝ կառավարելի կսարքեմ։ Լուծումը հետեւյալն է․ եթե մեր վարչապետն էնպիսի ճնշման տակ է, որ չի կարողանում հրաժարվել հանքի շահագործումից, ուրեմն պետք է հետեւի Խորհրդային Միության տարիների ղեկավարներին՝ թող իջեցնեն Արարատյան դաշտ, Արարատի էդ գործարանում վերամշակեն հումքը, պոչամբարն էլ էլի էնտեղ կլինի։ Էդտեղից, արդեն, եթե արտահոսք էլ լինի, կգնա Արաքս գետով Կասպից ծով։ Այսինքն՝ ջուրը վերեւ չի բարձրանում, ջուրը ներքեւ է իջնում, իսկ ամենացածր դիրքը դա է։ Եվ ես խորհուրդ կտայի վարչապետին, որ բոլոր մետաղական հանքավայրերի վերամշակումը տվյալ տարածաշրջանի ամենացածր հորիզոններում տեղակայվի՝ բնակչությունից ներքեւ, որպեսզի չվնասի մարդկանց։

- Իսկ որքա՞ն ոսկի կա Ամուլսարում։ Ժամանակին Դուք եք, չէ՞, գնահատական տվել։

- Ես հաստատել եմ 0.7 գրամ՝ մեկ տոննայում, իրենք շատ-շատ կարողանան ստանալ 0.5 գրամ։ Այսինքն՝ 2-2.5 տոննա լեռնային ապար պիտի մշակեն, որպեսզի միջից 1 գրամ ոսկի ստանան։ Բա էն մնացածն ի՞նչ են անելու։ Հիմա, էս քննարկումների ժամանակ երբեք չեմ լսում «պոչամբար» բառը։ Դրա մասին չեն խոսում։ Ժողովրդի ամբողջ անհանգստությունը դա է։ Երբ հանքի տնօրենին՝ Հայկին, ես հարցրի, թե գործարանը որտեղ եք կառուցում, Կեչուտի ջրամբարի մո՞տ, ինքը հասկացավ՝ ինչ եմ հարցնում, ու անմիջապես ասաց՝ մի քիչ ներքեւ է ընկնում։ Հարցրի՝ իսկ պոչամբա՞րը որտեղ է լինելու, ասաց՝ մենք պոչամբար չունենք։ Հիմա հարց՝ ի՞նչ եք անելու, այդ դեպքում, թունավոր նյութերով լեցուն միլիոնավոր տոննաներով այդ զանգվածը։ Պիտի մի տեղ լցնե՞ս, թե՞ ոչ։ «Չունենք պոչամբար»-ը ո՞րն է։

- Իսկ մյուս հանքերի մասո՞վ ինչ կարող եք ասել։

- Մեր երկրում մետաղական հանքերը գտնվում են ծովի մակարդակից 2000 մետրից վերեւ, ժողովուրդն ապրում է 2000 մետրից ներքեւ՝ մինչեւ 1000 մետր բարձրության վրա։ Այսինքն՝ այսպես, թե այնպես, էդ հանքերի շահագործումն ազդելու է ժողովրդի վրա։ Բայց, որպես նվազագույն ազդեցություն, եթե տեղափոխում են ու վերամշակումն իրականացնում ներքեւի հորիզոններում, էդտեղ վնասները դառնում են կառավարելի։ Օրինակ՝ հիմա Սոթքի հանքավայրի մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ հանքանյութը լցնում են վագոնների մեջ ու տեղափոխում Արարատ, էնտեղ են վերամշակում։
Ինչ վերաբերում է մյուս հանքավայրերին, ապա ամենավտանգավորն Ապարանի Թուխմանուկի հանքավայրն է։ Էդ հանքավայրից ես հաստատել եմ երկու էլեմենտը, էնտեղ 5 էլեմենտ է։ Այսինքն՝ երեք էլեմենտը հաստատված չէ։ Բայց իրենք էն ժամանակ կարողանում էին կառավարության վրա ազդել։ Նախկին նախարարներից ինչքան ինձ հարցրել են՝ Արմեն Մովսիսյանը, Երվանդ Զախարյանը, ես ասել եմ՝ դեմ եմ, որովհետեւ էդ հանքավայրի պաշարները հաստատված չեն։ Դրանք համարվում են հաստատված, եթե 5 օգտակար հանածոյի առումով էլ ամբողջական գնահատական կա։ Հիմա, իրենք երկու էլեմենտն էին հաշվել՝ ոսկին ու արծաթը, բերեցին հենց էդպես հաստատեցին։ Ես հետո իմացել եմ, որ շահագործման թույլտվություն են տվել։ Ո՞ր իրավունքով։ ԱՄՆ-ում մի փաստաբան կա՝ Վան Գրիգորյան, նա է էդ հանքի հետեւում կանգնած։ Էդ փաստաբանը կարողանում էր մեր կառավարությանը (մինչեւ Փաշինյանի կառավարությունը) նեղել, խեղճացնել, որ ինչ ուզի՝ անեն։ Ու էդ հանքի թույլտվությունը տրվել է, կարծեմ, Երվանդ Զախարյանի ժամանակ։ Իսկ ինչո՞վ է վտանգավոր էդ հանքը։ Ուրեմն, էդ հանքի տակ Արագածից եկող ջրերի 40-ից ավելի աղբյուրներն են, որից ձեւավորվում են Քասախ գետը եւ մնացածը։ Ու էդ 40 աղբյուրները մենք մտցրել ենք խողովակների մեջ եւ բերել ենք Երեւան, Արարատյան դաշտավայր։ Այսինքն՝ մեր բնակչության մոտ 2/3-ն այդ վտանգի տակ է, քանի որ մշտապես վտանգ կա, որ էդ հանքի թունավոր նյութերը կարող են խառնվել ջրերին, լցվել խողովակների մեջ, որի ջրերից սնվում ենք մենք։