Հույս ունեմ, որ այդ խայտառակությունն արժանի պատասխան կստանա

Նաիրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նայեցի Հ1-ով եթեր գնացած աննախադեպ խայտառակությունը, որը կրում է «Երկրորդ աշխարհամարտ։ Միֆեր և իրականություն» անվանումը։ Ես դա չեմ անվանի քարոզչական հաղորդում, քանի որ քարոզչությունը, նույն ինքը` պրոպագանդան լուրջ մասնագիտական հմտություններ պահանջող գործ է: Այստեղ նյութը փուչ է` թե լրագրության, թե պատմագիտության և թե պրոպագանդայի տեսանկյունից։ Բայց դա չէ ամենասարսափելին։
Այն, ինչով զբաղվում են այդ 6 հոգին հեռուստատեսային տաղավարում կանգնած՝ 2 հաղորդավար և 4 հրավիրյալ հյուր, ոչ պրոպագանդա է և ոչ էլ պատմական փաստերի խեղաթյուրում։ Ու ոչ էլ հաթաթա Ռուսաստանին, ինչպես համոզված են իրենք ու նրանց այդ հաղորդումը պատվիրած Նիկոլը։ Դա ավելի դիվային մի բան է։ Նրանք բութ կացնով տաշում են հայկական լսարանի արժեհամակարգի անկյունաքարերից մեկը, որի հիմքում դրված է ֆաշիզմի դեմ տարված ՀԱՂԹԱՆԱԿԻՆ մաս կազմելու գիտակցությունը։ Նրանք կեղտ են շպրտում այդ պատերազմում հերոսացած անունների նկատմամբ, որոնք, ըստ այդ հաղորդման ենթատեքստի, զոհվել են «հանուն ոչնչի», քանի որ ոչ Սովետմիությունը, ոչ Հայաստանը ոչինչ չի շահել այդ հաղթանակից։ Դժոխային գործով են զբաղված։ Առանց այդ էլ պարտության բեռի տակ կքած սերնդին ուզում են դարձնել բանջարաբոստանային կուլտուրա։ Սարսափելի բան է տեղի ունենում։
Ո՞րն է այդ հաղորդման դրդապատճառը, Թեզ Առաջինը, այսպես ասած։ Նիկոլ Փաշինյանը, ում դուխը չի հերիքել Պուտինին ասել՝ ոչ, չեմ գալիս քո կազմակերպած Շքերթին, թարախակալած սրտով հետ է վերադարձել Մոսկվայից ու որոշել է իր սիրած՝ ստեր տարածելու ձևով սիրտը հովացնել, այն է՝ «դիմակազերծել» ռուսներին ու նրանց ստեղծած «միֆերը», առանց իրեն հաշիվ տալու, որ դա այն թեման չէ, որին կարելի է ուղղել պիղծ սլաքներ։ Պետրոսն էլ տուտ կակ տուտ՝ չորս ժամում ուսումնասիրել է Երկրորդ Համաշխարհայինի ողջ պատմությունը ու տաղավար հրավիրել դեմքերի, ովքեր «մասնագիտորեն» կհաստատեն Նիկոլի թեզերը։
Հյուրերից առաջինը, հաղորդման սկզբում երկչոտ փորձեր է անում Նիկոլի Թեզ Առաջինի հետ լիարժեք չհամաձայնվելու, բայց Պետրոսը` «իր պատմական լայն գիտելիքներով» համառորեն նրան «ճիշտ ճանապահի» է բերում, ստիպելով, որ նա հաստատի այդ Թեզ Առաջինը, թե` Ստալինը ինքն էլ էր պատրաստվում հարձակվելու ֆաշիստական Գերմանիայի վրա։ Տասը տարի պատրաստվում էր Ստալինը այդ պատերազմին, ըստ Պետրոսի։ Հետո, զրույցի ծավալման ընթացքում բոլոր հյուրերը, անկախ իրարից փաստացիորեն հերքում են Պետրոսին՝ միաբերան կրկնելով այն միտքը, որ Սովետական Միությունը պատրաստ չէր պատերազմի, պարտվում էր սկզբում, մարդիկ սովի էին մատնված, բանակը թշվառ վիճակում էր, չուներ զենք, տեխնիկա և այլն։ Այսինքն, բանակը, որը տասը տարի պատրաստվել էր հարձակման, նման թշվառ վիճակում էր։ Մառազմ։
Ավելին, ըստ հաղորդման հյուր տիկնոջ, հարձակման պատրաստ Ստալինը սկզբում հրաման էր տվել չկրակել։ Ըստ նրա, 1940 թվականին 325 անգամ Հիտլերը խախտում է ԽՍՀՄ օդային սահմանը, իսկ 10 տարի հարձակման պատրաստված Ստալինը հրամայում է չկրակել։ Բայց մենք տեսնում ենք, որ հաղորդավարների առաջ դրված է հստակ պահանջ՝ երկունք տալ այն մառազմատիկ մտքին, թե Երկրորդ համաշխարհայինը հրահրել է Ստալինը ու այդ իսկ պատճառով հաղորդավարուհին, հյուրի խոսքերը ականջի կողքով բաց թողելուց հետո, մեկ անգամ ևս իր հարց-համոզմունքով ստիպում է նրան հաստատել իրենց Թեզ Առաջինը։ Նա հարցնում է. «Այսինքն կարելի՞ է ասել, որ Խորհրդային ռեժիմը, ստալինյան ռեժիմը Երկրորդ համաշխարհային պատերազմը հրահրողներից մեկն էր և հետպատերազմական շրջանում փորձում էր սրբագրել իր պատմությունը»։ Հյուրը` Լիլիթ անունով, պատասխանում է՝ իհարկե։ Ընկերներ, սա պրոպագանդա չէ։ Սա մառազմ է։
Հետո հաղորդավարուհու կողմից հնչում է փայլուն հարց. «Ձեր կարծիքով այս պատմական միֆերը որպես քարոզչություն ինչի՞ են օգտագործվում։ Որովհետև, եթե սեփական ժողովրդիդ ճշմարտությունն ես ասում, արդյո՞ք էդտեղ նսեմանում է քո դերը»։ Ես առաջարկում եմ այս հարցը հաջորդ անգամ հասցեագրել Նիկոլ Փաշինյանին ու, հա, իհարկե, Արծրուն Հովհաննիսյանին։ Անցնենք առաջ։
Նման խայտառակություն թողարկելու Թեզ Երկրորդ։ Նիկոլի իշխանությունը դեռ ամեն կերպ փորձում է քսմսվել Արևմուտքին, չնայած աշխարհաքաղաքական տիրույթում տիրող հեղհեղուկ ու անկանխատեսելի իրավիճակին։ Այդ իսկ պատճառով հաղորդման հյուր տիկինը հայտարարում է, թե միֆ է, որ Արևմուտքը առանցքային դերակատարություն չի ունեցել այդ հաղթանակում։ Ունեցել է, ըստ նրանց, դեռ մի բան էլ ավելի՝ Արևմուտքն ու Ամերիկան են հաղթանակի դրոշակակիրները, իսկ մնացյալը` հատկապես Հայաստանը քոռ ու փուչ են մնացել։ Այս Թեզ Երկրորդը՝ ինքնավստահ մարդու առոգանությամբ, ջանք է թափում հաստատել հաղորդման մեկ այլ հյուր, մի քաղաքագետ, ով «ջախջախում է այն միֆը», որ Կարմիր բանակը անկոտրում է։ Ասել է թե, Կարմիր բանակը հեչ բան էր, Կարմիր բանակը, որի մաս էիր կազմում հայկական դիվիզիաները, զինվորները, որոնք քոչարի պարեցին Рейхстаг-ի դիմաց։ Այսինքն, մենք կեղտ ենք նետում Կարմիր բանակի ու նրա մաս կազմած մեր հերոս նախնիների, մարշալների ու գեներալների վրա։ Դուք ո՞վ եք։
Նման խայտառակություն թողարկելու Թեզ երրորդ։ Այս հաղորդման միջոցող Նիկոլի քարոզչությունը փորձում է զուգահեռներ տանել Արցախյան երկրորդ պատերազմի, որտեղ Նիկոլը (որպես գերագույն հրամանատար) խայտառակ կապիտուլիացիայի ենթարկվեց ու Երկրորդ համաշխարհայինի միջև, որն ավարտվեց Ստալինի (որպես գերագույն հրամանատար) փայլուն հաղթանակով։ Պետրոսի և մյուսների հնչեցրած մտքերը հաղորդման տարբեր հատվածներում. «․․․մոբիլիզացիան հայտարարվում է մեկ օր ուշ…» ( մեղադրում ենք չէ՞ Նիկոլին մոբիլիզացիայի հարցում), «․․․մարդիկ գալիս են էշելոններով, որ գնան ֆրոնտ, երկաթուղին ասում էր` բայց կներեք մեր մոտ քաղաքացիական օրակարգ է…» ( մեղադրում ենք չէ՞ Նիկոլին կամավորներին անկազմակերպ թողնելու հարցում) «․․․մարդկանց հազարներով ու հայրուր հազարներով ուղարկում էին թնդանոթի միս դառնալու…» ( ուզում էիք, որ Նիկոլն է՞լ մերոնց թնդանոթի միս դարձներ։ Չէ։ Նա բարի է), «․․․Ստալինը իր ռազմագերիներին հետ չէր ընդունում, ասելով, որ նրանք դավաճաններ են․․․» (Իսկ Նիկոլը մեր ռազմագերիների նկատմամբ նման կերպ չի վարվում, բա), «․․․սեփական, վիրավոր զինվորներին` պատերազմից հետ եկած, Ստալինը պադվալներում պատերազմից հետո ոչնչացնում էր» ( իսկ Նիկոլը․․․)։
Ես առաջարկում եմ նայել այդ հաղորդումն ամբողջությամբ։ Ես հույս ունեմ, որ արժանի պատասխան կլինի պատմաբանների, քաղաքագետների և վետերանների սերունդների կողմից այդ խայտառակությանը, որտեղ ի արդարացում Հիտլերի մարդկության նկատմամբ ոճրագործության, հնչում են նման ստոր մտքեր ու թեզեր, ինչպիսիք են օրինակ. «…այլ երկրները որոշեցին օգնենլ Սովետին, որտեւ էդ երկիրը ուշ թե շուտ քանդվելու էր․․․», «…Էսօր չգիտեմ ինչու ռուսները գլուխ են գովում, ասում են՝ մեր դերը ամենամեծն ա, որտեվ ամենաշատ զոհը մենք ենք տվել․․», «… խորհրդային պատմության մեջ դա անվանում են Հայրենական պատերազմ, բայց մարդիկ չէին ուզում կռվել, արդյո՞ք այդտեղ գաղափարը հայրենիքի պաշտպանությունն էր դրված…», «…քսան տարի չէր նշվում Հաղթանակի տոնը, քանի որ ամոթ էր…», «…հայերի մասսայական կորուստները հատուկ քաղաքականության արդյունք էր, քանի որ Ստալինի վարչակազմը հատուկ ազգային փաքրամասնություններին էր տանում կոտորելու…»։
Քաղաքականություն, պրոպագանդա, հաց -ջուր, կնիկ-երեխա պահել-բան, ամեն ինչ հասկանալի է, բայց կան անցողիկ բաներ ու մնայուն բաներ, կան քննարկման ենթակա բաներ ու բաներ, որոնք քննարկելու դեպքում Ստալինը համապատասխան հրաման կարձակեր ու ճիշտ կաներ»։
Կարծիքներ