Վրացական կողմը պարզաբանել է՝ կատարվածը եղել է թյուրիմացություն

Վրացական կողմը պարզաբանել է՝ կատարվածը եղել է թյուրիմացություն

Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ Արեւմտյան Հայաստանից վերադարձող հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, անարգել անցնելով թուրքական անցակետը, որոշակի խնդիրների էր բախվել վրաց սահմանապահների հետ, որոնք պատվիրակության անդամներից շատերի անձնական իրերն էին բացել, օրինակ՝ Ռոլանդ Շառոյանին ստիպել էին անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը, իսկ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չէին տվել մտնել Վրաստան՝ պատճառաբանելով, թե նրա մուտքն արգելված է՝ «հակավրացական» պահվածքի համար։

Ի վերջո, տեղում իրավիճակը հարթվել էր, քանի որ խմբի անդամները կապվել էին Վրաստանում ՀՀ դեսպանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, եւ 2 ժամ հետո Մելքոնյանին թույլ էին տվել անցնել, բայց արգելելով հյուրընկալվել Ջավախքում ապրող բարեկամների տանը։
Այս միջադեպն ի՞նչ շարունակություն է ունեցել, վրացական կողմը որեւէ պարզաբանում տվե՞լ է իրեն, թե՞ հայտնվել է սեւ ցուցակում։

Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի համապատասխան կառույցների՝ արտգործնախարարության եւ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք հավաստիացրել են, որ կատարվածը թյուրիմացություն է եղել՝ տեխնիկական սխալի արդյունք։ «Այդ մասին Վրաստանում մեր դեսպանությունն իր պաշտոնական կայքէջում հայտարարություն էր տվել՝ վկայակոչելով վրացական աղբյուրները։ Որից հետո մեր ԱԳՆ-ն հարցում էր կատարել նաեւ

Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն, որը եւս հաստատել էր այդ լուրը, որ տեխնիկական սխալ է եղել, եւ խնդիրը լուծվել է։ Հիմա առաջիկայում տերյանական եւ ջիվանական օրերն են, չի բացառվում, որ ես գնամ, եւ ամեն ինչ տեղում կպարզվի։ Համենայնդեպս, չեմ կարծում, թե պաշտոնական մակարդակով հավաստիացումներից հետո, երբ չկա որեւէ խնդիր, սահմանի վրա խնդիր ծագի»,- ընդգծեց Մելքոնյանը։