Իլհամ եւ Ռեջեփ. երկու եղբայրական ապտակ Նիկոլ Փաշինյանին

Իլհամ եւ Ռեջեփ. երկու եղբայրական ապտակ Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի նախագահը չբավարարվեց Բաքվի զորահանդեսի ժամանակ պատերազմի ընթացքում ձեռք բերած հայկական ռազմավարի ցուցադրությամբ եւ 2020-ի նոյեմբերի 24-ին Շուշիում արված հայտարարություններով, թե «հայերը պատրաստ են վաճառել ամեն ինչ»։ Շուշի բերելով ադրբեջանական գործիչների կիսանդրիներ՝ բացահայտեց, որ դրանք կարողացել է գնել ներքին խողովակներով (այն ժամանակ, երբ 7 շրջանները գտնվում էին հայկական վերահսկողության տակ)։ Ապա հայերին անվանեց լեզուները կուլ տված առնետներ։ 

Թվում էր, թե Ալիեւի այս եւ այլ հայտարարությունները հայատյացության պիկն էին, բայց պատերազմից հետո մեկ տարի անց Իլհամ Ալիեւը ռուսական «Национальная оборона»-ին տված հարցազրույցում անձնապես ստորացնում է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ միայն Վլադիմիր Վլադիմիրովիչի խնդրանքով է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամանակ «ինչ-որ հավելյալ բաներ չեղան Փաշինյանի ստորացման» հետ կապված։

Նա նաեւ հայտարարեց, որ արդեն հայտ է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի եւ զինտեխնիկայի ձեռքբերման, եւ, առհասարակ՝ համագործակցությունն այդ ուղղությամբ Ռուսաստանի հետ զարգանալու է։ Բաց տեքստով ասաց նաեւ, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը ոչ միայն շատ վստահելի հարաբերություններ ու խորը փոխադարձ հարգանք ունեն, այլ նաեւ` «մեր նպատակները լիովին համընկնում են»։

Մեկ այլ ուշագրավ եւ ոչ պատահական նշում Ալիեւի կողմից․ որ 44-օրյա պատերազմում վճռորոշ դեր են ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հատուկ ստորաբաժանումները՝ իրենց հատուկ եւ արհեստավարժ օպերացիաներով։ Սա էլ նվաստացում է իշխանությանը մերձ տարբեր խմբերի մեկնաբանություններին, թե բա ինչ էիք ուզում, մեր դեմ ՆԱՏՕ-ի բանակն էր կռվում, թուրք գեներալները եւ առհասարակ՝ գրեթե 9 պետություն՝ Պակիստան, վարձկաններ եւ այլն։ 

Ի դեպ, այս հայտարարության հաջորդ օրը ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, առանց նախապայմանների։ Իսկ որ Թուրքիայի կրտսեր եղբայր Ալիեւը Հայաստանին, հայերին, լավ, Փաշինյանին նվաստացնող հայտարարություննե՞ր է անում։ Արմեն Գրիգորյանն էլ ասում է՝ մենք հարաբերությունները կարգավորվում ենք Թուրքիայի հետ. «Եվ պետք է տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ հարաբերությունների միջեւ»։ Ինչպես կասեր դասականը՝ իյա՞, իրոք։ Պատերազմի ժամանակ Թուրքիան կողմ էր, մեր դեմ կռվող 8 պետություններից մեկն էր, հիմա ո՞չ։

Ի դեպ, ըստ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի, մի ապտակ էլ Նիկոլ Փաշինյանին հասցրեց Էրդողանը՝ նախ գաղտնազերծելով  Վրաստանի վարչապետի միջոցով փոխանցված Նիկոլ Փաշինյանի հանդիպելու առաջարկը (դրանով շատ անհարմար դրության մեջ դնելով նաեւ Վրաստանի վարչապետին), ապա ասաց, որ խաղաղության եւ կոմունիկացիաների հարցերը կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Հակոբյանի, Էրդողանն ասաց` շատ լավ, Նիկոլ, «մենք այդ բազարը կանենք քո ռազմավարական դաշնակցի հետ, նա ոնց կասի, կանես, իսկ Նիկոլն էլ, դիմելով Էրդողանին, իբրեւ թե նույն բանն էր անում, որ Ադրբեջան, եթե քո պապան Թուրքիան է, ես ուղղակիորեն Թուրքիայի հետ կխոսեմ։ Պարզապես նա մի բան չէր հաշվի առել, որ իր ու Էրդողանի տրամաչափերը տարբեր են»։

Ի դեպ, մի շատ կարեւոր բառի մասին էլ, որը գուցեեւ բացատրում է, թե ինչու Էրդողանն այդպես կոպիտ վարվեց նաեւ Հայաստանի եւ թուրքական 2 պետությունների միջեւ միջնորդի դեր ստանձնելու հայտ ներկայացրած Վրաստանի վարչապետի հետ։ Էրդողանը, խոսելով պատերազմի ավարտից հետո իր համար իդեա-ֆիքս դարձած «6-ի պլատֆորմի» մասին, օգտագործեց «5-ի, թե 6»-ի բառակապակցությունը։ Իսկ մենք հիշում ենք, որ այդ «6»-ի մեջ մտնում էին Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը եւ 6-րդը՝ Վրաստանը, որը 2008 թ․ ռուս-վրացական պատերազմից հետո ՌԴ-ի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, բնականաբար, չի կարող, չի ուզում եւ ամեն կերպ դիմադրում է ռուսների հետ մեկ հարթակում լինելուն։