Բազեյանը շարունակում է պնդել, որ ինքը ոչ մի կապ չունի Փաշինյանի դեմ «մահափորձի» հետ

Բազեյանը շարունակում է պնդել, որ ինքը ոչ մի կապ չունի Փաշինյանի դեմ «մահափորձի» հետ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Բազեյանի պաշտպանի բողոքը, այսինքն՝ նա շարունակելու է մնալ կալանքի տակ,- հայտնեց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին փոխնախագահ Բազեյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա մի քանի այլ անձանց հետ միասին, մահափորձ է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Բողոքի քննությունը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին, ով այն մերժել է։ Մխիթարյանը, հիշեցնենք, ԲԴԽ անդամի իշխանական թեկնածուն էր` Կարեն Անդրեասյանի ցանկալի անձը, սակայն Դատավորների ընդհանուր ժողովը նրան չընտրեց։ Հարցին, թե այս ընթացքում Բազեյանի նկատմամբ քննչական- դատավարական ինչ գործողություններ են կատարվել, պաշտպանը պատասխանեց․

«Որևէ գործողություն չի կատարվել, միջնորդություն ենք ներկայացրել` բավարարվել է մեր միջնորդությունը, սպասում ենք գործողությունների։ Միջնորդել ենք, որ առերեսումներ կատարեն և մի շարք հանգամանքներ պարզեն։ Ըստ էության, իրենք են որոշում, թե երբ են գործողություն անելու, մենք սպասում ենք, որ գործողության օր նշանակեն։ Մենք միջնորդել ենք, որ գործում եղած վկաների հետ առերեսում կատարվի»,- պատասխանեց պաշտպանը։

Մելիքյանը նշեց, որ Բազեյանի դիրքորոշումը՝ իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, անփոփոխ է մնացել․ «Բազեյանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինքը ոչ մի առնչություն չունի»,- ասաց պաշտպանը։ Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթ է այնքանով, ինչքանով որ դրանք հասանելի են դարձել իրեն` խափանման միջոցի հարցը քննելիս, եկել է մի եզրակացության․ «Պարոն Բազեյանի նկատմամբ որևէ ապացույց չկա, բացառությամբ ինչ-որ մեկի ցուցմունքի, որ` ինքը լսել է, որ Բազեյանն է, բայց ինքը ոչ տեսել է, ոչ խոսել է, ոչ էլ գիտի՝ դա ճի՞շտ է, թե՞ չէ»,- ասաց պաշտպանը։