Ինչո՞ւ իշխանությունը ոչինչ չի անում ԶՊՄԿ-ի աշխատանքը վերականգնելու համար

Ինչո՞ւ իշխանությունը ոչինչ չի անում ԶՊՄԿ-ի աշխատանքը վերականգնելու համար

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեսախցիկների առջեւ, ուղիղ եթերում այսօր ստեց։ Երեկ մենք գրել էինք, որ ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջեւ Քաջարանի պոչամբար կոչվող հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել, բախվել են ցուցարարները եւ գործադուլին չմիացածները: Բանը հասել է նրան, որ ցուցարարները ավտոմատներով եւ դանակներով հարձակվել են գործադուլին դեմ արտահայտված քաղաքացիների վրա։ Մենք գրել էինք, որ կան դանակահարվածներ։ Ոստիկանությունը հաստատել էր, որ ծեծկռտուքի մասնակիցներից 8 հոգի բերման է ենթարկվել։

Այսօր «Հրապարակ»-ը Պապոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտածում իշխանությունը ԶՊՄԿ-ում 7 օր շարունակվող գործադուլի մասին, որն արդեն վերածվել է քաղաքացիական բախումների, ի՞նչու որեւէ քայլ չեն ձեռնարկում երկրի թիվ մեկ հարկատուի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։ Պապոյանն ասաց, թե ինքը մամուլից է լսել միջադեպի մասին, եւ ըստ իր տեղեկությունների՝ դեպքը գործադուլի հետ կապ չունի։ Երբ պնդեցինք, որ միջադեպը աշխատակիցների միջեւ է եղել հենց գործադուլի թեմայով, ասաց․ «Իրար ճիշտ հասկանանք, միջադեպի մեկնաբանությամբ ես չպիտի զբաղվել»։ Ապա նշեց, թե մտահոգ են գործադուլով եւ ուզում են, որ օր առաջ վերականգնվի կոմբինատի աշխատանքը։ Իսկ ի՞ նչ են անում դրա համար` ոչինչ։

«Կարծում եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։ Պետության խնդիրն է ստեղծել ինստիտուտներ, մասնավորապես արհմիություններ, որոնց միջոցով կարողանան մարդիկ եւ կազմակերպությունները պաշտպանեն իրենց իրավունքները, համատեղ բանակցությունների միջոցով գան լուծումների»,- իր ղեկավարի ոճով փիլիսոփայեց էկոնոմիկայի նախարարը:
Շատ կասկածելի է իշխանության «մտահոգությունը» ԶՊՄԿ-ի շարունակվող գործադուլի մասով։ Պատկերացրեք` եթե  կառավարության անդամներին փոխկապակցված արտադրություններում 5 հոգի որոշեն գործադուլ անել՝ ինչ կկատարվի։ Կարմիր բերետների զինված հրոսակախումբը անմիջապես բերման կենթարկի գործադուլ անողներին, վերջիններս շատ արագ կազատվեն աշխատանքից։ Գուցե կասեն՝ կառավարության ի՞նչ գործն է՝ ԶՊՄԿ-ում ինչ է կատարվում։ Հիշենցնենք, որ կառավարությունը կոմբինատի 21 տոկոսի փայատերն է, այնտեղ ունի ներկայացուցիչ՝ ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը։ Եվ կոմբինատը թիվ մեկ հարկատուն է, ըստ Փաշինյանի` երկրի թիվ 1 հերոսը: Ուստի իշխանությունը շատ ուղիղ կապ ունի կոմբինատի հետ, եւ կարող է ու պարտավոր է մասնակցել խնդրի լուծմանը:

Հիշեցնենք, որ երեկ գրել էինք՝ ԶՊՄԿ-ում 6 օր շարունակվող բողոքի ցույցերը վերածվել են մարտաֆիլմի։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ այսօր մի խումբ անձանց միջեւ բախում է եղել: Գործադուլ անողները հարձակվել էին գործադուլը դադարեցնելու կողմնակիցների վրա: Հարձակվողների մեջ է նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու անդամներից մեկը: Կան տուժածներ։
 
Մանրամասները` տեսանյութում