«Լուսավոր Հայաստանի» Գագիկ Ծառուկյանն էլ ինքն է

«Լուսավոր Հայաստանի» Գագիկ Ծառուկյանն էլ ինքն է

Ազգային ժողովի ամենափոքր ու քյասիբ խմբակցությունում՝ «Լուսավոր Հայաստանում, պարզվում է՝ կան պատգամավորներ, որոնց համեստ ու ինտելիգենտ կերպարի տակ մի իսկական բարեգործ է թաքնված, համարյա օլիգարխիկ չափանիշներով, գրեթե Ծառուկյանի նման։ Կարելի է ասել՝ մինիծառուկյաններ կան «Լուսավոր Հայաստանում», օրինակ՝ իրավաբան պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որն իր աշխատավարձը չի ստանում, այլ փոխանցում է հարազատ Լոռու մարզում ֆեստիվալների կազմակերպմանը։ Նա էլ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հորդորով որոշել այս ամիս դեռ չստացած իր պարգեւավճարը փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված միասնական հաշվեհամարին։ Սիմոնյանը, սակայն, որն իր աշխատանքով թերեւս ամենաշատն է արժանի պարգեւատրման, ցավոք, չգիտի, թե ինքն ու իր գործընկերներն ինչի դիմաց են ամեն ամիս պարգեւավճար ստանում։

«Անցած ամսվա պարգեւավճարն անձամբ եմ փոխանցել, էս ամսվանն էլ ասել եմ, որ ինձ չփոխանցեն, այլ միանգամից փոխանցեն էդ հաշվեհամարին։ Մոտ 140 հազար է կազմում, բայց ես 150 հազար եմ փոխանցել»,- մեզ հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը։

- Իսկ Ձեր կատարած ո՞ր աշխատանքի համար եք ամեն ամիս պարգեւավճար ստանում։

- Դա արդեն պիտի հարցնեք Ազգային ժողովի նախագահին, որովհետեւ փոխանցողն ինքն է։

- Չէ, Դուք իրավաբան եք, եւ հատկապես հենց դրա համար եմ Ձեզ հարցնում, որպես իրավաբան՝ Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե Ձեր կատարած որ աշխատանքի դիմաց եք լրացուցիչ վարձատրվում։

- Դե, տեսեք, ենթադրում եմ, որ օրենսդրական նախաձեռնությունների քանակի, ակտիվ աշխատանքի ուղղությամբ պարգեւավճար է։ Բայց դա գործատուին պետք է հարցնեք։

- Բայց բոլոր պատգամավորներն են ստանում, այդ թվում՝ Ձեր խմբակցության եւ մյուս խմբակցությունների անհայտ պատգամավորները։

- Մեր խմբակցությունում անհայտ պատգամավորներ չկան, մեր բոլոր պատգամավորներն էլ, եթե ուշադիր լինեք, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնում են, բոլորն էլ ելույթներ ունենում են, ու չկա մի պատգամավոր, որ պատգամավորական ակտիվություն դրսեւորած չլինի։

- Պարոն Սիմոնյան, նախկինում նման բան չի եղել։ Հիմա նորմա՞լ է, որ պատգամավորներն ամեն ամիս պարգեւատրվում են։

- Ես տեղյակ չեմ նախկինից, ճիշտն ասած։ Ճիշտն այն է, որ անձը պարգեւավճար ստանա միայն այն ժամանակ, երբ որ կատարել է կոնկրետ աշխատանք, եւ դա լինի որպես խրախուսանքի միջոց։

- Բոլորս դժգոհում ենք կառավարության անդամների պարգեւավճարներից, բայց պարզվում է՝ խորհրդարանն էլ դրանից հետ չի մնում, եւ սա, կարծես, օրինական թալանի պես մի բան է դարձել։

- Ամեն դեպքում, պարգեւավճարը՝ որպես իրավաբանական եզրույթ, ենթադրում է, որ կոնկրետ գործողության համար՝ լավ աշխատանքի համար պետք է անձը պարգեւավճար ստանա։

- Հիմա Դուք ամեն ամիս լա՞վ եք աշխատում։

- Էդ արդեն գործատուին պիտի հարցնեք։ Ես իմ տեսանկյունից ասեմ․ քանի որ այն գումարը, որ ինձ տալիս է Ազգային ժողովն իմ կենսապահովման համար, ես դա ուղղում եմ հիմնականում Լոռու մարզում միջոցառումների կազմակերպմանը։ Եվ ես երեւի թե վերջին շրջանում աշխատավարձից մի փոքր էլ ավել ուղղորդել եմ Լոռու մարզում ռոքի միջազգային փառատոնի կազմակերպմանը։

- Կներեք, իհարկե, այդ դեպքում ինչո՞վ եք ապրում, լրացուցիչ եկամո՞ւտ ունեք։

- Ես ունեմ իրավաբանական գրասենյակում արժեթղթեր եւ այդ արժեթղթերից գումար եմ ստանում։ Դուք գիտեք, որ, որպես սեփականություն, պատգամավորն իրավունք ունի ունենալ արժեթղթեր, դրանից գումար վաստակում եմ։

- Հիմա Ձեզ մոտ ՝որպես ընդդիմադիրի եւ իրավաբանի, որը, վստահ եմ՝ մտահոգ է բյուջեի միջոցների օպտիմալ բաշխմամբ, հարց չի՞ առաջանում տալ այդ Ձեր նշած գործատուին, որը, իրականում, Ձեր գործատուն չէ, այլ ընդամենը ԱԺ նախագահն է, թե ինչի համար է Ձեզ ամեն ամիս պարգեւատրում։

- Մենք էդ հարցը, քանի որ անընդհատ մեզ մոտ առաջացել է եւ առաջանում է, չենք կարող էդ հարցը կոնկրետ այսպիսի առանձին ձեւով բարձրաձայնել, բայց քանի որ մեզ գումարը գալիս է, մենք դա ուղղորդում ենք բարեգործությանը եւ միջոցառումների կազմակերպմանը։ Բայց Դուք չեք լսել մեր բոլոր ելույթները, բազմիցս ասել ենք, որ պարգեւավճարների ինստիտուտը պետք է նպատակային կիրառվի։ Եթե դուք ուզում եք կիրառել պարգեւավճարի ինստիտուտը, պարզապես աշխատավարձ բարձրացրեք։ Պետական ոլորտում աշխատողները շատ ցածր աշխատավարձ են ստանում։ Օրինակ՝ քաղծառայողները մոտ 250 հազար են ստանում, պատգամավորների աշխատավարձը մոտ 460 հազար դրամ է։ Իրականում, հաշվի առնելով էսօրվա մեր սոցիալական պայմանները, սա համարվում է միջինից բարձր աշխատավարձ։ Բայց, միեւնույն ժամանակ, պետական ծառայողի համար այս աշխատավարձը գայթակղիչ չէ, դրա համար շատ լավ մասնագետներ չեն ուզում դառնալ ո՛չ պատգամավոր, ո՛չ կառավարության անդամ, ո՛չ էլ պետական ծառայող։

- Բայց պատգամավորի աշխատանքը հարստանալու միջոց չպիտի լինի, այն էլ հետհեղափոխական Հայաստանում նույնիսկ սեփական կաշվից ելնելով՝ ազգի խնդիրները լուծելու մանդատ է դա։

- Միանշանակ, մենք էլ ենք էդ կարծիքին, եւ եթե ես չունենայի իմ արժեթղթերից եկող եկամուտը, չէի պատկերացնում՝ էս գումարով ոնց պետք է կարողանայի իմ կենսապահովումն ապահովել։

- Իսկ մենք դրանից էլ ցածր աշխատավարձով ինչպե՞ս ենք ապահովում։

- Դե, տեսեք, Դուք պատգամավոր չեք, Ձեր ծախսերն ավելի քիչ են։ Պատգամավորը, հատկապես ռեյտինգային ընտրակարգով ընտրված, ինչպիսին ես եմ, շատ ծախսեր է կատարում, որի միջոցով նաեւ փորձում է օգտակար լինել այն համայնքին, որտեղից ընտրվել է։ Այսինքն՝ ծախսերի եւ եկամուտների հարաբերակցությունը պետք է հասկանանք։

- Բայց Դուք Ձեր գրպանից Ձեր համայնքի համար ծախս անելու գործառույթ կամ պարտավորություն չունեք, Ձեր գործառույթն օրենսդրական նախագծերով համայնքին օգնելն է։

- Էդ միանշանակ արվում է, բայց դա նվիրատվություն է, օրինակ՝ տեսեք, ես կազմակերպում եմ Լոռու մարզում Լոռու միջազգային ռոք փառատոն, եւ քանի դեռ որեւէ տեղից որպես աղբյուր ֆինանսական չեմ ներգրավել, ես իմ միջոցներն եմ էդ փառատոնի համար ծախսում։ 

- Փաստորեն, զուգահեռ բարեգործությամբ եք զբաղվում՝ որպես պատգամավոր։

- Բարեգործություն չէ, կոնկրետ էդ ծրագիրը․․․ կարելի է նաեւ դրա ներքո անել, բայց մարզի զարգացմանն է ուղղված, փորձում եմ օգտակար լինել։

- Ձեր մարզի Գագիկ Ծառուկյանն էլ Դուք եք, փաստորեն։

- Դե, էդքան չեմ կարողացել, բայց իմ ուժերի ներածի չափով ուզում եմ օգտակար լինել։