«Հրապարակ». Բոլոր տարաձայնությունները հարթվել են, կողմերը եկել են կոնսենսուսի

«Հրապարակ». Բոլոր տարաձայնությունները հարթվել են, կողմերը եկել են կոնսենսուսի

Հատիս լեռան գագաթին 44 մետրանոց պատվանդանի վրա 33 մետրանոց Հիսուսի արձանը կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը հեշտ ուղի չանցավ: Տարբեր կողմերից քննադատություններ հնչեցին, եւ անգամ Էջմիածինը փորձեց դեմ արտահայտվել` մոռանալով, որ Քրիստոսի արձան Հայաստանում արդեն կա տեղադրված, եւ դրան իրենք ժամանակին դեմ չեն եղել: Ֆեյսբուքյան տարբեր ֆեյքեր սկսեցին հորդորել Ծառուկյանին` սահմանը կառուցիր, բանակը զինիր, գործի մեջ մտան ազգագրագետներն ու պատմաբանները, թե Հատիս լեռան այդ հատվածում հնավայր կա եւ այլն: Բայց Ծառուկյանը որոշել էր, որ Քրիստոսի ամենամոնումենտալ արձանը պետք է կառուցի աշխարհում, եւ համառորեն սկսեց իր նախագիծը կյանքի կոչել:

Օրեր առաջ տեղեկացանք, որ արձանն արդեն գրեթե պատրաստ է։ Լեռան գագաթին շինարարությունը սկսվել էր դեռեւս 2022-ի ամռանը։ Երեկ լրագրողների փոքր խմբին շրջայցի էին տարել այն արվեստանոցը, որտեղ պատրաստվում է արձանը: Դավթաշեն վարչական շրջանի ծայրամասում՝ Զովունիում է աշխատում Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի հաղթող քանդակագործը՝ Արմեն Սամվելյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ միասին այցելեց քանդակագործի արվեստանոց՝ տեղում հասկանալու, թե ինչ փուլում է արձանի կառուցումը, ինչ տեսք ունի այն։ «Կառուցման հարցի շուրջ քննարկումներ եղել են եկեղեցու հետ, ես ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն եմ կառուցում՝ բարձրաձայնելու, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ես եկեղեցիներ կառուցող, հավատքով մարդ եմ: Կառուցել եմ յոթ եկեղեցի, 20-ից ավելի վերակառուցել եմ, հիմա վերակառուցում եմ Հրազդանի Մաքրավանք եկեղեցին, որն այս տարի նորից կբացվի: Աշխարհով մեկ, որտեղ հարց է եղել, աջակցում եմ, օգնում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հիսուսի արձանի կառուցման աշխատանքներին, մասնավորապես հարցին, թե արդյո՞ք միանշանակ է արձանի կառուցման հարցում եկեղեցու դիրքորոշումը։

2022-ին, հիշեցնենք, ԿԳՄՍՆ-ից հորդորել էին՝ դադարեցնել արձանի կառուցումը Հատիսի գագաթին, հետո այս կառույցի հետ հարցերը կարգավորվեցին։ Հետագայում նախարարությունն ընդունելի էր համարել Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը, միայն պահանջում էր դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում՝ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը եւ մասնագիտական ուսումնասիրությունը։
Հայ առաքելական եկեղեցին էլ հետագայում զիջեց դիրքերը` կողմերն այժմ կոնսենսուսի են եկել, հաշտվել Հիսուսի արձանը Հատիս լեռան գագաթին տեղադրելու գաղափարի հետ։ Հիսուսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ հանձնախմբի աշխատանքների մեկնարկին ստացել են նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ «Մեր առաջին նիստերի ժամանակ այն մեզ է փոխանցել Տեր Ասողիկը։ Հետո եղան տարակարծություններ, որոնք արդեն հարթվել են: Հարթվել են նաեւ կառավարության եւ ԿԳՄՍՆ-ի հետ եղած տարաձայնությունները։ Այս նախագծի արդյունքում էր, որ հայտնաբերված հնավայրերն ավելի մանրազնին ուսումնասիրվեցին: Նախագծի մեջ է մտնում նաեւ այդ հնավայրերի թեթեւակի վերականգնումն այն աստիճանի, որ կարողանանք դրանք ցուցադրել»,- նշեց նա:

Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում ասաց, որ «Գագիկ Ծառուկյան հիմնադրամն» ու նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, իսկ նախնական նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: «Խնդիրը ծագել էր ամրոցների հետ կապված, որը մենք, պայմանավորվածության համաձայն, ուսումնասիրել ենք, հայտնաբերել ենք։ Ես ասել եմ, որ պատրաստակամ եմ դրանք վերակառուցել։ Այդ հնավայրն ավելի մեծ պատմություն ունի, տուրիզմի առումով էլ է հետաքրքիր, մարդիկ կգան, կտեսնեն ե՛ւ դա, ե՛ւ արձանը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ Ե՞րբ արձանը կտեսնենք Հատիս լեռան գագաթին․ ԲՀԿ առաջնորդը կոնկրետ ժամկետներ չնշեց, միայն ասաց՝ Հիսուսի արձանն ամենալավը կլինի։