Երկակի չափանիշներ

Երկակի չափանիշներ

«Յուրային-օտար» տարբաժանումը մարդկային ցեղի գոյության առաջնային հատկանիշներից է: Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց, այդ երկու շրջանակների սահմանները լայնացան: Միաժամանակ «յուրային-օտար» տարբաժանումը լրացվեց երկակի չափանիշների կիրառման երեւույթով: Ըստ այդմ էլ կյանքի կոչվեց սեփական համայնքի անդամի կամ գաղափարակից համակրի եւ այլոց նկատմամբ վերաբերմունքի՝ համարյա 180 աստիճանով տարբերությունը: Նույնը կարող ենք ասել շահերի համընկնման կամ չհամընկնման դեպքերի առումով:

Սակայն առօրյա պայմաններում մենք կարող ենք նույնիսկ չզգալ այդ տարբերությունը: Իսկ ֆորսմաժորային կամ առօրյայից դուրս այլ իրավիճակներում մենք դա նկատում ենք ու դրանից նույնիսկ մեզ վատ ենք զգում: Եվ նման զգացողությունն առկա է ինչպես անհատական, այնպես էլ խմբային կամ հանրույթի ու ազգային մակարդակներում: Նման բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կրկին ու կրկին մենք դարձել ենք երկակի չափանիշների կիրառման օբյեկտ ու խելքի չենք եկել: Իսկ խելքի գալը նշանակում է պատրաստ լինել նման վերաբերմունքի, որպեսզի անակնկալի չգաս այդ պահին՝ ընկնելով ընկճախտի մեջ: 

Վերջին անգամ ազգովի դրա տհաճությունը զգացինք անցյալ տարվա պատերազմի օրերին, երբ բախվեցինք, այսպես կոչված, ժողովրդավարական Արեւմուտքի կողմից այդ երեւույթի կիրառմանը: Հիշելն է նույնիսկ տհաճ՝ նույն Արեւմուտքի կողմից ողջունված 2018-ի «ժողովրդավարական հեղափոխությունն» ու Ադրբեջանի նավթագազային պաշարները դրվեցին նույն հարթության վրա: Հավասարազոր վերաբերմունքի արժանացան Արցախի բազմաթիվ բնակավայրերի հրետակոծումներն ու Ադրբեջանի մեկ կամ երկու բնակավայրի մեկանգամյա հրետակոծումը ու որպես դրա հետեւանք՝ մարդկային կորուստները: Շատ ավելի տհաճ էր այն պահը, երբ արցախյան բազմաթիվ զոհերի մասով ժողովրդավարական Արեւմուտքն ավելի պակաս ուշադրություն դարձրեց, քան Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կասկածելի թունավորման պատմությանը:

Որպես 2020 թվականի պատերազմում պարտված կողմ, որն անարդարացիորեն արժանացել է նման վերաբերմունքի, մենք, որպես հավաքականություն, չպետք է մեր ներսում թույլատրեինք նման երեւույթ: Բայց արի ու տես, որ հայաստանյան հանրությունն անընդհատ բախվում է պարտության խորհրդանիշ Նիկոլի իշխանության կողմից երկակի չափանիշների կիրառման երեւույթին: Խոսքը պատերազմի ապաշնորհ կամ դավաճանական ղեկավարման պատճառով հազարավոր զոհերի ու մեծ տարածքների կորստի եւ Արարատ Միրզոյանի նկատմամբ իբրեւ թե մահափորձի համադրման մասին է: Հիշեցնեմ․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, կառավարություն մուտք գործած ամբոխի կողմից բռնության ենթարկեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ 

Ստացվում է, որ տարածքային կորուստներն ու թեկուզ 4 հազար (պաշտոնապես) զոհերը, նիկոլական ուսապարկերի կարծիքով, հավասարազոր են մեկ անձի՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձին: Ինչ է դա, եթե ոչ երկակի չափանիշների կիրառման երեւույթ մեր հանրության ներսում: Ի դեպ, կարծում եմ, որ Միրզոյանի նկատմամբ որեւէ մահափորձ չի եղել. այն ընդամենը խմբակային ծեծ էր՝ խուլիգանություն: Հատկապես որ բռնությունը սիմվոլիկ բնույթի էր՝ ուղղված էր ոչ թե կոնկրետ Միրզոյանի, այլ Փաշինյան Նիկոլի իշխանության դեմ: Ուղղակի, ինչպես ասվում է, Արարատ Միրզոյանը հայտնվեց սխալ տեղում սխալ պահին. նա հայտնվեց եռակողմ հայտարարության ստորագրման դեմ բողոքի ելած ամբոխի տեսադաշտում: