Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններին մեր կողմ կամ դեմ լինելը կարեւոր չէ
Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների մասով ԿԳՄՍ-ն որեւէ կարծիք չի հայտնել, այդ մասին այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարարը, նշելով, որ դեռեւս չկա հրաման․ «Կառավարությունը չի հաստատել ընտրության արդյունքները։ Դա չի նշանակում, որ մենք կողմ ենք կամ դեմ։ Մեր կողմ կամ դեմ լինելը այստեղ կարեւոր չէ։ Այստեղ որոշակի հարցեր կան, կուսումնասիրվի եւ կտրվի պատասխան։ Նախարարությունը պետք է քննարկի համապատասխանում է գործընթացը կարգին, թե` ոչ, կառավարությունն էլ պետք է դա հաստատի կամ չհաստատի»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները շարունակում են վիճելի մնալ։ Օրեր առաջ կայացած ռեկտորի ընտրության 2-րդ փուլն ավելի մեծ խնդիրներ առաջացրեց, քանի որ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը հրաժարվեց արձանագրել մի քանի քվեաթերթիկների վավերականությունը եւ դուրս եկավ հաշվիչ հանձնաժողովի կազմից։ Դրանից հետո հաշվիչ հանձնաժողովը գործեց առանց նախագահի եւ 3/2 հարաբերակցությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրեց ռեկտորի քվեարկության արդյունքները։ Սակայն մրցույթից հետո պարզվեց, որ քվեարկության արդյունքները ստորագրել է հաշվիչ հանձնաժողովի ոչ թե երեք անդամ, այլ ընդամենը՝ երկու, որից հետո նոր գործընթաց է սկսվել բուհում։ Ռեկտորի պաշտոնին հավակնող նախկին 5 թեկնածուները պատրաստվում են դատարանում վիճարկել ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները։
Կարծիքներ